Արաղչին ՄԱԿ-ից եւ ԱԷՄԳ պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ յայտարարութիւնը

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին, Անվտանգութեան խորհրդի նախագահ Պաւլոտա Դեսլանդէսին եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսիին, պահանջելով յստակօրէն դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ տեղեկութիւնների դիմաց մինչեւ 20 միլիոն դոլար պարգեւատրում խոստանալու յայտարարութիւնը։
Նոյեմբերի 10-ի նամակում Արաղչին յայտարարութիւնը որակել է վտանգաւոր եւ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի, ակադեմիական շրջանակների ու միջուկային հաստատութիւնների անվտանգութեանը սպառնացող քայլ։ Նրա գնահատմամբ ԱՄՆ-ի այս նախաձեռնութիւնը փաստացի խրախուսում է լրտեսական գործունէութիւնը, այդ թւում միջուկային գիտնականների, մասնագէտների, սարքաւորումների եւ հաստատութիւնների վերաբերեալ ահաբեկչական գործողութիւնները:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ նման քայլերը հարցականի տակ են դնում ԱԷՄԳ-ի երաշխիքների համակարգի անկախութիւնն ու վստահելիութիւնը, միաժամանակ վտանգ ստեղծելով գործակալութեան վերահսկողութեան ներքոյ գտնւող միջուկային հաստատութիւնների եւ դրանց անձնակազմի անվտանգութեան համար։
Նամակում Թեհրանը նաեւ յղում է կատարել Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի 4-րդ յօդւածին, ընդգծելով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման բնական իրաւունքը պետութիւնների համար։




