Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Աբովեան. «Գուցէ հայկական իշխանութիւններն ընդհանրապէս ԵՄ չե՞ն գնում, այլ գնում են դէպի Թուրքիա»

«ԱԼԻՔ» – Նախկին պատգամաւոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Բա իմացա՞ք՝ Գերմանիայից «թոյն լուր» է հասել. Հայաստանը Գերմանիայի հետ փաստաթուղթ է ստորագրել «ստրատեգիական համագործակցութեան» մասին եւ հաստատել է իր մտադրութիւնը՝ ԵՄ-ի հետ յարաբերութիւնները խորացնել մինչեւ ստրատեգիական մակարդակ։

Մի քանի օր առաջ էլ ԵՄ մէկ այլ ներկայացուցիչ՝ Կայա Կալլասը, «խնդրում» էր Հայաստանին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Լաւ, էդ «տարօրինակ» Կալլասին հիմա չեմ քննարկելու, եկէք կանգ առնեմ Հայաստանի «եւրոպական ուղու» վրայ։

Միանգամից նշեմ՝ ոչ ոք դէմ չէ, որ Հայաստանը համագործակցի բոլոր երկրների հետ, բայց խօսքը հէնց ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ մասին է, ոչ թէ Հայաստանի՝ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ հնարաւոր ռազմական առճակատման պլացդարմի վերածման։

Ուրեմն, եթէ չեմ սխալւում, Հայաստանի իշխանութիւնները խորացնում են յարաբերութիւններն այն ԵՄ-ի հետ, որը բացէիբաց պատրաստւում է պատերազմե՞լ Ռուսաստանի դէմ։

Եթէ չեմ սխալւում, Հայաստանը պատրաստւում է խորացնել յարաբերութիւններն այն ԵՄ-ի հետ, որի ապագան կասկածի տա՞կ են դնում հէնց ԵՄ երկրների ղեկավարները։

Հայաստանը պատրաստւում է խորացնել յարաբերութիւններն այն ԵՄ-ի հետ, որը Հարաւային Կովկասի տարածաշրջանը դիտարկում է բացառապէս թուրք-ադրբեջանական տանդեմի գերակայութեան պրիզմայո՞վ։ Հայաստանը խորացնում է յարաբերութիւններն այն ԵՄ-ի հետ, որը փաստացի գտնւում է լրջագոյն քաղաքական հակամարտութեա՞ն մէջ ԱՄՆ-ի հետ։

Հայաստանը խորացնում է յարաբերութիւններն այն ԵՄ-ի հետ, որը, ըստ ԱՄՆ նոր անվտանգութեան դոկտրինի, դիտարկւում է որպէս քաղաքական միաւորում, որը ապագայ չունի՞։

Հայկական իշխանութիւնների եւրոաննորմալութեան պատճառը ես չգիտեմ, գուցէ հայկական իշխանութիւնները ինչ-որ խելայեղ պատրանքներ ունեն, թէ իբր կարելի է ԵՄ-ին «վաճառել» անզուսպ ռուսաֆոբիա՝ ինչ-որ արտօնութիւնների դիմաց։

Ուֆ, չգիտեմ։ Բայց մի րոպէ, իսկ Հայաստանի իշխանութիւնները յիշո՞ւմ են, որ իրենք ԵԱՏՄ անդամ են, եւ Հայաստանի տնտեսութիւնը միլիարդների օգուտներ է ստանում ռուսական շուկայից, մինչդեռ ԵՄ շուկան Հայաստանի համար փակ է եւ բաց չի լինելու երբեք (չէք հաւատում՝ հարցրէք մոլդովացիներին ու ուկրաինացիներին)։

Կամ գուցէ հայկական իշխանութիւններն ընդհանրապէս ԵՄ չե՞ն գնում, այլ գնում են դէպի Թուրքիա՝ պարզապէս փորձելով եւրոպական փաթեթաւորմամբ գեղեցիկ ձեւով ներկայացնել թուրքական եաթաղանը, որով ադրբեջանցիները կտորների՞ են բաժանելու Հայաստանը։

Սա Հայաստանի արտաքին քաղաքականութեան դիւերսիֆիկացիա չէ, սա Հայաստանի պետութեան ֆիզիկական էւթանազիա է։

Եւ սա այդպէս է՝ անկախ նրանից, դուր է գալիս ձեզ թաւշեայ իշխանութեան»:

Related Articles

Back to top button