Ռոյտերս. Ֆրանսիայի հակազդեցութեան պատճառով ԵՄ-ն քայլ չի ձեռնարկի ԻՅՊԿ-ի դէմ

Ռոյտերս գործակալութիւնը հաղորդում է, որ Ֆրանսիան դէմ է արտայայտւել ԻՅՊԿ-ի դէմ որոշիչ քայլերին եւ այդ պատճառով Եւրոպական միութիւնը չի նախատեսում դէմ քայլ կատարել Սեփահի դէմ, այն չներառելով «ահաբեկչական կազմակերպութիւնների» ցանկում։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն այս շաբաթ նախատեսում է մարդու իրաւունքների վերաբերեալ մեղադրանքների հիման վրայ պատժամիջոցներ սահմանել շուրջ 20 Իրանի քաղաքացիների եւ կառոյցների նկատմամբ, սակայն ԻՅՊԿ-ի հարցում համաձայնութիւն գոյութիւն չունի։
ԵՄ արտաքին գործոց նախարարները հինգշաբթի Բրիւսէլում կը քննարկեն Իրանի իրավիճակը եւ կը վաւերացնեն նոր պատժամիջոցները։
Ռոյտերսը նշում է, որ մի շարք ԵՄ երկրներ նախկինում կողմ են եղել Սեփահը ահաբեկչական կազմակերպութիւնների ցանկում ընդգրկելուն, սակայն որոշ երկրներ, այդ թւում Ֆրանսիան, զգուշաւոր դիրքորոշում են որդեգրել՝ մտահոգ լինելով, որ նման քայլը կը հանգեցնի Իրանի հետ յարաբերութիւնների լիակատար խզմանը։
Եւրոպացի դիւանագէտի խօսքով՝ Փարիզը յստակ յայտնել է, որ ներկայ փուլում ԻՅՊԿ-ն «ահաբեկչական» ցուցակում ընդգրկելը նպատակայարմար չի համարում եւ ցանկանում է բաց պահել կապի ուղիներն Իրանի հետ։



