Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ինչ փաստաթուղթ է ընդունւելու ԵՄ-Հայաստան հաւաքի աւարտին

Ոչ մի խօսք կամ յայտարարութիւն՝

  • Ղարաբաղից տարհանւած հայերի, նրանց իրաւունքների պաշտպանութեան մասին
  • Բաքւում ազատազրկւածների – գերիների- մասին։
  • Հայաստանին նոր ֆինանսական աջակցութիւն տրամադրելու հնարաւորութեան մասին

 

Առաջիկայ երեքշաբթի Երեւանում կայանալիք Հայաստան-Եւրամիութիւն առաջին գագաթնաժողովի աւարտին կողմերը կը յայտարարեն յարաբերութիւններն ամրապնդելու պատրաստակամութեան մասին, չանդրադառնալով, սակայն, Եւրամիութեանը Հայաստանի հնարաւոր անդամակցութեան հարցին։

  • «Ազատութեան» տրամադութեան տակ է հաւաքի աւարտին ընդունւելիք համատեղ յայտարարութեան նախագիծը, որտեղ միայն նշւում է, թէ «ԵՄ-ը վերահաստատում է իր անսասան յանձնառութիւնը՝ ամրապնդելու յարաբերութիւնները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի դիմադրողականութեանը, բարեփոխումների օրակարգին եւ երկարաժամկէտ զարգացմանը՝ Հայաստանը աւելի մօտեցնելով Եւրամիութեանը»: Թէեւ մօտ երեք տարի առաջ վարչապետ Փաշինեանը եւրախորհրդարանում յայտարարել էր, թէ Հայաստանը պատրաստ է Եւրամիութեանը մօտ լինել այնքան, որքան Բրիւսէլը դա հնարաւոր կը համարի, Խորհրդարանն էլ անցած տարի օրէնք էր ընդունել ԵՄ-ը անդամակցութեան գործընթացի մեկնարկի մասին, Հայաստան եկող եւրոպացի առաջնորդները չեն պատրաստւում հաւաքի աւարտին որեւէ պարտաւորութիւն ստանձնել այս ուղղութեամբ։ Փոխարէնը, ակնկալւում է, որ Բրիւսէլը կը յայտարարի Հայաստանի համար առանցքային՝ վիզաների ազատականացման հարցում «նշանակալի առաջընթացի» մասին։ Սա նախատեսւած մի քանի փուլերից առաջինն է, եւ ակնկալւում է, որ այս տեմպերով բարեփոխումները կատարելու դէպքում Հայաստանի քաղաքացիները երեք-չորս տարի անց՝ այս տասնամեակի աւարտին, կը կարողանան առանց վիզաների այցելել շենգենեան գօտի։
  • Փաստաթղթում յիշատակում չկայ նաեւ Հայաստանին նոր ֆինանսական աջակցութիւն տրամադրելու հնարաւորութեան մասին. յղում է կատարւում միայն նախկինում յայտարարւած 270 միլիոն եւրոյին եւ 2.5 միլիարդ եւրոյին, որը Երեւանը կարող է ստանալ դաշինքից՝ նախագծեր ներկայացնելով՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարութեան շրջանակներում։ Միւս կողմից, ակնկալւում է, որ Եւրամիութեան առաջնորդները Երեւանում կը դիմեն եւրոպացի գործարարներին՝ յորդորելով ներդրումներ անել Հայաստանում։
  • Կոնկրետ ներդրումային ծրագրերի շարքում նշւում է Սեւ ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրեայ մալուխի նախագիծը, որով նախատեսւում է Հարաւային Կովկասի էլեկտրացանցը կապել Եւրամիութեան հետ եւ տարածաշրջանից էլեկտրաէներգիա մատակարարել դէպի Եւրոպա։ Այս նախագծի մասին Բրիւսէլը բազմիցս է խօսել, սակայն այն դեռեւս չի մեկնարկել։
  • Ակնկալւում է, որ Եւրամիութեան առաջնորդները նաեւ վերստին աջակցութիւն կը յայտնեն Ադրբեջանի հետ խաղաղութեան գործընթացին։ Համատեղ յայտարարութեան նախագծում, սակայն, խօսք չկայ Ղարաբաղից տարհանւած հայերի, նրանց իրաւունքների պաշտպանութեան կամ՝ Բաքւում ազատազրկւածների մասին։

Յունիսի եօթին կայանալիք Խորհրդարանական ընտրութիւններից մէկ ամիս առաջ ընդունւելիք փաստաթղթում Եւրամիութեան առաջնորդները նաեւ ընդգծում են՝ «Հայաստանի ապագան պէտք է որոշւի ազատ եւ ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից՝ առանց արտաքին ճնշման»։ Կողմերի միջեւ երբեւէ անցկացւած առաջին այս գագաթնաժողովին կը մասնակցեն Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եւրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ինչպէս նաեւ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարն ու Կանադայի վարչապետը։ Գագաթնաժողովի առանցքում կը լինեն նաեւ միջազգային հարցեր, այդ թւում՝ Իրանում եւ Ուկրաինայում ստեղծւած իրավիճակը:

Related Articles

Back to top button