ԹեհրանՀամայնք

Երեխայի երեւակայութեան դռները՝ թատրոնի բեմին

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Գեղարդ» թատերախմբի նոր ներկայացումը՝ եօթից եօթանասուն տարեկան երեխաների համար

ՀԱՏԻՍ – Մանկական ներկայացումը թատրոնի ամենապատասխանատու փորձութիւններից է։ Այստեղ հանդիսատեսին գրաւելու համար բաւական չէ գեղեցիկ հագուստը, զւարճալի կերպարներն ու հեքիաթային զարդարանքը։ Երեխան բեմից աւելին է սպասում. նա ուզում է հաւատալ տեսածին, մտնել պատմութեան մէջ, հարցեր տալ եւ, գուցէ, մի պահ մոռանալ, որ իր առջեւ ընդամէնը բեմ է։ Մանկական թատրոնը զուտ ժամանց չէ. այն երեւակայութեան, մտածողութեան, բարու ու չարի ճանաչողութեան եւ սեփական աշխարհը ստեղծելու առաջին փորձառութիւններից է։

Այսպիսի մի դուռ է փորձում բացել Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Գեղարդ» թատերախումբն իր նոր՝ «Ես ու Նապնապը» ներկայացմամբ, որը նոյեմբերի 19-ին, 20-ին, 26-ին եւ 27-ին կը բեմադրւի միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում։

Ներկայացման ամենափոքր դերակատարը եօթ տարեկան է, ամենամեծը՝ եօթանասուն։ Տարիքային այս տարբերութիւնը, սակայն, ոչ միայն չի խանգարում մանկական ներկայացման տրամադրութեանը, այլեւ որոշակի հմայք է հաղորդում նրան։ Բեմում թագաւորը կարող է յիշեցնել երեխաներից իւրաքանչիւրի պապիկին, իսկ Նազիր-վեզիրը՝ այն մեծահասակին, որի միամտութիւնը երբեմն չի զիջում խաբւելու նոր փորձառութիւն ունեցող երեխային։ Նրանք իրենց դերերը խաղում են ամբողջ նւիրումով, կարծես բեմում տարիքն այլեւս նշանակութիւն չունի, եւ բոլորը հաւասարապէս մասնակից են նոյն խաղին։

Անի Զաքարեանի ղեկավարութեամբ եւ բեմադրութեամբ պատրաստւած այս աշխատանքը «Գեղարդ» թատերախմբի երրորդ մանկական ներկայացումն է։ Զաքարեանի փոխանցմամբ խումբը իւրաքանչիւր տարի նոյեմբերին նոր ներկայացում է բեմ բարձրացնում։ Նախորդ երկու բեմադրութիւններն էլ իրականացւել են նոյն սկզբունքով, մանուկ հանդիսատեսին թատերական նոր պատմութիւն առաջարկելու նպատակով։ Այս անգամ, սակայն, Զաքարեանն ինքը նաեւ թատերգի հեղինակն է։

Այս տարւայ բեմադրութեան նախապատրաստական աշխատանքները, սակայն, սովորական ընթացք չեն ունեցել,- նշում է Անի Զաքարեանը: Պատերազմական իրավիճակի պատճառով փորձերը որոշ ժամանակով ամբողջովին դադարեցւել էին, եւ երեխաներին ներկայացմանը պատրաստւելու համար համեմատաբար կարճ ժամանակ էր մնացել։ Նոյեմբերին, ինչպէս նախորդ տարիներին, նոր ներկայացում բեմ բարձրացնելու նախաձեռնութիւնն այս անգամ դարձել էր առաւել դժւարին ու բարդ աշխատանք, թէ՛ ղեկավարի, թէ՛ պատանի դերակատարների համար։

«Ես ու Նապնապը հեքիաթներում»-ի պատմութիւնը սկիզբ է առնում Մանէի ծննդեան գիշերը։ Երեխան տանը մենակ է, սպասում է աշխատանքից ծնողների վերադարձին։ Նրա կողքին Նապնապն է, սիրելի տիկնիկը, որն այս պատմութեան մէջ շատ աւելին է, քան սովորական խաղալիք։ Քունը Մանէին տանում է երազների աշխարհ, իսկ Նապնապը դառնում է այդ անծանօթ աշխարհում նրա ուղեկիցը։

