
Էրւին Գալստեանի «Ոտքի Դատաւորն է գալիս» թատերգութիւնը՝ դասական պատումների, նոր սերնդի եւ հասարակական նախապաշարումների բախման մասին
ՀԱՏԻՍ – Մանկական հեքիաթներում գայլը սովորաբար մեղադրեալի աթոռին է։ Նա վտանգաւոր է, յարձակւում է, խժռում անպաշտպաններին եւ, ի վերջոյ, պատժւում։ Բայց ի՞նչ կը լինի, եթէ մի օր այդ նոյն գայլին կանգնեցնենք դատարանի առաջ՝ ոչ թէ հերթական անգամ դատապարտելու, այլ լսելու, թէ ինչ է ասելու ինքը։ Եւ ամենակարեւորը՝ արդեօք դատարանը պատրա՞ստ է վերանայել իր վաղուց ձեւաւորւած պատկերացումները։
Հէնց այս հարցադրումն է ընկած Էրւին Գալստեանի հեղինակած «Ոտքի Դատաւորն է գալիս» թատերգութեան հիմքում, որը նա բեմադրում է Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան մանկապատանեկան թատերախմբի հետ, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի սաների մասնակցութեամբ։
Թէեւ ներկայացումն առաջին հերթին նախատեսւած է պատանի հանդիսատեսի համար, դրա հարցադրումները միայն երեխաներին չեն վերաբերում։ Ըստ Էրւին Գալստեանի պատմութեան հետ կապ կարող են հաստատել նաեւ մեծահասակները։ Թատերգութեան անւանման մէջ որոշակի նմանութիւն կայ մէկ այլ յայտնի ստեղծագործութեան հետ, սակայն այստեղ պատմութիւնը բոլորովին այլ ուղղութեամբ է զարգանում։ Խօսքը հասարակական յիշողութեան, անցեալի դէպքերով անհատին դատելու եւ այդ դատավճռի հետեւանքների մասին է։
Գալստեանի ստեղծագործական շարժառիթներից մէկը մանկական գրականութեան մէջ հանդիպող քրէական պատումներն են: Այն նուրբ թելը, որը տարբեր հեքիաթներում ու պատմութիւններում կրկնւող կերպարներին ու դէպքերին իրար է կապում։ Գայլը, տատիկը, խոզուկները, ուլիկը… ծանօթ կերպարներ, որոնց պատմութիւնները սերունդներ շարունակ փոխանցւել են:
Ներկայացման դատավարութեան հատւածում հանդիսատեսը վերադառնում է հեքիաթային յիշողութեանը։ «Սեւուկ ուլիկը», «Կարմիր գլխարկը», «Երեք խոզուկները» եւ դրանցում հանդիպող տատիկի պէս ծանօթ կերպարները դառնում են մեղադրանքի ու դատաստանի նիւթ։ Սակայն այստեղ հետաքրքիր է ոչ միայն հեքիաթների հերոսների ներկայութիւնը, այլեւ հանդիսատեսի ներգրաւման ձեւը։ Բեմադրութիւնը կարծես խաղում է ոչ միայն չորրորդ պատի, այլեւ դրա միւս կողմում կուտակւած յիշողութիւնների ու նախապաշարումների հետ։ Հանդիսատեսն իր իմացած պատմութիւններով, հերոսների մասին վաղուց ձեւաւորւած պատկերացումներով ակամայ դառնում է այդ դատավարութեան մասնակիցը։ Այդ յիշողութիւնն է նաեւ այն անտեսանելի թելը, որով բեմը կապւում է դահլիճին։

Հեքիաթի հերոսները՝ նոր դատաստանի առաջ
Իւրաքանչիւր սերունդ դասական հեքիաթների հետ շփւել է իր ժամանակի փորձով: Հեքիաթը կարող է մնալ նոյնը, բայց ժամանակի հետ փոխւում է ընթերցողի աչքը: Սա հէնց այն շարժառիթն է, որով գրականութեան դասական կերպարները երբեմն դուրս են բերւում իրենց սովորական միջավայրից, նոր հարցերի առաջ կանգնեցնելով բոլորին։
Էրւին Գալստեանի բեմադրութեան մէջ գայլը միայն հեքիաթի չարագործը չէ։ Հեղինակի դիտարկմամբ նրան ներկայացնում են այնպէս, կարծես նրա միակ նպատակը բոլորին ուտելն է։ Բայց բնութեան մէջ գայլը պէտք է ապրի, որս անի, հետեւաբար ինչո՞ւ ենք նրա բնական վարքագիծը միանշանակ վերածում բարոյական մեղադրանքի։ Այս հարցադրումը միաժամանակ հեգնական է եւ մտածելու տեղիք է տալիս։ Չէ՞ որ «Կարմիր գլխարկ»-ի պատմութեան մէջ նոյնպէս կան դաժան դրւագներ, որոնք, այնուամենայնիւ, չեն խանգարել, որ հեքիաթը դառնայ մանկական գրականութեան դասական նմուշներից մէկը։
Այսպիսով, ներկայացումը փորձում է ոչ միայն վերապատմել հին պատմութիւնները, այլեւ բացել դրանց այլ ընթերցման հնարաւորութիւնը։

