Ջակ Հաջինեան. «Փաշինեանի նպատակը Սփիւռքին Հայաստանից կտրելն է»

«ԱԼԻՔ» – «Հայաստանի իշխանութիւնը փորձում է կառավարել եկեղեցին եւ որոշել՝ ով պէտք է լինի յաջորդ կաթողիկոսը»։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Մոնթեբելոյի նախկին քաղաքապետ Ջակ Հաջինեանը՝ խօսելով Եկեղեցի-Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների մասին։
Նրա խօսքով՝ ԱՄՆ-ում եւ ընդհանրապէս աշխարհում անհնար է պատկերացնել իշխանութեան նման միջամտութիւն եկեղեցական գործերին․ «Դա բացառւած երեւոյթ է, որ ԱՄՆ-ում երկրի ղեկավարը փորձի փոխել եկեղեցական առաջնորդներին կամ միջամտել հոգեւոր կեանքին։ Միացեալ Նահանգներում կառավարութիւնը զատ է եկեղեցուց»։
Անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինի գործունէութեանը՝ պաշտօնեան բարձր է գնահատել Վեհափառի դերակատարումը Սփիւռքի կեանքում։ Ըստ նրա՝ ՀՀ գործող իշխանութիւնները փորձում են նւազեցնել Սփիւռքի կշիռը համահայկական հարցերում։
«Կարծում եմ՝ Փաշինեանը չի կարեւորում Սփիւռքը եւ ցանկանում է կտրել նրան Հայաստանից»,- ասել է նա։
Ջակ Հաջինեանը մտահոգութիւն է յայտնել Հայաստանի անվտանգային վիճակի վերաբերեալ՝ նշելով, որ իշխանութեան խոստացած «խաղաղութեան դարաշրջանը» տեսանելի չէ։ «Ադրբեջանն ու Թուրքիան այսօր աւելի շատ շահեր ունեն Հայաստանում, քան հէնց հայ ժողովուրդը»,- նշել է նա։
Նա նաեւ խօսել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդութեամբ տեղի ունեցած բանակցութիւնների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը չօգտագործեց առաւելագոյնը ստանալու հնարաւորութիւնը, յատկապէս գերիների վերադարձի հարցում։



