Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սեմիոն Բաղդասարով. «Ռուսաստանի փոխարէն Թուրքիայի ընտրութիւնը վտանգաւոր պատմական կուրութիւն է»

«ԱԼԻՔ» – ՌԴ Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Սեմիոն Բաղդասարովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է իրավիճակը Հարաւային Կովկասում, թէ ինչ է սպասւում Հայաստանին ադրբեջանա-թուրքական տանդեմին ենթարկւելու դէպքում, Ռուսաստանի եւ Հայաստանի յարաբերութիւնների ճգնաժամը, ինչպէս նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի բռնաճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դէմ:

Փորձագէտի խօսքով՝ աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական առումով իրավիճակը Հարաւային Կովկասում բացասաբար է զարգանում։

«Հայաստանի իշխանութիւնները միտումնաւոր անում են քաղաքական նախագծեր, որոնք կարող են Հայաստանը մաքսիմալ հեռացնել Ռուսաստանից եւ մօտեցնել նոյնիսկ ոչ թէ Եւրամիութեանն, այլ աւելի մօտեցնել եւ մղել թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը։ Թուրքիան արեւմտեան տէրութիւնների համար միշտ խաղացել է մի երկրի դեր, որն այդ տէրութիւններից առաջ լուծում է նրանց ինչ-որ խնդիրներ, այդ թւում՝ ռազմական ճանապարհով։ Պատմականօրէն այդպէս է եղել ե՛ւ ռուս-թուրքական բազմաթիւ պատերազմներում, ե՛ւ Առաջին համաշխարհային պատերազմում։ Այսինքն՝ Թուրքիան միշտ էլ նման դեր է խաղացել։

Հաւաքական Արեւմուտքը՝ Եւրոպան եւ Միացեալ Նահանգները, իսկապէս ցանկանում են, որ Հայաստանը գնայ այդ ուղղութեամբ։ Որովհետեւ այդ դէպքում նրանք ամբողջութեամբ կը վերահսկեն Հարաւային Կովկասը՝ ռազմավարական կարեւորութիւն ունեցող տարածաշրջանը, որի վրայ յենւելով կարելի է ստեղծել շատ խնդիրներ Ռուսաստանի Դաշնութեան համար։ Այս տարածաշրջանը լուրջ ազդեցութիւն ունի Ռուսաստանի հարաւային մասի վրայ, առաջին հերթին Հիւսիսային Կովկասի վրայ՝ այնտեղ առկայ բոլոր խնդիրներով։

Այժմ Հարաւային Կովկասում շատ հետաքրքիր ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծւում։ Տեւական ժամանակ ադրբեջանական ղեկավարութիւնը համեստօրէն ասում էր, որ բանակն անցնում է Թուրքիայի չափանիշներին, իսկ Թուրքիան, յիշեցնեմ, ՆԱՏՕ-ի երկիր է։ Այսինքն՝ խօսքը ՆԱՏՕ-ի ստանդարտների մասին էր։ Հիմա նրանք արդէն բացայայտ ասում են՝ այո, մենք անցնում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այնտեղ ամէն ինչ գտնւում է Թուրքիայի ռազմական ղեկավարութեան խիստ վերահսկողութեան տակ։

Աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական առումով Հարաւային Կովկասում իրավիճակը բացասաբար է զարգանում։ Վերջնական արդիւնքում Հայաստանը որեւէ շահ չի ունենայ. այն կը յայտնւի ծանր դրութեան մէջ, լուրջ կախւածութեան մէջ կը լինի թուրք խաղացողից, որի յետեւում կանգնած է Արեւմուտքը, այդ թւում՝ Միացեալ Նահանգները»,- ասել է Բաղդասարովը։

Փորձագէտի խօսքով՝ Թուրքիան շարունակում է խաղալ մի պետութեան դեր, որը Ռուսաստանին դուրս է մղում Հարաւային Կովկասից՝ ի շահ հաւաքական Արեւմուտքի:

Related Articles

Back to top button