Տաթեւիկ Հայրապետեան. «Փաշինեանի շնորհիւ է՝ Ալիեւը կարողանում է էթնիկ զտումը ներկայացնել որպէս «խաղաղութիւն» եւ «յաջողութիւն»»

Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը գրել է․
«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարթակն օգտագործեց Արցախի եւ Արցախի հայերի դէմ իրականացւած ագրեսիւ պատերազմները, բլոկադան, էթնիկ զտումը, Բաքւում հայ գերիների առկայութիւնը եւ այլ յանցագործութիւնները որպէս «խաղաղութեանը» միտւած քայլեր ներկայացնելու համար։ Նա նաեւ որոշեց իր խորը դժգոհութիւնն արտայայտել այն եւրոպական կառոյցների հանդէպ, որոնք տարբեր կերպ Ադրբեջանին յիշեցնում են իր յանցանքների մասին։ Այն, որ Ալիեւը կարողանում է էթնիկ զտումը ներկայացնել որպէս «խաղաղութիւն» եւ «յաջողութիւն», Նիկոլ Փաշինեանի շնորհիւ է։ Վերջինս այս հարցում Ալիեւի մեծագոյն աջակիցն է։
Ի պատասխան Ալիեւի ելոյթի՝ Եւրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել էր․ «ԵԽ բանաձեւերն ընդունւում են մեծամասնութեան կողմից, եւ դրանց արդիւնքները գուցէ անյարմարութիւն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը»։
Ալիեւի այսօրւայ ելոյթի մի հատւածը ներկայացնում եմ թարգմանաբար.
«Սակայն, ցաւօք, ոչ բոլոր եւրոպական կառոյցներն են ցուցաբերում նոյն մօտեցումը։ Դրանց թւում են Եւրոպական խորհրդարանը եւ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։ Ադրբեջանը Եւրոպայի խորհրդի անդամ է 2001 թւականի յունւարից։ Ի դէպ, ես՝ որպէս ադրբեջանական պատւիրակութեան այն ժամանակւայ ղեկավար եւ խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի ակտիւ անդամներից մէկն էի։ Մեր պատւիրակութիւնը Եւրոպայի խորհրդում երբեք որեւէ սահմանափակման տակ չի եղել մինչեւ 2024 թւականի յունւարը։ 2023 թւականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց անջատողականութեանը Ղարաբաղում։
Ինչ վերաբերում է Եւրոպական խորհրդարանին, այս մարմինը, խաղաղութեան գործընթացին աջակցելու փոխարէն, նախընտրում է այն խաթարել։ 2021 թւականի մայիսից՝ Երկրորդ ղարաբաղեան պատերազմի աւարտից վեց ամիս անց, մինչեւ 2026 թւականի ապրիլի 30-ը, Եւրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձեւ, որոնք լի են վիրաւորանքներով եւ ստերով Ադրբեջանի մասին։ Պատկերացրէք՝ հինգ տարւայ ընթացքում 14 բանաձեւ. սա արդէն մի տեսակ մոլուցք է։ Վերջինը ընդունւել է ընդամէնը չորս օր առաջ՝ դիտաւորեալ, գագաթնաժողովից անմիջապէս առաջ։
Որոշ անդամ պետութիւնների հիմնարար խնդիրները, ինչպիսիք են քսենոֆոբիան, իսլամաֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակութիւնը եւ անօթեւանութիւնը, լուծելու փոխարէն, Եւրախորհրդարանը թիրախաւորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտութիւն եւ ստեր։ Եւ պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, վերջ է դրել անջատողականութեանը եւ պատասխանատւութեան է ենթարկել ռազմական յանցագործներին։
Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին որոշեց պաշտօնապէս կասեցնել Եւրախորհրդարանի հետ համագործակցութիւնը բոլոր ոլորտներում, դադարեցնել մասնակցութիւնը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցութեան կոմիտէի գործունէութեանը եւ սկսել Եւրոնեստ խորհրդարանական վեհաժողովին անդամակցութեան դադարեցման ընթացակարգերը…»։



