Այլ

Քնի ապնոէի եւ անքնութեան համադրութիւնը ճանաչւել է որպէս հիպերտոնիայի ամենաուժեղ ռիսկի գործօնը

Գէոթեբորգի գիտնականները պարզել են, որ բարձր արեան ճնշման ամենաբարձր ռիսկը նկատւում է այն մարդկանց շրջանում, ովքեր միաժամանակ տառապում են ե՛ւ քնի ապնոէից (վիճակ, որի դէպքում շնչառութիւնը քնի ընթացքում ժամանակաւորապէս` 5 վայրկեան կամ աւելի կանգ է առնում -խմբ.) ե՛ւ անքնութիւնից:

Հետազօտութիւնն անցկացւել է շւեդական խոշորագոյն SCAPIS նախագծի շրջանակում, իսկ դրա արդիւնքները հրապարակւել են Annals of the American Thoracic Society հանդէսում:

Հիպերտոնիան վաղուց համարւում է սրտի կաթւածի եւ ուղեղի կաթւածի ռիսկի բարձրացման հիմնական գործօն: Դրա պատճառները կարող են տատանւել աւելորդ քաշից եւ սթրեսից մինչեւ երիկամների հիւանդութիւն: Յայտնի է, որ քնի ապնոէն բարձրացնում է արեան ճնշումը, բայց հիմա, առաջին անգամ, ցոյց է տրւել, որ երկու քնի խանգարումների համադրութիւնը անվերահսկելի հիպերտոնիայի յատկապէս լուրջ վտանգ է ստեղծում:

Քնի ապնոէն քնի ընթացքում շնչառութեան կրկնւող դադար է, որը յանգեցնում է թթւածնի պակասի եւ քնի ռեժիմի խանգարման: Անքնութիւնը, որը սահմանւում է որպէս քնելու խրոնիկական դժւարութիւն, յաճախակի արթնացումներ կամ առաւօտեան շատ վաղ արթնացում, տարածւած խնդիր է: Հետազօտութեանը մասնակցել են միջին տարիքի գրեթէ չորս հազար պատահականօրէն ընտրւած չափահասներ: Բոլորը ենթարկւել են հետազօտութիւնների, ներառեալ՝ տանը արեան ճնշման չափման եւ գիշերային քնի ուսումնասիրութեան։ Մասնակիցները բաժանւել են չորս խմբի՝ նրանք, ովքեր քնի խնդիրներ չունէին, նրանք, ովքեր միայն անքնութիւն ունէին, նրանք, ովքեր միայն քնի ապնոէ ունէին եւ նրանք, ովքեր երկու հիւանդութիւնների համադրութիւն ունէին։ 140/90-ից բարձր արեան ճնշումը բարձր էր համարւում։

Արդիւնքները ցոյց են տւել, որ բարձր արեան ճնշում նկատւել է միայն անքնութիւնից տառապող մարդկանց 4,5 տոկոսի, քնի ապնոէ ունեցողների գրեթէ ութ տոկոսի եւ երկու հիւանդութիւններից էլ տառապողների տասից աւելի տոկոսի շրջանում։ Հետազօտողներն ընդգծում են, որ, ամենակարեւորը, հէնց այս հիւանդութիւնների համադրութիւնն էր, որն ամենաուժեղ կերպով կապւած էր հիպերտոնիայի վտանգի հետ։ Դա բժիշկներին օգնում է նոյնականացնել այն բուժառուներին, որոնք աւելի մանրազնին մոնիթորինգի կարիք ունեն։

Այժմ լաւ քունը պաշտօնապէս ներառւած է սրտի պաշտպանութեան միջազգային յանձնարարականներում։ Սակայն այն մարդկանց համար, որոնք տառապում են ե՛ւ ապնոէից, ե՛ւ անքնութիւնից, միայն ապնոէի դէպքում օգտագործւող շնչառական դիմակը կարող է բաւարար չլինել. նաեւ քնի հիգիենայի եւ ճանաչողական վարքային թերապիայի վրայ աշխատանքներ են պահանջւում։

News.am

Related Articles

Back to top button