Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մ. Փափազեան. «Փաշինեանի քաղաքականութեանը հակադրւելը նշանակում է աշխատել յանուն ուժեղ եւ անկախ Հայաստանի»

ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը «Հրապարակ» օրաթերթին տւած հարցազրոյցում անդրադարձել է Ադրբեջանում պահւող հայ գերիների ազատ արձակման, Հայ Առաքելական եկեղեցու դէմ իշխանութիւնների դիրքորոշման, Սփիւռքի վերաբերմունքի եւ Հայաստանի ներկայիս քաղաքական ուղեգծի հարցերին։

Մ. Փափազեանի խօսքով՝ հայ գերիների ազատ արձակման հարցը պէտք է առաջնահերթ տեղ զբաղեցնի հայկական կողմի քաղաքական եւ դիւանագիտական աշխատանքներում։ Նա կարեւորել է նաեւ ֆրանսիական քաղաքների, մասնաւորապէս Փարիզի եւ Նիսի քաղաքապետարանների նախաձեռնութիւնները՝ ընդգծելով, որ Սփիւռքի ջանքերը, առանց Հայաստանի կառավարութեան հետեւողական քաղաքական ներգրաւածութեան, չեն կարող ապահովել անհրաժեշտ առաջընթաց։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դէմ իշխանական շրջանակների յարձակումներին՝ Փափազեանը Եկեղեցին բնութագրել է, որպէս հայ ինքնութեան եւ պետականութեան կարեւորագոյն հիմնասիւներից մէկը։ Նրա գնահատմամբ՝ Եկեղեցու նկատմամբ ճնշումները տեղաւորւում են նաեւ հասարակական ու ազգային կառոյցները իշխանական ենթակայութեան տակ դնելու աւելի լայն քաղաքականութեան մէջ։

Հայաստանի իշխանութիւնների քաղաքականութեան վերաբերեալ Փափազեանը քննադատել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, Արցախի, հայ գերիների եւ Սփիւռքի հետ յարաբերութիւնների հարցերում կառավարութեան դիրքորոշումները՝ դրանք դիտարկելով ազգային շահերի տեսանկիւնից։

Նա շեշտել է, որ Հայաստանի ապագան պէտք է հիմնւած լինի ուժեղ պետականութեան, ազգային արժանապատւութեան եւ անկախ քաղաքականութեան վրայ։

Related Articles

Back to top button