Ռուբէն Մելքոնեան. «Մինչեւ 2018 թւականը Հայաստանը պատրաստակամութիւն չի յայտնել մոռանալ իր անցեալը»

«ԱԼԻՔ» – «Հայաստանի կողմից ցեղասպանութիւնները դատապարտելու մասին նախաձեռնութիւնն ի ցոյց է դնում, որ պատմութիւնը, պատմական անհերքելի փաստերը եւ քաղաքականութիւնն իրար հետ կապ չունեն, որովհետեւ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել կամ դրան պատրաստակամութիւն յայտնել, բայց երբեք ու երբեք, մինչեւ 2018 թւականը, պատրաստակամութիւն չի յայտնել, մոռանալ իր իսկ անցեալը, հերքել իր իսկ ողբերգութիւնը, յանուն, դիցուկ, սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու կամ նմանատիպ այլ «աշխարհացունց» ձեռքբերումների համար»: Այս մասին «Հայաստանը՝ ցեղասպանութիւնների դատապարտման եւ կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկմանն ասել է թուրքագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը։
«Սա խօսում է մի քաղաքականութեան մասին, որը կոչւում է արժանապատիւ քաղաքականութիւն։ Սա փաստ է նրա, որ Հայաստանի այն յայտնի սկզբունքը, որ պատրաստ է Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել առանց որեւէ նախապայմանների, դա իրօք այդպէս էր եւ ոչ միայն Հայաստանը չէր ներկայացնում որեւէ նախապայման, այլեւ որեւէ կերպ չէր ճկւում որեւէ նախապայմանի առաջ, եւ այդ ամբողջ ընթացքը, մինչեւ 2018 թւականը, հէնց դրա խօսուն ապացոյցն է»,-նշել է նա։
Մելքոնեանը յաւելել է, որ ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, դա իր մէջ լարւածութիւն եւ նեարդ էր պարունակում, որովհետեւ, այնուամենայնիւ, արւած էր շատ հետաքրքիր դիւանագիտական մի քայլ. այդ հարցի քննարկումը մի կողմից յիշեցնում էր Հայոց Ցեղասպանութեան հարցը, միւս կողմից անմիջապէս, իր ամբողջ հասակով ուրւագծւում էր այդ յանցագործութեան պատասխանատուներից, մեղաւորներից մէկին՝ Թուրքիա պետութեանը։



