ԱտրպատականՀամայնք

Աշնանային ճոխ հանդիսութիւն Ուրմիայում ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզի կազմակերպութեամբ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի, նոյեմբերի 18-ին կայացաւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի աշնանամուտի ծրագիրը, հովանաւորութեամբ Ատրպտականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, եւ մասնակցութեամբ Կրթարանի փոքրիկ սաների։

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու շրջափակում գտնւող «Արամ Մանուկեան» սրահում, Աշնանային սոյն հանդիսութեան ներկայ էին ՀՕՄ-ի վարչութիւնը, ուսուցչական կազմը, երեխաների ծնողներն ու հարազատները, եւ հրաւիրեալներ։

Բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ ՀՕՄ-ի նախագահ, եւ Կրթարանի տեսչուհի՝ Լալա Ֆարհադեանը։ Նա իր խօսքում նախ ողջունեց բոլոր ներկաներին, ծանօթացրեց Կրթարանի աշխատանքներին, ուսուցչական կազմի նւիրեալ ծառայութեամբ, որ այսքան կարճ ժամանակահատւածում երեխաները հասցրել էր գիտելիքներ ձեռք բերել, եւ նրանց համար ստեղծել ամէն յարմարութիւն, ուրախ մթնոլորտում սովորելու եւ ազգային ըմբռնումներով զարգանալու համար։

Լալա Ֆարհադեանը շնորհակալական խօսք ուղղեց բոլոր ծնողներին, իրենց ջերմ աջակցութեան համար։ Յատուկ երախտագիտութեան խօսքեր հնչեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանին, որում ասւում էր, որ մեզ համար շատ թանկ ու գնահատելի է, որ ամէն անգամ մեր քաղաք այցելելիս, Սրբազան հայրը անպայման ժամանակ է գտնում նաեւ մեր փոքրիկներին այցելելու, մեր Մանկապարտէզը ջերմացնելու, եւ իր հայրական օրհնութեամբ մեզ ոգեւորելու համար։ Շեշտւեց, որ Սրբազանի իւրաքանչիւր այցը Մանկապարէզ, պարզապէս այցելութիւն չէ, այլ հայրական սիրոյ, հոգատարութեան եւ օրհնութեան գեղեցիկ դրսեւորոմ։ Տեսչուհին իր խօսքում մաղթեց, որ Աստւած զօրացնի եւ քաջառողջութիւն պարգեւի սիրելի Սրբազանին։

Շնորհակալական խօսք ասւեց նաեւ Գործխորհուրդի նախագահ Վանիկ Յակոբեանսին, Մանկապարտէզին կարիք եղած հարցերում մշտապէս օգնութեան եւ աջակցութեան համար։ Շնորհակալական խօսք էր ուղղւած նաեւ ՀՕՄ-ին։

Իր հիմնադրութիւնից մինչեւ այսօր, 44 տարիներ, «Նայիրի» Կրթարանը գտնւում է ՀՕՄ-ի հովանաւորութեան տակ։ Անցած այդ տարիների ընթացքում Մանկապարտէզը վայելել է ՀՕՄ-ի կանանց հոգատար հովանաւորութիւնն ու մշտական աջակցութիւնը։ Մարդասիրական սոյն Կազմակերպութեան բարութեան եւ նւիրումի շնորհիւ, Մանկապարտէզի կեանքում իրականացւել են բազմաթիւ բարի ու կարեւոր նախաձեռնութիւններ, ի նպաստ մեր երեխաների երջանիկ մանկութեան։ Իր խօսքի վերջում, տեսչուհին փոքրիկ սաներին մաղթեց նոր գիտելիքների եւ ուրախ պահերի շրջան, որպէսզի նրանց ճանապարհը լինի լուսաւոր ու պայծառ, եւ մաղթեց յաջող ելոյթ։

Ծրագիրը սկսւեց երեխաների մատուցած աղօթքով։ Այնուհետեւ նրանք կատարեցին խմբային ասմունքներ, երգեցին երգեր, ներկայացրեցին աշնան ամիսները, եւ հիանալի պարեցին։ Պարն այնքան հիասքանչ էր, որ ներկաների պահանջով մէկ անգամ եւս կրկնւեց։ Երեխաները ունեցան նաեւ պարսկերէն ասմունքներ, ամէնը նւիրւած ոսկեզօծ աշնանը։

Հանդիսութեան աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ համեղ խմորեղէնով, թէյով, անուշաբոյր սուրճով, եւ աշնանային քաղցրահամ մրգերով, որի ընթացքում վիճակախաղ բաշխւեց, եւ շահողները պարգեւատրւեցին գեղեցիկ նւէրներով։ Աշնանամուտի այս ծրագիրը անցաւ ջերմ ու բարի մթնոլորտում։

Related Articles

Back to top button