Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինչպէ՞ս հասնել իշխանափոխութեան. քաղտեխնոլոգը առաջարկ է անում

«ԱԼԻՔ» – Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանի խօսքով՝ իշխանութիւնն ընտրութիւններից առաջ խնդիր ունի հանրութեանը հնարաւորինս պասիւացնել ու մարդկանց ապատիայի մէջ գցել։

ՀՀ-ում իշխանափոխութիւն իրականացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանական ընտրութիւններին մարդկանց բարձր մասնակցութիւն ապահովել։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում յայտարարեց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացւելիք խորհրդարանական ընտրութիւններին ու հնարաւոր զարգացումներին։

Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրութիւնները կը կայանան 2026 թւականի յունիսին։

«Սովորական ընտրութիւններ չեն, դրանք գոյաբանական են լինելու։ Հէնց այս ընտրութիւններից պարզ կը լինի, թէ Հայաստանը որ ուղով կը գնայ կամ առհասարակ կը գնայ, թէ ոչ։ Այս առումով իշխանութիւնն էլ, ընդդիմութիւնն էլ լուրջ են վերաբերւում ընտրութիւններին։ Հէնց իշխանութեան համար են այս ընտրութիւնները գոյաբանական, քանի որ իշխանութիւնը կորցնելու դէպքում նրանք բոլոր լծակները կը կորցնեն։ Ընդդիմութեան համար սա լեգիտիմ շանս է՝ իշխանափոխութիւն իրականացնելու, բայց ուժերի յարաբերակցութիւններից է կախւած՝ ինչ իրավիճակ կը ստեղծւի։ Պէտք է այնպէս անել, որպէսզի մասնակցութիւնը շատ ակտիւ լինի, վերջին տարիների համեմատ աննախադէպ շատ»,- ասաց Յակոբեանը։

Նրա խօսքով՝ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրութիւնը փոփոխութիւն ցանկանում է, բայց պէտք է դեռ հասկանալ, թէ դրա հետ մէկտեղ ինչ վարքագիծ կը դրսեւորի։ Այսինքն՝ կը մասնակցեն ընտրութիւններին, թէ ոչ, ինչ ուժերի կընտրեն, կամ կը գտնեն իրենց համար ճիշտ կուսակցութեանը եւ այլն։

Ըստ քաղտեխնոլոգի՝ առաջին հերթին ընտրութիւններին ակտիւ մասնակցութիւնն ընդդիմութեան խնդիրն է, քանի որ իշխանութիւնը սովորաբար աւելի պասիւ է լինում ու իր ընտրազանգւածին կարողանում է բերել ընտրութիւնների տարբեր մեթոդներ գործածելով։ Նրա խօսքով՝ իշխանութիւնն ընտրութիւններից առաջ խնդիր ունի նաեւ հանրութեանը հնարաւորինս պասիւացնել ու մարդկանց ապատիայի մէջ գցել։

Յակոբեանի պնդմամբ՝ այսօր մօտ 40-42%-ն է, որ կողմնորոշւած է՝ ընդդիմութեանն են ընտրելու, թէ իշխանութեանը, այսինքն պէտք է մնացած 60%-ին կարողանալ ընտրատեղամաս բերել։

«Մասնակցութեան բարձր շեմը կը բացառի Նիկոլ Փաշինեանի վերարտադրման խնդիրը։ Օրինակ՝ եթէ 1 մլն մարդ մասնակցի ընտրութիւններին, ապա Նիկոլ Փաշինեանի վերարտադրւելու հաւանականութիւնն աւելի շատ է, իսկ օրինակ՝ 1,200000 մարդու մասնակցութեան դէպքում այդ տոկոսը զգալի կը նւազի։ Անգամ, եթէ իր «սփոյլեր» կուսակցութիւնները կարողանան հաւաքել ինչ-որ քանակութեամբ ձայներ, միեւնոյնն է, Նիկոլ Փաշինեանին 50+տոկոս ձայն չի յաջողւի ստանալ ու իշխանութիւն ձեւաւորել»,- ասաց Յակոբեանը։

Փորձագէտը շեշտեց՝ ընդդիմութիւնը պէտք է փորձի ներկայանալ որպէս այլընտրանք ու մարդկանց չպէտք է հիասթափեցնի, քանի որ շատերին դուր չի գալիս, որ ընդդիմադիրները մի քանի բեւեռով են հանդէս գալիս։

Ընդգծեց՝ բոլորն էլ հասկանում են, որ միասնական մէկ բեւեռ չի լինելու, այլ լինելու է 2, 3, նույնիսկ 4 բեւեռ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ խօսքը խոշոր կուսակցութիւնների մասին է։

Յակոբեանի կարծիքով՝ այդ կուսակցութիւնները միասին պէտք է մէկ ընդհանուր յուշագիր ստորագրեն, որ չնայած տարբեր բեւեռներով հանդէս գալուն, միեւնոյնն է՝ իրենց նպատակը պէտք է լինի Նիկոլ Փաշինեանի հեռացումը։ Այսինքն՝ ինչ էլ որ լինի, այնուամենայնիւ՝ պէտք է գործեն մէկ նպատակի համար։

Յակոբեանը նաեւ խօսեց ընտրութիւնների արդիւնքների վրայ ազդելու հնարաւոր մեխանիզմների օգտագործումից։ Նա շեշտեց, որ իշխանութիւններն անպայման կը կիրառեն դրանք, այդ թւում օգտագործելով մոլդովական սխեմաները։

«Եւրամիութիւնը շատ լաւ հասկանում է, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Բայց ԵՄ արտաքին քաղաքական ծառայութեան ղեկավար Կայա Կալասը իրեն ապահովագրել է ասելով, թէ ՀՀ-ն է իրենց դիմել, իրենք էլ օժանդակելու են «հիբրիդային պատերազմի» դէմ պայքարում»,- ասաց քաղտեխնոլոգը։

Փորձագէտը նաեւ նշեց, որ իշխանութիւններն ընտրութիւններին փորձելու են օգտագործել նաեւ վարչական, ուժային ռեսուրսներ։

2026 թ.-ի ընտրութիւններին մասնակցելու վերաբերեալ արդէն յայտարարութիւն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը` իր նորաստեղծ «Միասնութեան թեւեր» նախաձեռնութեամբ, «Մեր ձեւով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանը, կալանքի տակ է յունիսի 18-ից, ինչպէս նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանը` իր «Նոր ուժ» կուսակցութեամբ։ Ընտրութիւններին մասնակցելու քաղաքական յայտ է ներկայացրել նաեւ ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լեւոն Զուրաբեանն է։

Ընտրութիւններին մասնակցելու մասին յայտարարութիւն է արել նաեւ «Հանրապետութիւն» կուսակցութիւնը։

Related Articles

Back to top button