Հետաքրքրական է նաեւ բեմի տարածութեան հետ Անի Զաքարեանի գտած խաղը։ Մանէի ծննդեան տեսարանը ծաւալւում է վարագոյրից այս կողմ՝ բեմի եզրին, կարծես հանդիսատեսն ականատես է լինում միանգամայն սովորական ընտանեկան իրավիճակի։ Սակայն երբ Մանէն քուն է մտնում, բեմական իրականութիւնը փոխւում է։ Երազի աշխարհից՝ վարագոյրի յետեւից, դերակատարները դուրս են գալիս դէպի հանդիսատեսը, գրկում քնած Մանէին եւ նրան իրենց հետ տանում վարագոյրից այն կողմ։ Վարագոյրը բացւում է, եւ սկսւում է երազի տեսարանը։

Այս պարզ, բայց ուշագրաւ բեմադրական լուծումը սահման է գծում երկու աշխարհների միջեւ, մի կողմից առօրեայ կեանքն իր սպասումներով, միւս կողմից երեւակայութեան անսահման տարածքը։ Հանդիսատեսը ոչ միայն հետեւում է Մանէի երազին, այլեւ բեմական այդ անցման միջոցով կարծես ինքն էլ է ներգրաււում նրա երազային ճամփորդութեանը։

Իսկ վարագոյրից այն կողմ բացւող աշխարհում իրականութեան սահմանները սկսում են նահանջել: Կենդանիները, ծառերն ու շրջապատող էակները մտածում են, խօսում, երբեմն խաբում, երբեմն էլ անսպասելիօրէն օգնում։ Ինչպէս Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» պատմութիւնում, այստեղ եւս երեւակայութիւնն ունի իր սեփական տրամաբանութիւնը, եւ ամենաանհաւանական դէպքերն անգամ բնական են թւում երազի մէջ։ Սովորական իրերը կարող են նոր կեանք ստանալ, իսկ մի փոքրիկ տիկնիկ դառնալ ամենահաւատարիմ ընկերը։

Մօտ մէկ ժամ տեւող ներկայացման ընթացքում Մանէն եւ Նապնապը երեխաներին տանում են մի աշխարհ, որտեղ հնարաւոր է ամէն ինչ։ Սակայն այդ ճամփորդութիւնը միայն փոքրիկների համար չէ։ Հնարաւոր է մեծահասակ հանդիսատեսն էլ այդ ընթացքում հանդիպի իր մանկութեան ինչ-որ մոռացւած պատկերին, չիրականացած երազանքին կամ այն պարզ հաւատին, թէ ծառերը կարող են խօսել, կենդանիները գաղտնիքներ ունենալ, իսկ հրաշքները թաքնւած լինել ամենասովորական գիշերների մէջ։

Գուցէ մանկական թատրոնի ամենամեծ յաջողութիւնն էլ հէնց սա է, բեմից դուրս գալուց յետոյ երեխայի երեւակայութեան մէջ ներկայացումը դեռ շարունակւի, իսկ մեծահասակը մի պահ յիշի, որ ինքը եւս ժամանակին հաւատացել է հրաշքներին։

«Ես ու Նապնապը հեքիաթներում» ներկայացումները կը կայանան նոյեմբերի 19-ին, 20-ին, 26-ին եւ 27-ին, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում։

Դերասաններ՝

Դերիկ Թէքդեան, Արմէն Զարգարեան, Էրիկա Իսաւի, Վանեսա Իսաւի, Անի Յովհաննիսեան, Լիանա Սեփարուկ, Էլիաննա Դարասեան, Ալեքօ Յարթին, Մարիաննա Միրզայեան, Անայիս Աւագեմի, Իւ Իսկանդարեան, Էլիթա Դարասեան, Ֆլաւիա Աղախան եւ Մոնթէ Սաւադեանս

Ձայնի եւ լոյսի պատասխանատու՝

Էլենի Առաքելեան

Բեմայարդար՝

Արմէն Զարգարեան

Զգեստների պատասխանատու՝

Ալիսոն Մարթին

Աֆիշ՝

Անի Յովհաննիսեան

Յայտագիր՝

Վանեսա Իսաւի

Հեղինակ եւ բեմադրիչ՝

Անի Զաքարեան

Լուսանկարները` ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button