Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, որպէս արցախահայութեան օրինական ներկայացուցչական մարմին, խստօրէն դատապարտում է Ադրբեջանի իշխանութիւնների կազմակերպած շինծու «դատավարութիւնները» Արցախի Հանրապետութեան գերեվարւած հայազգի ռազմաքաղաքական գործիչների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ։
Այդ գործընթացներում ներկայացւած շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրայ ընդունւած դատավճիռները որեւէ կապ չունեն արդարադատութեան հետ եւ հանդիսանում են պետական ահաբեկչութեան ու քաղաքական հաշւեյարդարի բացայայտ դրսեւորում՝ նպատակ ունենալով վարկաբեկել հայութեան երեք տասնամեակից աւելի տեւած սեփական իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած պայքարը, որն իրականացւել է միջազգային իրաւունքի, մասնաւորապէս, դրա հիմնարար սկզբունքներից մէկի՝ ինքնորոշման իրաւունքի լիակատար համապատասխանութեամբ:
Ադրբեջանում այդ շինծու «դատավարութիւնները» շարունակութիւնն են Արցախի դէմ 2020 թ. սանձազերծւած պատերազմական յանցագործութիւններով ուղեկցւող ռազմական ագրեսիայի եւ 2023 թ. իրականացւած էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողութիւնների, որոնք միջազգային իրաւունքը միանշանակօրէն որակում է որպէս մարդկութեան դէմ կատարւած յանցագործութիւններ:
Անընդունելի եւ դատապարտելի է Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների շարունակական անգործութիւնն ու անտարբերութիւնը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացւած շինծու մեղադրանքների ու կայացւած սարքովի «դատավճիռների» նկատմամբ, այլեւ քաղաքական կարճատեսութիւնը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետութեան դէմ ձեւաւորւում են ապագայում ներկայացւելիք մեղադրանքների հիմքեր՝ որպէս ահաբեկչութիւնը խրախուսած պետութիւն։
Անկախ այն բանից՝ միջազգային հանրութիւնը աշխարհաքաղաքական վայրիվերումների բովում նկատում է դա, թէ ոչ, Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը երեք տասնամեակից աւելի եղել է միջազգային յարաբերութիւնների ու ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի օրակարգերի անբաժան մասն ու 15 տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի երեք մշտական անդամ պետութիւնների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարները հաստատել են, որ հակամարտութիւնը պէտք է լուծւի բանակցութիւնների միջոցով եւ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ։
Հետեւաբար, այդ ինստիտուտների համապատասխան արձագանքի բացակայութեան դէպքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ Բաքւում ընդունւած «դատավճիռները» հաւասարապէս վերաբերում են այդ երկրների ու միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներին։
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը յայտարարում է՝
մենք հետեւողականօրէն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան ու մեր ժողովրդի՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար եւ համոզւած ենք, որ ի վերջոյ արդարութիւնը յաղթելու է եւ իրական յանցագործները ստանալու են իրենց արժանի պատիժը»:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողով
6 փետրւարի, 2026 թ.



