
ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին յայտարարել է, որ Թեհրանը շարունակում է իրեն համարել պատերազմական իրավիճակում գտնւող երկիր եւ պատրաստւում է հնարաւոր զարգացումների երեք սցենարի՝ դիւանագիտական բանակցութիւնների, տնեսական շրջափակման դիմագրաւման, եւ ռազմական գործողութիւնների վերսկսման։
Կիրակի երեկոյեան հեռուստատեսային հարցազրոյցում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցութիւններում վստահութեան հիմքեր չկան, յիշեցնելով վերջին մէկուկէս տարւայ ընթացքում արձանագրւած երեք խախտումների մասին՝ 12-օրեայ եւ 40-օրեայ պատերազմներն ու Իսլամաբադի համաձայնութեան կարճատեւ կեանքը։ Նրա համոզմամբ պատերազմական պայմաններում հնարաւոր չէ բոլոր յոյսերը կապել դիւանագիտութեան հետ. «Պատերազմի պայմաններում բոլոր հաւկիթները մէկ զամբիւղում չեն տեղաւորւում»,- նշել է նա։
Ղարիբաբադին նշել է, որ որեւէ համաձայնութեան հասնելու համար Իրանի առանցքային պահանջներն անփոփոխ են պատերազմի մշտական դադարեցում բոլոր ճակատներում, տնտեսական շրջափակման վերացում, սառեցւած իրանական միջոցների վերադարձ եւ նաւթային ու այլ պատժամիջոցների վերացում։
Անդրադառնալով միջուկային ծրագրի մասին հարցին նա յայտարարել է, որ մինչեւ պատերազմի վերջնական կարգաւորումն ու ԱՄՆ-ի պարտաւորութիւնների կատարումը, Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան տեսուչների մուտքը իրանական միջուկային կառոյցներ հնարաւոր չէ։ Միաժամանակ, Թեհրանը շարունակում է իրաւական հետապնդումները 12-օրեայ պատերազմի առնչութեամբ յարուցւած 226, իսկ 40-օրեայի կապակցութեամբ 386 քրէական գործերով եւ Միջազգային դատական ատեաններում ներկայացւած հայցերով։



