ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել ռազմական գործողութիւններն ու ծովային շրջափակումը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ եւ դեսպան Ղոլամհոսէյն Դարզին, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի Մերձաւոր Արեւելքի իրավիճակին նւիրւած նիստում, յայտարարել է, որ եթէ ԱՄՆ-ն իսկապէս կողմ է դիւանագիտական լուծմանը, պէտք է անմիջապէս եւ առանց նախապայմանների դադարեցնի Իրանի դէմ ռազմական գործողութիւններն ու ծովային շրջափակումը։ Այս մասին է տեղեկացնում ԱԳՆ մամլոյ ծառայութիւնը:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պէտք է նաեւ արժանահաւատ երաշխիքներ ներկայացնի ռազմական գործողութիւններից խուսափելու վերաբերեալ, եւ յարգել Իրանի ինքնիշխանութիւնն ու միջզգայնօրէն հաստատւած իրաւունքները, ինչպէս նաեւ վերացնել միակողմանի հարկադրական միջոցները։

Դարզիի խօսքով Իրանը վերջին երկու տարիների ընթացքում անկեղծօրէն է մասնակցել բանակցութիւններին, սակայն ԱՄՆ-ն ամէն անգամ երկխօսութեան ընթացքում դիմել է ռազմական գործողութիւնների կամ փորձել սպառնալիքների լեզւով խօսել։ Նա նշել է, որ այս փորձը խորացրել է Թեհրանի անվստահութիւնը եւ կասկածներ առաջացրել բանակցութիւնների վերսկսման հեռանկարների նկատմամբ, առանց նման գործողութիւնների չկրկնման արժանահաւատ երաշխիքների։

Իրանի ներկայացուցիչը Պարսից ծոցի եւ Հորմոզի նեղուցի շուրջ ստեղծւած անկայունութեան գլխաւոր պատճառ է համարել ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական գործողութիւնները, պնդելով, որ ծովային շրջափակումը եւ Իրանի նաւահանգիստների դէմ սահմանափակումները խորացնում են տարածաշրջանային ճգնաժամը։

Նա նաեւ մերժել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2817 բանաձեւը, այն որակելով քաղաքական շարժառիթներով ընդունւած փաստաթուղթ, որն անտեսում է հակամարտութեան սկզբնապատճառները եւ Իրանի ինքնապաշտպանութեան իրաւունքը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նոյեմբերի 13-ի նիստը գումարւել էր Պարսից ծոցի անվտանգութեան, Հորմոզի նեղուցում նաւագնացութեան եւ տարածաշրջանում լարւածութեան աճի հարցերի քննարկման նպատակով։

Related Articles

Back to top button