ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչիի յօդւածը Kyodo News-ում. ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական գործողութիւնների համար պատասխան է տալիս միջազգային հանրութիւնը

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ճապոնական Kyodo News-ում հրապարակւած յօդւածում ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական յարձակումներն Իրանի դէմ որակել է ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքների կոպիտ խախտում։

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Արաղչին յօդւածում ընդգծել է, որ ապագայ հնարաւոր սպառնալիքների վերաբերեալ մակերեսային գնահատականներով անհնար է արդարացնել այլ երկրի դէմ ռազմական ուժ կիրառելու փաստը։ Նրա համոզմամբ՝ նման մօտեցումը կարող է վտանգել Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ձեւաւորւած միջազգային իրաւական կարգը։

ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածի 4-րդ կէտին, որն արգելում է ուժի կիրառումը կամ սպառնալիքի լեզւով խօսելը որեւէ երկրի տարածքային ամբողջականութեան եւ քաղաքական անկախութեան դէմ։ Նա նշել է, որ ուժի կիրառումը միջազգային իրաւունքով թոյլատրելի է միայն սահմանափակ պայմաններում, մասնաւորապէս ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդւածով նախատեսւած ինքնապաշտպանութեան իրաւունքի շրջանակում։

Արաղչին արձանագրել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնները չեն ունեցել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի արտօնութիւնը, իսկ ապագայ սպառնալիքների մասին պնդումները ինքնին բաւարար իրաւական հիմք չունեն ինքնապաշտպանութեան իրաւունքը վկայակոչելու համար։

Նա նաեւ անդրադարձել է Իրանի դպրոցներին, մարզաւաններին, քաղաքացիական ենթակառուցւածքներին եւ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքոյ գտնւող միջուկային կառոյցներին հասցւած հարւածներին, ընդգծելով, որ դրանք պէտք է գնահատւեն նաեւ միջազգային իրաւունքի եւ մարդկութեան դէմ յանցագործութեան տեսանկիւնից։

Յօդւածում Արաղչին նշել է, որ միջազգային իրաւունքի համաձայն պետութիւնը պատասխանատու է իր կողմից իրականացւած միջազգային պարտաւորութիւնների խախտումների համար եւ պարտաւոր է դադարեցնել այդ գործընթացները, երաշխաւորել դրա չկրկնելը եւ հատուցել պատճառւած վնասները։

ԱԳ նախարարը յաւելել է, որ Իրանը զինւած յարձակման ենթարկւելու դէպքում, կիրառել եւ կիրառելու է ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդւածով ամրագրւած ինքնապաշտպանութեան իրաւունքը միջազգային իրաւունքի սահմանած կարգը յարգելով: 

Յօդւածի եզրափակիչ հատւածում Արաղչին ընդգծել է, որ խնդիրը դուրս է Իրանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնների կամ Մերձաւոր Արեւելքի հաւասարումների շրջանակից։ Նրա խօսքով հարցը վերաբերում է միջազգային իրաւական համակարգի հեղինակութեանը եւ այն սկզբունքին, որ որեւէ պետութիւն, անկախ իր ռազմական հզօրութիւնից, չի կարող իր կամքը վեր դասել միջազգային իրաւունքի պարտադիր կանոններից։

Related Articles

Back to top button