Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գերագոյն հոգեւոր խորհուրդը դատապարտելի է նկատել իշխանութիւնների, անձամբ վարչապետի միջամտութիւնները Հայոց Եկեղեցու ներքին կեանքին

«ԱԼԻՔ» – Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռից:

Ժողովին անդրադարձ կատարւեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացւող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին եւ դրա պառակտիչ հետեւանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի յաղթահարման ուղիներին։

Քննարկման առարկայ դարձան հոգեւորականների ու Եկեղեցու հաւատաւոր զաւակների նկատմամբ իրականացւող ապօրինի հետապնդումները եւ քրէական վարոյթներով իրաւական գործընթացները։ Գերագոյն հոգեւոր խորհուրդը վերահաստատեց իր պահանջը ՀՀ իրաւապահ եւ դատական մարմիններից, որ արդարադատութիւն, օրինականութիւն ապահովւի շինծու մեղադրանքներով ազատազրկւած հոգեւորականների, ազգային բարերարի եւ այլ նւիրեալ հայորդիների նկատմամբ։ Շեշտւեց, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պէտք է հետամուտ լինի Եկեղեցու եւ եկեղեցականների իրաւունքների պաշտպանութեանը, եկեղեցապատկան բռնազաւթւած սրբավայրերի վերադարձմանը։

Գերագոյն հոգեւոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանութիւնների, անձամբ վարչապետի միջամտութիւնները Հայոց Եկեղեցու ներքին կեանքին, կանոնական դրոյթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրէնքին, վիրաւորում մեր ժողովրդի կրօնական ապրումները եւ ոտնահարում Հայոց Եկեղեցու իրաւունքներն ու դարերով նւիրագործւած աւանդոյթները։

Մասնաւորաբար քննութեան առնւեց նաեւ վարչապետի ներկայութեամբ մատուցւող պատարագներին հարկադրաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ Ընդգծւեց, որ սոյն երեւոյթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտւել էր որպէս եկեղեցաբանական տեսանկիւնից հակականոնական, որ կարող է յանգեցնել հերձւածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի նկատեցին, որ ժողովական որոշմանը կողմ հանդէս եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած աղճատւած արարողութիւններին։

Անդրադառնալով տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին, միաբանութիւնից ինքնամեկուսացմանը եւ ԳՀԽ անդամ եպիսկոպոսների բացակայութեանը ժողովներից՝ ԳՀԽ-ն իր մտահոգութիւնն արտայայտեց վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցւածքի առնչութեամբ՝ այն դիտարկելով իբրեւ խախտում նրանց հոգեւոր ուխտի եւ հարւած Եկեղեցու միասնականութեանը։ Գերագոյն հոգեւոր խորհուրդն անընդունելի նկատեց նաեւ եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները եւ դրանց արծարծման կերպերը՝ կարեւորելով, որ նրանք հրաժարւեն պարտադրւած, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդւելով բացառապէս եկեղեցական կանոնական ընթացակարգերով։

Ստեղծւած մտահոգիչ, Եկեղեցու եւ նրա աշխարհասփիւռ հօտի համար անցանկալի այս իրավիճակի յաղթահարման հրամայականից ելնելով՝ Գերագոյն հոգեւոր խորհուրդը հրատապ համարեց Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մօտ ապագայում։ Այս կապակցութեամբ տրւեցին համապատասխան յանձնարարականներ։

Ժողովին առաջարկ ներկայացւեց համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպութիւնների եւ իրաւապաշտպան կառոյցների հետ գործակցութեան ուղղութեամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկայ իրավիճակի վերաբերեալ տարածւող թիւր ընկալումները։

Ժողովականներն իրենց գնահատանքը յայտնեցին այս դժւարին օրերին Հայոց Եկեղեցու նկատմամբ հաւատարմութիւն դրսեւորած հոգեւորականներին՝ փորձութիւնները արիութեամբ, հաւատով ու միասնականութեամբ յաղթահարելու համար։ ԳՀԽ յորդորեց հոգեւոր սպասաւորներին հոգեխնամ առաքելութեան շրջանակներում պատշաճ իրազեկումներով գօտեպնդել իրենց հաւատացեալներին եւ յորդորել զերծ մնալ Եկեղեցու միասնականութիւնը խաթարող երեւոյթներից։

Անդրադարձ կատարելով ժողովից առաջ՝ երեկոյեան ժամերգութեանը, Մայր Տաճարի շրջափակում եպիսկոպոսաց կազմակերպած հաւաքի պատճառով հրահրւած անկարգութիւններին՝ Գերագոյն հոգեւոր խորհուրդը դատապարտեց վանքի հոգեւոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողութիւնները։ Ժողովականներն իրենց գնահատանքը յայտնեցին հաւատաւոր ժողովրդին, հակառակ կազմակերպւած խժդժութիւնների, դրսեւորած զգօնութեան, եկեղեցանւիրումի եւ հաւատարմութեան համար։

Related Articles

Back to top button