ԹեհրանՀամայնք

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ ներկայացւեց՝ «Աշխարհը շուռ է եկել» բեմադրութիւնը

Մշակոյթի անբաժանելի եւ կարեւորագոյն տարրերից է թատերական ներկայացումը, որը միշտ իր ուրոյն տեղն է ունեցել իրանահայ եւ ի մասնաւորի թեհրանահայ բեմերում:

Այս առումով կարեւոր տեղ է զբաղեցրել Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը: Թւականիս հոկտեմբերի 30-ին եւ 31-ին միութեան «Յովհ. Թումանեան» սրահում իւրայատուկ աշխուժութիւն էր տիրում եւ գեղեցիկ մտայղացմամբ առաջին շարքերը զբաղեցրել էին մեր փոքրիկները, որոնք նաեւ ուղղակի կապ էին հաստատում դերակատարների հետ:

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Գեղարդ» թատերախումբը, Անի Զաքարեանի բեմադրութեամբ ներկայացրեց «Աշխարհը շուռ է եկել» բեմադրութիւնը: Մի բեմադրութիւն, որը հանդիսատեսին պատգամում էր բարութեամբ շուռ տալ աշխարհը, եւ նշում որ չարը եւ չարութիւնը չեն կարող դառնալ տեւական: Ներկայացման դերակատարները հետաքրքիր ձեւով էին ներկայացւում հանդիսատեսին եւ իւրաքանչիւրը իբր մի հանրակառքի ուղեւոր ծանօթացւում էր ներկաներին:

Դերակատարները, որոնք հանդէս եկան մոխրոտիկի, կախարդի եւ տարբեր կենդանական կերպարներ ներկայացնող, յատկապէս բնութեան մէջ իրար թշնամիներ համարւող շուն ու կատւի եւ մկնիկի դերերում ներկայացրեցին՝ Լիաննա Սեփառուքը, Մարիաննա Միրզայեանը, Վանեսա Իսաւին, Մոնթէ Սաւադեանսը, Ալեքօ Յարթինը, Էրիկա Իսաւին եւ Անի Յովհաննիսեանը: Նրանցից իւրաքանչիւրը իր դերը ներկայացնում էր այնպէս, որ գերել էր նոյնիսկ փոքրիկ հանդիսատեսին:

Ներկայացման զգեստաւորման պատասխանատուն էր՝ Ալիսոն Մարտինը, լոյսի եւ ձայնի պատասխանատուն՝ Էլենի Առաքելեանը, բեմայարդար՝ Արմէն Զարգարեանը, երգիչներ՝ Անի Յովհաննիսեանը, Էրիկա Իսաւին եւ Մարիաննա Միրզայեանը, աֆիշը պատրաստել էր Անի Յովհաննիսեանը, իսկ օժանդակներն էին՝ Մելինա Սադեղին եւ Ժորժիկ Իսաւին:

Միջոցառման աւարտին բեմայարթակ հրաւիրւեց միութեան վարչութեան նախագահ Վազրիկ Յակոբեանը: Իր ելոյթի ընթացքում նա գնահատանքով անդրադարձաւ «Գեղարդ» թատերախմբի ներկայացման մասին եւ ընդգծեց, որ Անի Զարքարեանի բեմադրութեամբ ներկայացումը անցնող երկու օրերին մեծ խանդավառութիւն է ստեղծել հանդիսատեսի եւ ինչու ոչ միութեան շրջագծում եւ տարիների ընդմիջումից յետոյ միութեան բեմը զարդարւել է ներկայացումով:

Վերջում նա գնահատեց բոլոր դերակատարներին:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button