ԻրանՄիջազգայինՔաղաքական

Միջազգային վերլուծական կենտրոնները եւ Իրանը. Ճնշումը՝ ռազմավարական գործի՞ք, թէ՞ քաղաքական ծուղակ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի միջանկեալ ընտրութիւնները ցոյց տւեցին, որ Իրանի դէմ տնտեսական շրջափակումը Վաշինգտոնի համար քաղաքական յաղթանակ չապահովեց, իսկ պատերազմի հետեւանքներն արդէն իսկ անդրադառնում են ԱՄՆ-ի ներքին քաղաքականութեան եւ Իսրայէլի դիրքերի վրայ։

Իրանի դէմ ռազմական գործողութիւնների վերսկսման փոխարէն Վաշինգտոնի համար կարծես նախընտրելին տնտեսական ճնշման շարունակումն է։ Սակայն հարցը մնում է նոյնը, արդեօք շրջափակումը կը տանի դէպի այն ելքը, որին չյաջողւեց հասնել ռազմական առճակատմամբ։

Բրիտանական ՉԱԹԸՄ ՀԱՈՒՍ վերլուծական կենտրոնի գնահատականը մի կողմից, եւ ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մարկօ Ռուբիոյի յայտարարութիւնները միւս կողմից, բացայայտում են այս ռազմավարութեան շուրջ առկայ հակասութիւնը։ Առաջինը կասկածի տակ է դնում Իրանի դէմ ծովային շրջափակման ռազմավարական արդիւնաւէտութիւնը, արձանագրելով, որ տնտեսական ճնշումով չէ, որ Իրանի կարողութիւններով պետութեանը մղի էական զիջումների։ Իսկ երկրորդը հակառակ պնդումով նշում է, որ պատժամիջոցներն ու շրջափակումն այնքան արդիւնաւէտ են, որ Թրամփի վարչակազմն այլեւս ռազմական լայնածաւալ գործողութիւնների կարիք չունի։

Սակայն բանակցութիւնների ընթացքում տեղի ունեցած նախորդ երկու փորձը ցոյց տւեց, որ ռազմական գործողութիւններից առայժմ խուսափելը դեռեւս չի նշանակում, թէ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին։ իսկ Ռուբիոյի խօսքերում տնտեսական ճնշման արդիւնաւէտութեան մասին յստակ յայտարարութիւնը չի նշանակում տեղատւութիւն՝ Իրանի կողմից:

Իսկ ՉԱԹԸՄ ՀԱՈՒՍ-ի մատնանշումը հէնց այդ բացի մասին է: Շրջափակումը կարող է վնասել Իրանի տնտեսութեանը, բայց միաժամանակ խորացնել դիմադրութիւնը եւ կողմերին դարձեալ կանգնեցնել առճակատման փաստի առաջ։

Թեհրանի հաշւարկն ըստ վերլուծականի, հիմնւած է ոչ միայն սեփական դիմակայութեան, այլեւ տարածաշրջանային ու միջազգային շահերի բախման վրայ։ Չինաստանի դիրքորոշումը, Պարսից ծոցի երկրների տնտեսական կորուստները եւ ծովային հաղորդակցութիւնների կաթւածահար վիճակը կարող են ժամանակի ընթացքում մեծացնել Վաշինգտոնի վրայ գործադրւող ճնշումը։ Այսպիսով, շրջափակումը, որ նախատեսւած էր Իրանի վրայ ճնշումը մեծացնելու համար, կարող է վերածւել նաեւ ԱՄՆ-ի դաշնակիցների համար ծախսատար քաղաքականութեան։

Առճակատման գինը, սակայն, միայն տնտեսական չէ։ Իսրայէլական 13-րդ հեռուստաալիքի վերջին անդրադարձը վկայում է, որ Իրանի դէմ պատերազմն ու Թել Աւիւի քաղաքականութեան հետ նոյնացւելը սկսել են վնասել Իսրայէլի դիրքերին նաեւ ամերիկեան քաղաքական դաշտում։ Հեռուստաալիքը մտահոգութիւն է յայտնել, որ Իսրայէլը նոյնիսկ Հանրապետական կուսակցութեան որոշ շրջանակներում վերածւում է «թունաւոր քաղաքական խորհրդանիշի»։

ԻՌՆԱ-ն նոյն կապակցութեամբ նշել է, որ սա ուշագրաւ ազդանշան է։ Տարիներ շարունակ Իսրայէլի նկատմամբ երկկուսակցական աջակցութիւնը համարւել է ամերիկեան քաղաքական համակարգի կայուն յենասիւներից մէկը։ Այսօր, սակայն, այդ յենասիւնի ամրութիւնը հարցականի տակ է դրւում ոչ թէ Թեհրանի, այլ հէնց իսրայէլական լրատւամիջոցի կողմից։ Խօսքը հրեայ համայնքների նկատմամբ վերաբերմունքի մասին չէ, այլ Իսրայէլ պետութեան քաղաքական վարկի եւ նրա նկատմամբ ամերիկեան հանրային ու քաղաքական աջակցութեան նւազման վտանգի։

Այս ամէնը մի հարց է առաջադրում. արդեօք Թրամփի վարչակազմը կարող է Իրանի դէմ ճնշման քաղաքականութիւնը ներկայացնել որպէս յաջողութիւն, եթէ դրա դիմաց չի ստանում ակնկալւած զիջումները, շարունակում է կրել տարածաշրջանային առճակատման ծախսերը եւ միաժամանակ բախւում սեփական դաշնակցի նկատմամբ քաղաքական աջակցութեան թուլացմանը։

ՉԱԹԸՄ ՀԱՈՒՍԸ որպէս փակուղուց դուրս գալու ելք առաջարկում է փուլային դիւանագիտութիւնը Հորմոզի նեղուցի բացման եւ ռազմական գործողութիւնների դադարեցման դիմաց շրջափակման մասնակի վերացում, ապա միջուկային բանակցութիւններ, պատժամիջոցների աստիճանական մեղմացում եւ Իրանի սառեցւած միջոցների ազատում։

Related Articles

Back to top button