ԱտրպատականԳաղափարականՀամայնք

Ներսէս արք. Մելիք-Թանգեանը Եզակի մարդկանցից

ՀԱՄՕ ՕՀԱՆՋԱՆԵԱՆ

 

Համօ Օհանջանեանի ներքեւում բերւած գրութիւնը արւել է Մելիք-Թանգեանի Սրբազանի քառեակ յոբելեանի (ծննդեան 60-ամեակ, հանրային գործունէութեան 40-ամեակ, հոգեւոր կոչման 25-ամեակ եւ Ատրպատականի հայոց Թեմի իր առաջնորդութեան 15-ամեակ)-ի առիթով:

Ն. Դիլանեան

 

Ընդամէնը վաթսուն տարի կեանք եւ նրանից քառասունը նւիրւած հասարակութեանը-այսինքն գիտակից կեանքի առաջին վայրկեանից մինչեւ հիմա հասարակական ծառայութիւն- ահա մի կեանք, որ ամենայն իրաւմամբ կարող է համարւել օրինակելի եւ եզակի:

Նիկողայոս Մելիք-Թանգեանը հազիւ քսան տարեկանում Յեղափոխական Կոմիտէի անդամ է, նա չի մնում լոկ խօսքի աշխարհում, այլ գործնականպէս մասնակցում է յեղափոխական շարժման ձեռնարկներին եւ զինւած խմբի հետ ուղեւորւում է դէպի հայ եւ ժողովրդի գողգոթան՝ անձամբ մասնակցելու հայոց ազատագրական գործին:

Ընդունում է հոգեւորական կոչում, որպէսզի աւելի ազատօրէն եւ աւելի սերտ կերպով կապւի հայ ժողովրդի կեանքին:

Այս շրջանում է, որ ես նրան պատահեցի առաջին անգամ Էջմիածնում՝ Խրիմեան Հայրիկի կողմից հրաւիրւած Կովկասահայերի Առաջին Սահմանադիր ժողովի մէջ:

Բոլոր հոգեւորականներից, որոնք անդամակցում էին այդ պատմական ժողովին-բոլորից եռանդունը, ամենաանկեղծը եւ ամենադեմոկրատիկ ոգիով գործողը եւ արտայայտւողը Ներսէս վրդ. Մելիք-Թանգեանն էր:

Երկրորդ անգամ նրան հանդիպեցի Պետերբուրգի բարձրագոյն Սենատի դատարանում, երբ կատարւում էր «Դաշնակցութեան գործի» դատաւարութիւնը*,-ես՝ դատապարտեալների աթոռի վրայ նա՝ վկաների մէջ: Բազմաթիւ էին վկաները, բարձրաստիճան հոգեւորականներ, եպիսկոպոսներ, բայց որ շատ հետաքրքրութիւն եւ կարեւորութիւն ունեցաւ Ներսէս վրդ. Մելիք-Թանգեանի – այն ատեն Տաթեւի պատմական վանքի վանահայր- ցուցմունքները, տրւած մաքուր ռուսերէն լեզւով: Այնքան ջախջախիչ էին ռուսական ռէակցիայի համար նրա ցուցմունքները, որ նախագահողը սարսափահար ընդունեց նրա հարցաքննութիւնը:

Դրանից յետոյ ես նրան հանդիպեցի չորս տարի յետոյ մեծ պատերազմի ժամանակ, նորից հասարակական ասպարէզում: Ռուսական Քաղաքների Միութիւնը շատ լայն գործունէութիւն էր ստեղծել պատերազմի առաջաւոր դիրքերում թէ՛ զինւորների, թէ՛ ժողովրդի եւ թէ՛ գաղթականների համար:

Հիւս. Պարսկաստանի գաղթականների եւ տեղական ժողովրդի համար ստեղծւած բազմաթիւ հաստատութիւնները վարում էր Ատրպատականի առաջնորդ՝ Ներսէս եպիսկոպոս Մելիք-Թանգեանը մի զարմանալի հեղինակութեամբ, պատկառանք ներշնչելով բոլորին դէպի իր անձը եւ իր գործը:

Վերջին անգամ պատահեցի Ներսէս արքեպիսկոպոսին 1921-ին Թաւրիզում, արդէն հասած իր փառքի կատարին, մնալով սակայն միշտ նոյն անխոնջ եւ անձնւէր գործիչը: Արտակարգ հմայք եւ հեղինակութիւն ունէր նա ամբողջ Ատրպատականում եւ այս ո’չ միայն հայ, այլեւ իրեն շրջապատող բոլոր ազգերի աչքին, բացառիկ էր նրա գրաւած դիրքը մասնաւորաբար պետական շրջանակներում:

Իմ այս բոլոր հանդիպումներիս մի բան միշտ աչքի էր զարնում այդ մարդու մէջ՝ անկեղծ, պարզ եւ բնական, այնպէս բնական, ինչպէս բնական են լոյսն ու տաքութիւնը, բնական է ծաղիկների բուրմունքը, բնական է ջրերի վազքը:

Արքեպիսկոպոս Մելիք-Թանգեանը չնայած իր բարձր պաշտօնին եւ դիրքին, ներկայացնում է իրենից ամենագեղեցիկ տիպարը գաղափարական հայ մտաւորականի, եւ այս երեւոյթը ինձ իրաւունք էր տալիս գրել նրան իր շնորհաւորական նամակում.-

«Այսօր ոչ միայն Ձերդ Սրբազանութեան քառեակ յոբելեանն է, այլեւ միաժամանակ Ձեր լուսաւոր անձնաւորութեան մէջ տօնում է իր յոբելեանը հայ մտաւորականը առհասարկ:

Այսօր հայ մտաւորականը յաղթող կը հանդիսանայ Ձեր քառասնամեայ հասարակական-գիտական, ազգային, վիպական եւ դիւանագիտական անխոնջ, անձնւէր եւ, ինչ որ ամենակարեւորն է, աննահանջ, անդաւանափոխ եւ անվախ գործունէութեան մէջ»:

«Յուսաբեր» (Կահիրէ)

12 յունիս 1926

 

*1912 թւականին Սանկտ Պետերբուրգի կայսերական սենատում տեղի ունեցած «Դաշնակցութեան գործով» դատավարութեան ժամանակ Համօ Օհանջանեանը գլխաւոր ամբաստանեալն էր եւ իր համարձակ ելոյթներից յետոյ դատապարտւեց 4 տարւայ տաժանակիր աշխատանքի ու աքսորւեց Սիբիր։

Այս դատավարութիւնը ռուսական ցարական իշխանութիւնների կողմից հայ ազգային-ազատագրական շարժման եւ ՀՅԴ-ի դէմ իրականացւած զանգւածային հալածանքների (Ստոլիպինեան ռեակցիայ) գագաթնակէտն էր։

1908 թւականին ցարական ոստիկանութիւնը ձերբակալեց ՀՅԴ մօտ 159-160 անդամների՝ կուսակցութեան գործունէութիւնը կասեցնելու նպատակով։

 

Related Articles

Back to top button