Ընդդիմադիր համախմբման յայտարարութիւնը

Իշխանութեան հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետութեան պարտադրանքի, այլեւ երկրի ներսում՝ իշխանութեան կենտրոնացման եւ աւտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։
«Ալիեւեան սահմանադրութիւնը» հայաստանեան ներքին օրակարգ է բերւել Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ստեղծելով երկու հիմնարար սպառնալիք.
Օտար պետութեան թելադրանքի ընդունում. Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը Բաքւի կողմից խաղաղութեան նախապայման է եւ վտանգում է Հայաստանի անկախ պետականութեան հիմքերն ու ինքնիշխանութիւնը։
Դրանով իսկ այն որեւէ կապ չունի հայ ժողովրդի ինքնութեան ու ազգային արժէքների հետ եւ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետութեան զարգացման հեռանկարները։
Իշխանութեան անսահմանափակ կենտրոնացում. Սահմանադրութեան փոփոխութեան գործընթացը իշխող ուժն օգտագործում է իր ձեռքում իշխանութիւնը կենտրոնացնելու եւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։
Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որեւէ լեգիտիմութիւն սահմանադրութեան փոփոխութիւն նախաձեռնելու համար։
Հասարակութեան ծայրայեղ բեւեռացւածութեան, քաղաքական ընդդիմախօսների նկատմամբ շարունակւող բռնաճնշումների ու ապօրինութիւնների պայմաններում անհնար է Մայր օրէնքի փոփոխութիւնը՝ ժողովրդավարական եւ բազմակարծիք քննարկումների սկզբունքով։
Ելնելով վերոգրեալից՝ Ընդդիմադիր համախմբումը յայտարարում է.
1. Վճռականօրէն մերժում ենք արտաքին պահանջով թելադրւած նոր սահմանադրութիւնը։
2. Համերաշխութիւն ենք յայտնում խորհրդարանական ընդդիմութեան՝ ազգային արժանապատւութիւնը առեւտրի առարկայ չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ համախմբւած ուժերով արտաքին պարտադրանքի եւ ալիեւեան սահմանադրութեան ընդունման դէմ հանդէս գալու պատրաստակամութեամբ:
3. Առաջիկայ օրերին կը յայտարարենք այս օրակարգով Համախմբման հանդիպման մասին։



