ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ը յայտարարել է Իրանի դէմ հարւածների երրորդ փուլի աւարտի մասին

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) յայտարարել է, որ աւարտել է Իրանի դէմ այս շաբաթ իրականացւած հարւածների երրորդ փուլը՝ պնդելով, թէ դրանք պատասխան էին Հորմոզի նեղուցում առեւտրային մէկ այլ նաւի վրայ կատարւած յարձակմանը։

CENTCOM-ի պնդմամբ՝ յուլիսի 11-ին (թիր 20) իրականացւած գործողութիւնների ընթացքում ամերիկեան ուժերը բարձր ճշգրտութեան զինամթերքով հարւածներ են հասցրել մօտ 140 ռազմական թիրախի՝ կիրառելով ցամաքային եւ ծովային բազաւորում ունեցող կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր եւ ռազմածովային ուժերի միջոցներ։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարութիւնը նաեւ պնդել է, որ թիրախաւորւել են հրթիռային եւ անօդաչու համակարգերի տեղակայման վայրեր, ծովային կարողութիւններ, զինամթերքի պահեստներ, կապի ցանցեր եւ առափնեայ դիտարկման կենտրոններ։

Ըստ CENTCOM-ի՝ շաբաթւայ երեք գիշերների ընթացքում հարւածներ են հասցւել աւելի քան 300 թիրախի՝ նպատակ ունենալով, իրենց ձեւակերպմամբ, սահմանափակել Իրանի կարողութիւնը՝ հարւածներ հասցնելու քաղաքացիական նաւագնացութեան եւ առեւտրային նաւերին Հորմոզի նեղուցում։

Միւս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը նախապէս յայտարարել էր, որ ի պատասխան երկրի հարաւային շրջանների նկատմամբ ամերիկեան յարձակումների շարունակութեան՝ բանակը անօդաչու թռչող սարքերով հարւածներ է հասցրել Քուէյթում տեղակայւած ամերիկեան «Պատրիոտ» հակաօդային պաշտպանութեան համակարգին, զինամթերքի պահեստին եւ ռադարային կայանին։

Նոյն հաղորդագրութեան համաձայն՝ յաջորդ հարւածների ընթացքում թիրախաւորւել են նաեւ Բահրէյնում գտնւող ամերիկեան բանակի կապի եւ ռադարային համակարգերը։

Իրանի բանակը նախազգուշացրել է, որ տարածաշրջանում ստեղծւող անապահովութեան հետեւանքների պատասխանատւութիւնը կրում են «ամերիկա-սիոնիստական թշնամիները», եւ նման յարձակումների կրկնութեան դէպքում Իրանը կը տայ աւելի կոշտ պատասխան։

Related Articles

Back to top button