Եփրեմ Խանի սուրը նւիրւեց Թաւրիզի «Մելիք Թանգեան» թանգարանին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, նոյեմբերի 19-ի կէսօրւայ ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Թաւրիզի «Մելիք Թանգեան» թանգարանում ընդունեց դկտր. Արա Մելիքեանին:
2021 թ.-ին, իր շուրջ հարիւրամեայ հասակին, Մելիքեան եղբայրեների հօրեղբայրը՝ Շահէն Մելիքեանը, ծանօթներից ստացել, եւ իր մօտ ազգային գանձի նման պահել էր հերոս Եփրեմ Խանի ռազմական փոքր սուրը: Այս մասին նա արտայայտւել էր Գրիգոր Սրբազանին, եւ ցոյց տւել այն: Սրբազան հօր առաջարկով, իր մահից յետոյ այն յանձնւելու էր Ազգային առաջնորդարանի «Մելիք Թանգեան» թանգարանին: Նշենք, որ սոյն Թանգարանում Եփրեմ Խանի ռազմական հրացանի կողքին ցուցադրւելու է նաեւ այս սուրը, առ ի յիշատակ ազգային հերոսի, եւ առ ի յուշ այն երկար տարիներ իր մօտ պահպանած Շահէն Մելիքեանի:
Առաջնորդ Սրբազանը յարգանքով յիշեց Շահէն Մելիքեանին, եւ խնդրեց Աստծուց լոյս երանութեան մէջ հանգչեցնել նրա հոգին: Սոյն նւիրաբերմամբ, հանգուցեալ նւիրատուն դասւեց Եփրեմ Խանի նման ազգասէր մարդկանց շարքին: Ազգի համար զոհաբերութիւն ցոյց տալու օրինակներ են նրանք, որոնք հասկանում են ազգային հարստութեան իմաստը, եւ ազգային գանձերը բծախնդրութեամբ պահելուց յետոյ, դրանք յանձնում են ազգին, դրանցով դաստիարակելու համար նոր սերունդներին:



