ՀամայնքՆոր Ջուղա

Իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդին նւիրւած մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայում

Ուրբաթ՝ նոյեմբերի 6-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ նոյն միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի իրականցւեց «Արեւի ճամբորդը» խորագրով մեծարման երեկոն՝ նւիրւած իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդին (Սուքիաս Քիւրքչեան)։

Երեկոյի բեմադրիչներն էին՝ Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը. կազմակերպիչների հետ համագործակցել էին՝ միութեան «Կռունկ» պարախումբն ու անհատ կատարողներ։

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Գեղարդ Մանսուրեանը, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց դպրոցների ներկայացուցիչներ, բանաստեղծ Վարանդն ու իր կինը եւ ժողովուրդ։

Երեկոն հանդիսավարեց Կարին Տէր-Մարտիրոսեանը. նա իր խօսքում յատկապէս ընդգծեց. «Բանաստեղծ Վարանդն իր գրական եւ հասարակական բազմաբեղուն գործունէութեամբ առանձնայատուկ տեղ է գրաւում 20-21-րդ դարերի հայ գրականութեան պատմութեան մէջ: Նրա բազմաժանր ստեղծագործութիւններում մշտապէս առկայ է մեր ժողովրդի անցեալի անմոռաց էջերը թարմ պահելու եւ արդի ու գալիք կեանքը բարւօք տեսնելու հաւատով մտահոգւած մարդը: Նրա գրական ժառանգութիւնը հայրենասիրական գաղափարախօսութեան մի այնպիսի հոտաւէտ ծաղկեփունջ է, որի բուրմունքն աւելի գրաւիչ է, քան պարտէզի ցաք ու ցրիւ ծաղիկների հոտը»:

Ծրագրի գեղարւեստական յայտագրում տեղ էին գտել հիասքանչ կատարումներ. ասմունքների շարանում Վարանդի ստեղծագործութիւնների կատարմամբ հանդէս եկան՝

Կարէն Խանլարեանը՝ «Ու ես ծնւեցի…», Ասպետ Սիմոնեանի սաքսոֆոնի ընկերակցութեամբ.

Վանանդ Իսաղուլեանը՝ «Տաղ տարագրի».

Արթուր Քամարզարեանը՝ «Ես այն մէկ հայն եմ».

Վանէ Յովսէփեանն ու Էմիլի Նաւասարդեանը՝ «Նրանք».

Նազէ Ասատրեանը՝ «Անձրեւոտ գիշեր», «Դու դեռ չգիտես».

Մանիա Ղուկասեանը՝ «Աջ կողմում սիրտ կայ», «Գոհունակութիւն».

Ներկայացւեց նաեւ «Շիրխորն ու շահը»-ը (Նոր Ջուղայի աւանդազրոյց) Մենուա Մարկոսեանի ներկայացմամբ. միւս դերերում էին՝ Կարէն Խանլարեանը (Յարութիւն Շիրխոր), Շարա Աղախանեանը (առիւծ), իսկ խրախճանքի տեսարանն իրականցրեց «Կռունկ» պարախումբը։

Յատկանշական է, որ բոլոր ներկայացումների ընթացքում համահունչ պատկերներով ու տեսանիւթերով զարդարւում էր բեմը։

Ծրագրում տեղ էին գտել նաեւ երգերի կատարումներ.

Նարբէ Գրիգորեանը մեներգեց «Հայաստան աշխարհ»-ը, Հարմա Կարապետեանը երգեց «Կապոյտ երազ իմ»-ը, որին իր պարային կատարմամբ ընկերակցեց Նազէ Ասատրեանը, իսկ Վանանդ Իսաղուլեանը՝ «Ծաղիկների աշխարհում»-ը։

Ընթացքում «Կռունկ» պարախումբը «Քոչարի» եւ «Մեդիա» պարային կատարումներով ողողեց բեմը։

Հարկ է նշել ասմունքները ղեկավարել էին՝ Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը, պարային կատարումները ուսուցանել էր պարուսոյց Քաթրին Թորոսեանը, իսկ երգերի գործիքաւորումն ու տեսանիւթերի ձեւաւորումը հերթաբար վստահւել էին՝ Հարմա Կարապետեանին ու Նարէ Մարկոսեանին։

Երեկոյի աւարտին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ Մշակութային միաւորի վարչութեան նախագահների Սարօ Պօղոսեանի եւ Նայիրի Այւազեանի միջոցով գնահատգիր շնորհւեց անւանի բանաստեղծին, իսկ Վարանդը շնորհակալական խօսք ուղղելով կազմակերպիչներին, բարձր գնահատեց բոլոր ելոյթները եւ երեկոն յիշարժան անւանեց իր համար։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button