Գեղամ Մանուկեան. «Հայաստանի իշխանութիւնները կարող էին եւրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենեակները շրջափակելու համար»

«Այդպէս լաւ չէ։ Հայաստանի իշխանութիւնները կարող էին ուղղակի եւրոպացիներից խնդրել, օրինակ, ոստիկանական կամ ռազմական այլ ուժեր՝ ընդդիմութեան ուժերի գրասենեակները շրջափակելու եւ ընտրութիւնների ժամանակ ուղղակի ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու համար։ Որովհետեւ այն տրամաբանութիւնը, որով ներկայացւում է, իրականում նշանակում է, որ ԵՄ-ն հսկայական ռեսուրսներ՝ մարդկային եւ ֆինանսական, ծախսելով «դեսանտ» է իջեցնելու Հայաստանում՝ Հայաստանի իշխանութիւնների եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ընտրարշաւին աջակցելու համար, այս մասին «Փաստինֆօ»-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Գեղամ Մանուկեանը:
Աւելի ակնառու միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին, աւելի ակնառու եւ խայտառակ ազդեցութիւն ընտրական գործընթացների վրայ դժւար է պատկերացնել։ Թերեւս Մոլդովայի դէպքը շատ աւելի մեծ ծաւալներով այս անգամ է արտայայտւելու։ Մոլդովայում տեղի ունեցածը նոյնպէս միջամտութիւն էր, բայց այստեղ այն աւելի խայտառակ կը լինի, քանի որ դրան զուգահեռ լինելու է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղակի միջամտութիւնն ու ազդեցութիւնը։
Այստեղ, գործչի գնահատմամբ, ակնառու է եւս մէկ բան. եւրոպացիները փաստացի արձանագրում են, որ ընտրութիւններ լինելու են, իսկ ընտրութիւններից յետոյ՝ սահմանադրական հանրաքւէ։ Մինչդեռ հանրաքւէի մասին որեւէ որոշում չկայ. ոչ ԱԺ որոշում կայ, ոչ էլ որեւէ այլ քաղաքական որոշում։ Դա ուղղակի իշխանութեան կողմից Ադրբեջանին տրւած խոստումների մասին բարձրաձայնում է։



