Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Սուրէնեանց. «Ալիեւի յայտարարութիւնները Հայաստանի տարածքի փաստացի վերաձեւման վերաբերեալ պահանջ են»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր (դեկտեմբերի 5-ԽՄԲ.) կրկին յայտարարել է իբրեւ «Հայաստանից բռնի տեղահանւած ադրբեջանցիների վերադարձի իրաւունքի» մասին»։ Այս մասին գրել է քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը:

«Սա խաղաղութեան օրակարգ չէ։

Սա Հայաստանի տարածքի փաստացի վերաձեւման վերաբերեալ պահանջ է, որի խորքային նպատակը կարող է լինել հայ-ադրբեջանական համակեցութեան որեւէ ձեւ՝ Հայաստանի ներկայիս տարածքում։

Այս յայտարարութիւնն ի ցոյց է դնում, որ իրական խաղաղութիւն գոյութիւն չունի։

Ի հակադրութիւն Նիկոլ Փաշինեանի եւ իշխանական շրջանակի պնդումների՝ Բաքուն ոչ թէ մեղմում է իր դիրքորոշումը, այլ օրէցօր կոշտացնում այն՝ նպատակ ունենալով ապահովել առաւելագոյն միակողմանի արդիւնք։

Բայց ինչո՞ւ է Ալիեւը նման պահանջներ բարձրացնում հէնց հիմա՝ լիովին գիտակցելով, որ դրանք կարող են վնասել իրեն առաւել շահաւէտ գործող իշխանութեանը։

Պատճառներն, ըստ էութեան, մի քանի շերտ ունեն.

Ալիեւը չի վստահում Փաշինեանի իշխանութեան վերարտադրութեանը

Ադրբեջանը փորձում է մինչեւ 2026 թւականն աւարտին հասցնել իր հիմնական պահանջները՝ հասկանալով, որ իշխանութեան հնարաւոր փոփոխութեան դէպքում Հայաստանի բանակցային դիրքերը կարող են արմատապէս փոխւել։

Այս փուլում Բաքուն ձգտում է ամրագրել հնարաւոր առաւելագոյնը։

Ալիեւը բարձրացնում է գինը՝ Փաշինեանին ներքաղաքական աջակցութիւն ցուցաբերելու դիմաց

2026-ի ընտրութիւններում Փաշինեանի համար արտաքին աջակցութիւնը վճռորոշ է լինելու։

Ալիեւը ձեւաւորում է ակնյայտ պահանջների նոր փաթեթ՝ հասկացնելով, որ ցանկացած աջակցութիւն պայմանաւորւած է լինելու նոր, աւելի խորքային զիջումներով:

Սա ուղիղ քաղաքական ազդակ է՝ հասցէագրւած ոչ միայն Երեւանին, այլեւ արտաքին դերակատարներին։

Ալիեւը համոզւած է, որ Հայաստանում դիմադրութեան կենտրոններ այլեւս չեն գործում

Ներքաղաքական դաշտի թուլացումը եւ կազմակերպւած դիմադրութեան բացակայութիւնը Բաքւում ընկալւում են որպէս ազդանշան, որ Հայաստանում ներկայումս բացակայում է այն ներքին կարողութիւնը, որը պահանջւում է ադրբեջանական ճնշումներին դիմակայելու համար։

Այս համոզմունքն է նրան հնարաւորութիւն տալիս առաւել բաց եւ կոշտ հնչեցնել այն, ինչ նախկինում արտայայտում էր զգուշութեամբ։

Ի դէպ, Հայաստանի ներսում դիմադրութեան կենտրոնների չէզոքացման հարցում Ալիեւի հիմնական դաշնակիցը հէնց Փաշինեանն է:

Ալիեւը ձեւաւորում է բանակցութիւնների նոր մեկնակէտ միջազգային հարթակների համար

Նրա յայտարարութիւնները յաճախ ուղղւած են ոչ միայն Երեւանին, այլեւ արտաքին կենտրոններին՝ Միացեալ Նահանգներին, Եւրոպային, Մոսկւային եւ Անկարային։

Ալիեւը փորձում է ամրագրել հետեւեալ տրամաբանութիւնը.

«Ադրբեջանի պահանջները վաղուց են հնչեցւել, հետեւաբար դրանք պէտք է դիտարկւեն որպէս բանակցային օրակարգ»։

Այսպիսով՝ նա ձգտում է, որ հետագայ ցանկացած քննարկում սկսւի իրեն առաւել ձեռնտու մեկնակէտից։

Հայաստանի համար հետեւութիւնն առաւել քան ակնյայտ է:

Որքան էլ սցենարները տարբեր լինեն, անհերքելի է մէկ բան. ներկայ ստատուս-քւոն Հայաստանին պահում է միակողմանի, նւաստացուցիչ եւ շարունակ ընդլայնւող ճնշումների դաշտում։

2026-ի ընտրութիւնները սովորական չեն լինելու։

Դրանք որոշելու են՝ շարունակելո՞ւ է Հայաստանը շարժւել Ադրբեջանի թելադրած հունով, թէ՞ վերականգնելու է իր պետական սուբիեկտութիւնն ու արժանապատիւ դիրքաւորումը։

Միակողմանի զիջումների վրայ կառուցւած խաղաղութիւնը խաղաղութիւն չէ։

Դա ընդամէնը վերափոխւած ճնշում է՝ նոր պահանջներով եւ նոր սպառնալիքներով»,- գրել է նա:

Related Articles

Back to top button