Բաղայի. Պարսից ծոցի անապահովութեան պատասխանատուներին պէտք է յստակ մատնանշել

ԱԳՆ խօսնակ Էսմայիլ Բաղային յայտարարել է, որ Պարսից ծոցի եւ Հորմոզի նեղուցի անվտանգութեան վերաբերեալ տարածաշրջանային հանդիպումները պէտք է կենտրոնանան անապահովութեան բուն պատճառների վրայ, յստակ մատնանշելով ԱՄՆ-ի եւ Իսրայէլի դերակատարութիւնը տարածաշրջանի ապակայունացման գործում։
Մեկնաբանելով Ստամբուլում եւրոպական երեք եւ տարածաշրջանի չորս երկրների հանդիպումը Բաղային եւրոպական կողմին յորդորել է դիւանագիտութեան մասին յայտարարութիւնները գործով ապացուցել յարգելով միջազգային իրաւունքը եւ հրաժարւելով Իրանի դէմ անօրինական պատժամիջոցներից ու հարկադրանքի քաղաքականութիւնից։
Նա նաեւ քննադատել է եւրոպական երկրների լռութիւնը ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի դէմ ռազմական յարձակումների նկատմամբ, շեշտելով, որ այդ յարձակումները տեղի են ունեցել բանակցութիւնների ընթացքում։
Բաղային ընդգծել է, որ Իրանը հաւատարիմ է դիւանագիտական լուծումներին, սակայն վճռականօրէն կը պաշտպանի իր ազգային ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։
Բաղային նաեւ խիստ քննադատել է Գերմանիայի իշխանութիւնների Իրանի նկատմամբ դիրքորոշման փոփոխութիւնը։ Նա յիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը 2025 թւականի յունիսին Իսրայէլի ռազմական յարձակումը Իրանի դէմ բնութագրել էր որպէս «կեղտոտ գործ, որ Իսրայէլը կատարում է բոլորիս փոխարէն», մինչդեռ 2026 թւականի հոկտեմբերին Գերմանիայի եւ եւրոպական մի շարք այլ երկրների արտաքին գործերի նախարարները զգուշացնում են Իրանի դէմ նոր յարձակման վտանգի մասին եւ կարեւորում լարւածութեան նւազեցումը։ Բաղային այս հակասութիւնը քննադատել է՝ մէջբերելով գերմանացի փիլիսոփայ Ֆրիդրիխ Շիլլերի խօսքերը՝ «…խելքի արի, ի՞նչ ես դու այլեւս, եթէ կապւած ես մոլեգնած խելագարութեան սանձին եւ անզօր ճիչերով նրա հետ միասին գլորւում ես դէպի անդունդ»:



