Արման Աբովեան. «Եւրոպայի տւած կտերը Փաշինեանի վերարտադրւելու եւ Արեւմտեան Ադրբեջան ձեւաւորելու համար են»

Հայ-ռուսական յարաբերութիւնները նախկինում անդունդի եզրին էին կանգնած, իսկ հիմա գլորւում են դէպի անդունդը:
Լրատւամիջոցների հետ զրոյցում այսպիսի է տեսակէտ յայտնել «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան պատգամաւորի թեկնածու Արման Աբովեանն՝ անդրադառնալով գործող իշխանութեան վարած արտաքին քաղաքականութեան եւ հնարաւոր տնտեսական վտանգներին:
Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ Աբովեանն ասել է, որ գործող իշխանութիւնն իր վերարտադրւելու համար նժարին է դրել Հայաստանի Հանրապետութեան գոյութեան հարցը։
«Այս իշխանութեան հակառուսական, հակաչինական կամ հակաիրանական քայլերը նկատելու համար բաւական է ընդամէնը ծանօթանալ այն փաստաթղթին, որը ստորագրւել է Հայաստանում տեղի ունեցած եւրոպական գագաթնաժողովի շրջանակում։ Մենք կրկնում ենք նոյն վրացիների, մոլդովացիների, ուկրաինացիների սխալը. Հայաստանը չի գնում դէպի Եւրոպա: Այլ խօսք, որ Հայաստանին այդպէս են ներկայացնում եւրոպացիները, բայց մի լաւ արտայայտութիւն կա՝ ամուսնանալ եւ ամուսնանալու խոստում տալը տարբեր բաներ են: Մեզ խօսք են տւել, որ կամուսնանանք իրար հետ, բայց դա չի լինի շատ պարզ պատճառով: Յիշենք՝ Եւրոպական Միութեան թերեւս երկու տարի առաջ ընդունւած որոշումը, համաձայն որի՝ Եւրոպայի ընդլայնումը անորոշ ժամանակով դադարեցւում է, իսկ այդ անորոշ ժամանակը կարող է լինել 50-ից 100 տարի»,- ասել է Աբովեանը:
Անդրադառնալով եւրոպական երկրների ղեկավարների Հայաստան կատարած այցին եւ եւրոպական հեռանկարներին՝ Աբովեանն ասել է.
«Իշխանութիւնը ոչ թէ եւրոպամէտ, այլ՝ թուրքամէտ, ադրբեջանամէտ քաղաքականութիւն է վարում՝ գեղեցիկ եւրոպական փաթեթաւորմամբ քաղաքականութիւն: Հայաստանի ներկայութիւնը ԵԱՏՄ-ում հակասում է այն փաստաթղթին, որն այս իշխանութիւնը ստորագրեց եւրոպական գագաթնաժողովի շրջանակում»։
Հարցին, թէ արդեօ՞ք Եւրոպան պատրաստ է բացել իր շուկան Հայաստանի առջեւ, Արման Աբովեանը բացասական պատասխան է տւել։
«Եւրոպան բացո՞ւմ է Հայաստանի առջեւ իր շուկան։ Ո՛չ։ Ասեմ աւելին՝ եւրոպական շուկան մասնակի բաց է 2015 թւականից։ Մենք ունենք բազմաթիւ պայմանագրեր, խնդրեմ՝ ձեր ապրանքները տարէք Եւրոպայում վաճառէք։ Ինչի՞ չեն տանում. շատ պարզ պատճառով՝ բացի եւրոպական ստանդարտներից, այնտեղ գործում է քւոտաւորման խստագոյն համակարգ, որը ներում-բեկում չունի։ Վրացիները էդքան խելք չունէի՞ն, որ որոշեցին դիւերսիֆիկացնել իրենց քաղաքականութիւնը դէպի ԵԱՏՄ, կամ նոյն Ուկրաինան, որին պատերազմի ընթացքում փողով ու զէնքով զինում է Եւրոպան, բայց ոչ մի ուկրաինական ապրանք չի մտնում Եւրոպա»,- ասել է պատգամաւորի թեկնածուն:
Վերլուծելով տնտեսական հնարաւոր հետեւանքները՝ Արման Աբովեան եզրափակել է.
«Մենք պէտք է շատ յստակ եւ պարզ հասկանանք, որ այսպէս ունենալու ենք տնտեսական կոլափս, որը կրկին այս իշխանութիւնները մեղսագրելու են ռուսների վրայ՝ ասելով՝ տեսէք, ռուսները փակեցին սահմանը: Այն պարագայում, երբ ռուսն ասում է՝ ուզո՞ւմ ես գնաս Եւրոպա՝ գնայ, ես դէմ չեմ, բայց դու չես գնայ Եւրոպա իմ ռեսուրսների հաշւին»։



