ԱտրպատականԹեհրանՀամայնք

Սրտի խօսք Սեդա Վարդանեանի յիշատակին

Մահւան 40-օրեակի առթիւ

Անչափ դժւար է հաշտւել այն մտքի հետ, որ այլեւս  մեր կողքին չեն ապրում այն անձինք, ովքեր իրենց ողջ կեանքում եղել են մեզ համար փայլուն տիպար, առաջնորդել դէպի լոյս, պարուրել մեզ ջերմ գուրգուրանքով եւ, նոյնիսկ իրենց ֆիզիկական բացակայութեամբ, առյաւէտ մնում են հարազատների ու շրջապատի յուշերի քաղցր անկիւններում:

Ամէն մէկ անհատ շուտ թէ ուշ մեկնում է այդ անվերադարձ,  յաւերժի ճանապարհորդութեան, բայց երանի այն մարդուն,ով իրենից յետոյ թողնում է բարի ու անմոռանալի յիշատակներ, ինչպիսին էր մեր աննման Սեդան, ում կորուստը թէեւ խոր ափսոսանքով է լցնում մեր սրտերը, սակայն նրա թողած բարի անունը մեծ մխիթարութիւն է իր հարազատների համար:

Անչափ հոգատար ու նւիրեալ կին էր, իր սիրասուն ամուսնու՝ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների երկար տարիների վաստակաշատ տեսուչ հանգուցեալ Նորիկ Վարդանեանի կողքին, եւ իւրայատուկ ու անփոխարինելի մայր՝ իր զաւակների համար, ովքեր այսօր օրինակելի անհատներ են  իրենց կեանքում եւ համայնքում։

Ակնառու էր իր սիրալիր, բարի, ազնիւ, խոհեմ, հոգատար, ընկերասէր, բարեկամասէր եւ անչափ հիւրասէր վերաբերմունքը բոլորի, յատկապէս իր սաների եւ իրեն ճանաչողների  հանդէպ, որոնց մէջ սերմանում էր աշխատասիրութիւն, միաբանութիւն եւ հայրենասիրութիւն։

 

Սեդա Ղահրամանեան (Վարդանեան)

Ծնւել է 1947 թւականի նոյեմբերին Ուրմիայում, որտեղ եւ ստացել է իր դպրոցական կրթութիւնը։

1967 թւականին ամուսնացել է Նորիկ Վարդանեանի հետ եւ տեղափոխւել Թաւրիզ, ուր կազմել են իրենց ընտանիքը: Ունեցել է երեք զաւակ՝ Սիլւա, Նայիրի եւ Վարդան, բախտաւորւել վեց թոռով եւ երկու ծոռով:

Երկար տարիներ պաշտօնավարել է Թաւրիզի Հայոց ազգային դպրոցներում՝ որպէս ուսուցչուհի, ապա ստանձնել նոյն դպրոցների գրադարանի պատասխանատւութիւնը։ Իր մանկավարժական գործունէութեան ընթացքում նա իր ներդրումն է ունեցել մատաղ սերնդի կրթութեան, հայեցի դաստիարակութեան եւ ազգային արժէքների պահպանման գործում։

Կրթական աշխատանքներին զուգահեռ՝ մասնակցել է նաեւ համայնքի ազգային-հասարակական կեանքին՝ անդամակցելով Հայ Օգնութեան Միութեանը (ՀՕՄ) եւ «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչական կազմին։

Ի գնահատութիւն կրթական ասպարէզում իր երկարամեայ ծառայութեան եւ վաստակի՝ հանգստի կոչւելուց յետոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից պարգեւատրւել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

1997 թւականին կրեց կեանքի ամենածանր հարւածը՝ կորցնելով ամուսնուն՝ Նորիկ Վարդանեանին։ Այդ անդառնալի կորուստը դարձաւ նրա ողջ կեանքի անսփոփ վիշտը։

2004 թւականին տեղափոխւել է Թեհրան, որտեղ անդամակցել է Ուսուցիչների միութեանը եւ շարունակել իր կապը կրթական ու համայնքային շրջանակների հետ։

Կեանքից հեռացաւ 2026 թւականի հոկտեմբերի 3-ին՝ Թեհրանի իր տանը՝ թողնելով մի ամբողջ կեանք՝ լի սիրով, ջերմութեամբ ու անջնջելի յիշողութիւններով։

Նրա աճիւնը տեղափոխւեց Թաւրիզ ու յաւերժական հանգիստ գտաւ Ազգային գերեզմանատանը՝ իր սիրելի ամուսնու «Նորիկի» կողքին։

Ինչպէս որ ասում են՝

«Ուսուցիչները չեն մարում,

Նրանք մարմնապէս հեռանում են՝

Սերունդներին թողնելով

Իրենց անմար ջահը լուսէ…»

Յարգա՜նք ու պատիւ այն մարդուն, ով կարողացաւ իր ապրած կեանքը արժեւորել ազնիւ գործերով ու նւիրական աշխատանքով՝ թողնելով բարի անուն ու համբաւ:

Սիրելի՛ Սեդա, քո յաւիտենական օթեւանում հանգի՛ստ ննջիր, որովհետեւ կեանքիդ ընթացքում լաւագոյնս կատարել ես թէ՛ մարդկային, թէ՛ ընտանեկան եւ թէ՛ հասարակական բոլոր պարտականութիւնները։

Վարձքդ կատա՜ր Հայ ազգի հայուհի:

Յարգանք ու պատիւ անմոռաց յիշատակիդ:

Թող ամենակարող Աստւած նրա հոգուն պարգեւի երկնային արքայութիւն: 

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն:

ՄԱՐԳՈՒՇ ՄԵԼԻՔԵԱՆ

Related Articles

Back to top button