Բագրատ արք. Գալստանեան. «Այսօր գերnւթեան եւ պատանդառութեան մէջ է ողջ Հայաստանը՝ բոլոր շերտերով»

«ԱԼԻՔ» – «Սիրելիներ, նախ ցանկանում եմ իմ եւ 17 արդարների անունից շնորհակալութիւն յայտնել երէկւայ (նոյեմբերի 20-ին.-ԽՄԲ.) համախումբ աջակցութեան եւ զօրակցութեան համար՝ մեծապէս գնահատելով բոլոր նախաձեռնողներին, բանախօսներին եւ բոլոր մասնակիցներին»: Այս մասին կալանավայրից հրապարակած նամակում գրել է Բագրատ արք. Գալստանեանը։Լուրը հաղորդում է tert.am-ը:
«Յստակ է, որ այսօր գերութեան եւ պատանդառութեան մէջ է ողջ Հայաստանը՝ բոլոր շերտերով, հետեւաբար ձեր ցուցաբերած զօրակցութիւնը ոչ թէ մեր մասին է, այլ մեր երկրի ազատագրութեան: Այո՛, մենք գերեվարւած ենք եւ պատանդառւած թշնամու կողմից, բայց մեր հայրենիքն աւելին է քան մենք:
Երէկ դատարանում տեղի ունեցածը Լիդիա Մանթաշեանի եւ Մովսէս Շարբաթեանի նկատմամբ դրա վառ ապացոյցն է: Յատկապէս, Լիդիայի վերաբերեալ կայացրած որոշումով դատարանը եւս մէկ անգամ փաստեց իր հրահանգաւորւած եւ կամակատար լինելու մասին՝ եւս մէկ մեխ խփելով առկայ արդարադատութեան դագաղին:
Ինչ էլ որ անէք, ինչպէս էլ վարւէք միեւնոյնն է՝ այս պայքարը անվարան շարունակւելու է մինչեւ մեր երկրի կատարեալ ազատագրումը: Իսկ Լիդիան իր բարձր նկարագրով կայ եւ մնալու է այս ազատագրական պայքարի շղթայւած եւ յաղթանակող խորհրդանիշը: Իսկ կամակատարների եւ զրպարտողների մասին դարձեալ կրկնեմ. «Վա՜յ նրանց, ովքեր անարդար օրէնքներ են հաստատում, չար գործեր են արձանագրում եւ նրանց, ովքեր ճնշող որոշումներ են ընդունում»։ (հմմտ. Եսայի 10:1) Զօրացէ՛ք, սիրելի ժողովուրդ, մի՛ երկնչէք, մի՛ վախեցէք ոչնչից, որովհետեւ «մեր երազանքներն ու իղձերն աւելի մեծ են, քան մեր կեանքի օրերը»: Յաղթանակն այլընտրանք չունի»,-գրել է նա։



