Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, հոկտեմբերի 11-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի երկու հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի աւարտին հանդիսաւոր շուքով նշւեց Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնը:
Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում, եպիսկոպոսական հանդիսաւոր Սուրբ Պատարագը մատոյց Թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ներկայութեամբ հաւատացեալների, եւ Թաւրիզի «Հայկազեան Թամարեան Սահակեան» դպրոցի աշակերտութեան: Նրանց ընկերակցում էր դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմը, եւ ծնողները:

Սուրբ Պատարագի ընթացքին, առաջնորդ Սրբազանը պատգամեց, վեր հանելով Թարգմանիչ Վարդապետների այն ժառանգը, որով հայ ազգի յաւերժ գոյութիւնը ապահովելով, անմահացել էին նրանք. «Պատմութիւնը վկայ է, որ անցած դարերի ընթացքում, պատերազմների, ցեղասպանութեան եւ բազմաթիւ այլ դժբախտ դէպքերի տոկացել է մեր ազգը, եւ դիմադրել բոլոր դժւարութիւնների, իր մշակոյթի միջոցով: Փորձել են կոտորել, բայց վերապրել է ազգը: Փորձել են ջնջել աշխարհի երեսից, բայց վերածնւել է մահւանից, ու գոյատեւել: Լեզուն, գիրն ու գրականութիւնը, ոչ ոք չի կարողացել գողանալ մեզանից», ասաց Սրբազանը, իր խօսքը ուղղելով յատկապէս եկեղեցում ներկայ աշակերտութեանը:
Ուրմիայում եւս, մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին քարոզեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:
Թաւրիզում կայացած եկեղեցական արարողութեան աւարտին տեղի ունեցաւ հայ մշակոյթի օրւան նւիրւած ամփոփ ձեռնարկ, աշակերտական դասախօսութեան եւ գեղարւեստական ծրագրի ներկայացման մասնակցեցին Էրեբունի Մարգարեանը, Էմելին Մկրտիչեանը եւ Ադրիէլ Աբդիշոյեանը:
Ուրմիայում, «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի բոլոր երեխաների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Թարգմանիչ Վարդապետների նւիրւած հաւաքական ասմունք, յատուկ խանդավառութիւն ստեղծելով ներկայ հաւատացեալների եւ ծնողների մօտ:
Նշենք, որ երկու քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցաւ հաւաքական խոստովանանք, եւ բոլոր աշակերտներն ու ծնողները, ինչպէս նաեւ տեսչութեան եւ ուսուցչական կազմի անդամները, հաւատացեալ ներկաները հաղորդւեցին Յիսուսի սուրբ Մարմնով եւ Արեամբ:



