Թէ ինչպէս եւ երբ սկսւեց Թրամփի բանամարտը Պապի դէմ

Պապ.
Պատերազմին վերջ տալը միայն հնարաւոր է բանակցութիւնների սեղանին վերադառնալով։
Երեքշաբթի՝ ապրիլի 14-ին նա քննադատել էր Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն Իրանին ուղղւած՝ դրանք անւանելով անընդունելի։
Յաջորդիւ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հրապարակած առանձին գրառմամբ խիստ քննադատել էր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պապ Լեւոն XIV-ին՝ նրան մեղադրելով «յանցաւորութեան դէմ պայքարում թուլութիւն ցուցաբերելու» եւ «արտաքին քաղաքականութեան մէջ աղէտալի գործելակերպի» մէջ։ Թրամփը նաեւ բացայայտ կերպով ասել էր. «Ես նրան չեմ սիրում»։
Թրամփի այս կոշտ յայտարարութիւնները հնչել են ի պատասխան Պապի վերջին քննադատութիւններին, որոնք վերաբերում էին ԱՄՆ նախագահի՝ Իրանի հասցէին հնչեցրած սպառնալիքներին։
Պապն անընդունելի էր որակել Թրամփի այն սպառնալիքը, ըստ որի՝ եթէ Իրանը չհամաձայնի վերաբացել Հորմոզի նեղուցը, կարող է «ոչնչացւել մի ամբողջ քաղաքակրթութիւն»։ Նա ԱՄՆ նախագահին կոչ էր արել փնտրել պատերազմից «ելքի ճանապարհ»։
Թրամփ.
«Պապ Լեւոն XIV-ը թոյլ է յանցաւորութեան դէմ պայքարում եւ աղէտալի է գործում արտաքին քաղաքականութիւնում:
Ես չեմ ուզում այնպիսի մի Պապ, որը կարծում է, թէ խնդիր չի տեսնում Իրանի միջուկային զէնք ունենալու մէջ, կամ Վենեզուէլլայի վրայ յարձակւելը սխալ էր եւ սարսափելի:
«Լեւոնը պէտք է շնորհակալ լինի։ Նա ցուցակում չկար՝ ապագայ պապի թեկնածուների, եւ միայն այն պատճառով է այնտեղ յայտնւել, որ ամերիկացի էր։ Եթէ ես Սպիտակ տանը չլինէի, Լեւոնը Վատիկանում չէր լինի»։
Վատիկանի գլխաւոր խորհրդականի արձագանքը՝ Թրամփի վիրաւորանքներին
«Այս բարոյական աղէտը աւարտ չունի՞»
Վատիկանի հաղորդակցութիւնների գրասենեակի խորհրդական Ջէյմս Մարտինը յայտարարել է․
Կասկածում եմ, որ Պապ Լեւոն XIV‑ը, վաղն Աֆրիկա ուղեւորութիւնից առաջ, Թրամփի պատճառով անքուն գիշեր անցկացնի, կամ ընդհանրապէս ուշադրութիւն դարձնի նման բաներին։
Բայց դա մեզ պէտք է հետաքրքրի, որովհետեւ այս վարքագիծը խելահեղ, դաժան եւ ոչ քրիստոնէական է։
Այս բարոյական աղէտը աւարտ չունի՞։
Կաթոլիկ եկեղեցու Առաջնորդը մտադիր չէ բանավէճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Պապ Լեւոն XIV-ը (Ռոբերտ Ֆրանսիս Պրիովստ), ընդգծել է, որ չի ցանկանում առերեսւել Դոնալդ Թրամփի հետ հրապարակային հակասութիւնների մէջ։ «Աւետարանի պատգամը չպէտք է ծառայի քաղաքական կամ անձնական շահերին»,-նշել է նա։
Reuters-ը յայտնում է, որ Պապը յաւելել է․ «Պատերազմի դէմ բարձրաձայն ելոյթները շարունակելու եմ, նպատակ ունենալով խթանել խաղաղութիւնը, խրախուսել երկխօսութիւնն ու բազմակողմ դիւանագիտութիւնը։ Միայն այդպէս է հնարաւոր արդար լուծումներ գտնել միջազգային խնդիրների համար»։
Մարկ Քէյլի, ամերիկացի սենատոր.
«Որպէս կաթոլիկ ես զազրելի եմ համարում, որ Միացեալ Նահանգների նախագահը բացայայտօրէն յարձակւում է Սուրբ Պետրոսի յաջորդի վրայ։
Թրամփը պարտւում է։ Իրանի հետ նրա պատերազմը հանգեցրել է ամերիկացի զինւորների սպանութեան եւ վիրաւորման, ինչպէս նաեւ իրանցի երեխաների մահւան։
Նա իր անձը պաշտպանելու համար յարձակւում է ամէն ինչի վրայ, նոյնիսկ այն եկեղեցու, որի միջոցով միլիոնաւոր ամերիկացիներ ամէն օր հաւատք ու խաղաղութիւն են գտնում։
Ամերիկացիները արժանի են այնպիսի նախագահի, որը հասկանում է իր խօսքերի հետեւանքները եւ պատասխանատւութիւն է կրում իր արարքների համար»։
Թրամփ. Պապից ներողութիւն չեմ խնդրի
ԱՄՆ նախագահ Թրամփը, խօսելով այն գրառման մասին, որտեղ ինքը պատկերւած էր Յիսուս Քրիստոսի կերպարով, յայտարարել է.
«Ես եմ այն հրապարակել: Կարծում էի, թէ որպէս բժշկի եմ ներկայացւած այնտեղ։ Կարծում էի, թէ դա Կարմիր Խաչի հետ է կապւած: Մենք աջակցում ենք Կարմիր Խաչին։ Իմ դէմ արշաւ կազմակերպեցին: Նման խօսքեր միայն ֆէյք լրատւամիջոցներից կարող են լսւել»։
«Մենք անկեղծօրէն հաւատում ենք կարգի ու օրէնքի պահպանմանը, եւ կարծես թէ նա (գրառումը) այս հարցում խնդիրներ ունի։ Սակայն ներողութիւն խնդրելու որեւէ պատճառ չկայ։ Պարզապէս սխալ էր»։
Պապ Լեւոն XIV.
Պատերազմը, բռնութիւնը, անարդարութիւնը եւ սուտը ցաւ են պատճառում Աստծոյ սրտին։ Մեր Հօր սիրտը չարագործների, գոռոզների եւ ամբարտաւանների հետ չէ։ Աստծոյ սիրտը խոնարհների եւ հեզերի հետ է։ Նա նրանցով է օրէցօր կառուցում իր սիրոյ եւ խաղաղութեան թագաւորութիւնը։ Որտեղ սէր ու ծառայութիւն կայ, այնտեղ Աստւած է ներկայ։
«Պապ Լեւոն XIV, Դոնալդ Թրամփի դրսեւորումներից ու վիրաւորական արտայայտութիւններից երկու օր անց, Վատիկանի կողմից հրապարակւած նամակում նախազգուշացրել է, որ ժողովրդավարութիւնները կարող են ընկնել «ամբոխային բռնապետութեան» ձեռքով»։