Մեծերի աշխարհին յարմարւող պատանիները
Ներկայացման միւս կարեւոր շերտը միայն այն իրողութիւնը չէ, որ պատանիները յաճախ են ձգտում մեծերին նմանւել կամ դժգոհել մեծերի կողմից ճիշտ չնկալւելու, որպէս ինքնուրոյն մտածող անհատ։ Կայ մէկ այլ իրականութիւն. պատանիներն արդէն պատրաստւում եւ յարմարւում են մի աշխարհի, որտեղ այսօրւայ մեծահասակների հաստատած կանոնները գուցէ այլեւս չեն գործելու։
Սա այն հակադրութիւնն է, որ բեմադրիչ-հեղինակը փորձել է միաւորել բեմում, աւանդական պատումները ներկայացնելով նոր, դէպի ապագայ նայող սերնդի մասնակցութեամբ։ Պատանիներն այլեւս միայն անցեալի պատմութիւնները լսողները չեն։ Նրանք փորձում են իրենց տեղը գտնել այդ պատմութիւններում:
Գալստեանի դիտարկմամբ երեխաները մանկութիւնից պոկւելուն զուգահեռ շատ վաղ տարիքում են շփւում հասարակական իրականութեան հետ, յատկապէս վիրտուալ աշխարհի միջոցով։ Այսօր ընտանիքը գրեթէ չի կարող ամբողջութեամբ սահմանափակել երեխայի հեռախօսի եւ համացանցի օգտագործումը, քանի որ ուսումնական գործընթացն ինքն էլ յաճախ պահանջում է դրանց կիրառութիւնը՝ դասն իրականացնելով հեռավար։
Հէնց այս պատճառով ներկայացումը կարող է հետաքրքրել նաեւ ծնողներին, քանի որ նրանց եւ այսօրւայ պատանիների ընկալումների միջեւ եղած տարբերութիւնները գուցէ այնքան մեծ չեն, որքան առաջին հայեացքից թւում է։

Բեմական աշխատանք՝ պատերազմի յետաձգումից յետոյ
Մօտ մէկ ժամ տեւողութեամբ ներկայացումը չունի մէկ կենտրոնական հերոս։ Փոխարէնը դերակատարների 14 հոգանոց կազմը պատմութեան մէջ ներկայանում է զոհի կարգավիճակում, նոյնիսկ արդարադատութիւնն է զոհ գնում նախապաշարումներին։
Բեմադրութեան մէջ կիրառւում են նաեւ մեդիայի հրապարակումներ քրէական ահազանգերով ու դաժան տեսանիւթերով։ Դրանց միջոցով ներկայացումը փորձում է բեմ բերել այն տեղեկատւական միջավայրը, որտեղ հասարակական դատողութիւնները յաճախ ձեւաւորւում են արագ, երբեմն առանց դէպքերի ամբողջական պատկերը ճանաչելու։
Էրւինը պատմում է, որ գործը գրւել է պատերազմից առաջ, իսկ բեմադրութեան մտայղացումը երկու տարի առաջ էր ձեւաւորւել։ Սակայն պատերազմական իրադրութիւնը յետաձգել է փորձերն ու խախտել ներկայացման նախատեսւած ժամանակացոյցը։ Այժմ այն հանդիսատեսին է ներկայացւում որպէս խմբի տարեկան ելոյթ։
Սա Հ.Մ.Ա.Կ.-ի «Մանկապատանեկան թատերախմբի» չորրորդ ներկայացումն է։ Խումբն արդէն բոլորում է իր գործունէութեան հինգերորդ տարին։
«Ոտքի Դատաւորն է գալիս»-ը, այսպիսով, հեքիաթի հերթական բեմականացումը չէ։ Այն փորձում է ծանօթ պատմութիւնները տեղափոխել նոր միջավայր: Եւ գուցէ ներկայացման ամենահետաքրքիր առաջարկն այն է, որ հեքիաթը ոչ թէ փակւած պատմութիւն է, որի բարոյախրատական եզրակացութիւնն արդէն պատրաստ է, այլ մի աշխարհ, ուր ամէն նոր սերունդ կարող է վերադառնալ նոր հարցերով նոր պատասխաններ որոնելու համար։

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ



