Հայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութային

Սերգէյ Սմբատեանի գեղարւեստական ղեկավարութեամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփւեց Խաչատրեանի անւան երիտասարդական միջազգային երկրորդ մրցոյթը

Անցեալ շաբաթ Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով եւ մրցանակաբաշխութեամբ ամփոփւեց Խաչատրեանի անւան երիտասարդական միջազգային երկրորդ մրցոյթը, որի գեղարւեստական ղեկավարն է դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նւագախմբի հիմնադիր, գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը։ Միջազգային նախընտրական փուլերից եւ Պեկինում անցկացւած եզրափակիչ փուլից յետոյ յայտնի դարձան մրցոյթի յաղթողներն ու դափնեկիրները։

Մրցոյթը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ ստեղծելով միջազգային հարթակ՝ մասնագիտական կարողութիւնները ներկայացնելու, ստեղծագործական փորձի փոխանակման եւ դասական երաժշտութեան միջոցով մշակութային երկխօսութիւնը զարգացնելու համար։ Մրցոյթի առանցքում Արամ Խաչատրեանի կոմպոզիտորական ժառանգութեան հանրահռչակումն էր՝ ամբողջ աշխարհից Չինաստան ժամանած երիտասարդ կատարողների շրջանում։ Այս մասին յայտնում է Tert.am:

Մրցոյթն այս տարի առանձնացաւ լայն աշխարհագրական ընդգրկմամբ։ Յուլիսից սեպտեմբեր անցկացւած միջազգային նախընտրական փուլին յաջորդեցին տարածաշրջանային փուլեր Եւրոպայում, Ասիայում, Հայաստանում եւ Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցոյթն անցկացւեց հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թաւջութակ եւ կամերային անսամբլ։ Մրցոյթի մասնակիցների ելոյթներին հնարաւորութիւն է տրւել հետեւելու նաեւ առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։

Մրցոյթի չորս հիմնական մասնագիտական անւանակարգերում յաղթող են ճանաչւել Չժաօ Եոյոյը (ալտ), Նիու Չժենհաոն (թաւջութակ), Գուօ Ֆեննինգը (ջութակ) եւ Էլենա Բաթայեն (դաշնամուր)։

Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդէս եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նւագախմբի հետ՝ Սերգէյ Սմբատեանի ղեկավարութեամբ։ Միջազգային բեմում նւագախմբի հետ ելոյթ ունենալը երիտասարդ երաժիշտների համար դարձաւ արժէքաւոր մասնագիտական փորձառութիւն՝ հնարաւորութիւն ընձեռելով դրսեւորելու իրենց կատարողական վարպետութիւնն ու բացայայտելու ստեղծագործական ներուժը։

Մրցոյթի նպատակն է բացայայտել եւ աջակցել երիտասարդ երաժշտական տաղանդներին, խթանել միջազգային ստեղծագործական համագործակցութիւնը եւ արժեւորել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի ժառանգութիւնը, որի երաժշտութիւնը շարունակում է ոգեշնչել աշխարհի տարբեր սերունդների երաժիշտներին ու ունկնդիրներին։

Չինաստանում Խաչատրեանի անւան մրցոյթներն անցկացւում են 2023 թւականից, իսկ Խաչատրեանի անւան երիտասարդական միջազգային առաջին մրցոյթը տեղի է ունեցել 2024 թւականին։

Մրցոյթին զուգահեռ անցկացւեց նաեւ «Խաչատրեանի անւան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետութեան դասեր, կրթական ծրագրեր եւ համերգներ։

Խաչատրեանի անւան երիտասարդական միջազգային մրցոյթը կազմակերպում են «Արամ Խաչատրեան» մշակութային հիմնադրամը եւ «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերութիւնը։

Related Articles

Back to top button