ԱտրպատականՀամայնք

Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի տարեկան ուխտագնացութիւնը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, հոկտեմբերի 22-ին, առաւօտեան ժամը 11:00-ից սկսեալ, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում մատուցւեց տարեկան ուխտի սուրբ պատարագը: Օրւայ պատարագը մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Սուրբ խորանին սպասարկում էին Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, եւ բարեշնորհ սարկաւագներ՝ Առլէն Բադալեանը եւ Սեւան Ենովքեանը: Սոյն պատարագին ներկայ գտնւելու համար Վանք էր ժամանել Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը: Ներկայ էին նաեւ պետական բարձրաստիճան պատասխանատուներ՝ Մշակութային ժառանգութեան եւ Արւեստից բաժանմունքի պետական տնօրէնները, եւ Փոքրամասնութեան բաժանմունքի պատասխանատուն:

Ջուլֆայում, Մայր Արաքսի աջ ափից, Թաւրիզից եւ Ուրմիայից առաւօտ կանուխ ժամանած բարեպաշտ ժողովուրդը բարձրացաւ Ս. Նախավկայի վանքը: Բնութեան մէջ, դարեր առաջ հայ ճարտարապետի շքեղ գեղաքանդակ արտաքինով դարաւոր տաճարում սկսւեց սուրբ պատարագը, քառաձայն կատարողութեամբ «Կոմիտաս» երգչախմբի, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Դպրաց դասի «Խորհուրդ խորին» երգեցողութեամբ, պատարագիչ Սրբազանը դուրս եկաւ վանական իր սենեակից, եւ տաճար մուտք գործեց «Հրաշափառ»-ով, երբ ուխտաւոր հաւատացեալները աղօթում էին: Այս առիթով տաճար էր բերւել Սուրբ Լուսաւորչի թոռան, Ամարասի վանքում թաղւած Ս. Գրիգորիս Աղւանից Կաթողիկոսից մի փոքր մասունք կրող Աջը: Նշենք, որ Արցախում, Ամարասի վանքի եկեղեցու գետնափորում՝ խորանի տակ, կար Ս. Գրիգորիսի դամբարանը, որը ուխտավայր էր բոլոր այցելուների համար:

Առաջնորդ Սրբազանը իր քարոզը փոխանցելով ներկայ ուխտաւոր հաւատացեալներին, նախ փառք ու գոհութիւն ընծայեց Աստծուն, որ արժանի էր արել բոլոր ներկաներին հասնել Ս. Նախավկայի վանքը, եւ աղօթակից լինել միմեանց, դարաւոր Վանքի սուրբ տաճարում: Ապա, առաջնորդ Սրբազանը վեր հանեց Ս. Ստեփանոսի այն պատրաստակամութիւնը, որը հաւատքով կատարեց, չարչարանքների ենթարկւելով. «Նեղութիւններով, ու կեանքի դժւարութիւններով փառքի հասնելը, բոլորի գործը եւ փափագը չէ: Շատեր չեն իմանում, որ Յիսուսի խաչը տառապանքի գործիք չէ: Դա անցեալին էր, Յիսուսից առաջ. բայց Աստւածորդու խաչելութեամբ, խաչը սրբացաւ, մաքրւեց անարգանքից: Ս. Ստեփանոսը լաւ իմացաւ այդ, եւ քարկոծմամբ հասաւ աննման մի փառքի, որը համայն քրիստոնեայ աշխարհի առաջին նահատակը լինելն էր՝ ՆԱԽԱՎԿԱՅ, առաջին վկան քրիստոնէութեան…»,- ասաց Սրբազանը:

Շրջանի պատմութեան անդրադառնալով, առաջնորդ Սրբազանը ներկայացրեց յատկապէս այն դժւարին օրերը, երբ Ցածի Դարաշամբ գիւղից, որտեղ գտնւում է Ս. Աստւածածին եկեղեցին, (տեղական բարբառով՝ «Նէնէ Մերիէմ») բնակիչները Համաշխահային առաջին պատերազմից յետոյ, յատկապէս 1918 թւին, Ցեղասպան թուրքի բանակի յարձակումների պատճառով կորցրել էին իրենց տները, եւ փախչել Թաւրիզ: Նրանք Լիլաւայի հայոց դպրոցի շէնքում էին ապաստանել, մինչեւ խաղաղութիւն հաստատւելը, երբ Ներսէս Մելիք Թանգեան Սրբազանի առաջարկով, դժւարաւ վերադարձել էին Ջուլֆա: Իրենց տների աւերակ վիճակում լինելու պատճառաւ, Սրբազանը այնպէս էր տնօրինել, որ Ս. Նախավկայի վանքում ապրեն, գէթ իրենց հողամասերին տէր կանգնելու, եւ վարուցանք կատարելով ապրելու համար:

Տասնամեակներ առաջ, նոյն օրերին Ս. Նախավկայի վանքում իր ընտանիքի հետ ապրած Գուրգէն Մանուկեանի մասին խօսելով, Սրբազանը անդրադարձաւ այն բոլոր տեղեկութիւններին, որոնք նա փոխանցել էր Վանքում ապրած ժամանակաշրջանի մասին: Վանքի վանահայրերի՝ Թորգոմ եւ Ղեւոնդ վարդապետների, որոնցից յետոյ, մի աշխարհական «վանական»-ի ինքնուս եւ ինքնակամ «վանահայրութեամբ» շարունակւած, եւ վանահօր պաշտօն վարած Սարգիս Միսակեանի արկածախնդրութիւնների մասին եւս պատմել էր Գուրգէն Մանուկեանը, որը Սրբազանը իր քարոզում ամփոփելով ներկայացրեց հաւատացեալներին:

Իր քարոզի աւարտին, առիթը բացառիկ համարելով, Սրբազան հայրը խորանի բեմի մօտ հրաւիրեց նոյն Վանքում տասնամեակներ ապրած, խոր ծերութեան տարիքի հասած Գուրգէն Մանուկեանի աղջկան՝ տիկին Նւարդին: Հայրը վատառողջ լինելու պատճառով, հասունացած տարիքի բերմամբ չէր կարողացել ուխտագնացութեան մասնակցել: Ուստի, նրա քաջառողջութեանը համար իր աղօթքը բարձրացնելով առ Աստւած, Սրբազան հայրը «Օրհնութեան Գիր»-ը յանձնեց նրա դստեր:

Սրբազան հօր Օրհնութեան Գիրը ընթերցեց Տէր Մարտիրոս քահանան, եւ ապա Սրբազան հայրը այն յանձնեց Գուրգէն Մանուկեանի դստեր: Մի պահ անցեալի պատմութիւնը վերակենդանացնող սոյն արարը յուզմունքով հմայեց ներկայ ուխտաւոր հաւատացեալներին, զգացական ալիք ստեղծելով տաճարում…:

Ս. հաղորդութիւնից առաջ կատարւեց հաւաքական խոստովանանք, եւ ապա ներկայ հաւատացեալները հաղորդւեցին Յիսուսի մարմնով եւ արեամբ, զօրանալով իրենց անցեալով, ու աղօթական ներկայով:

Հանդիսաւոր Ս. Պատարագի աւարտին կատարւեց ջրօրհնէք՝ «Աջովն Սրբոյն Գրիգորիսի Աղւանից Կաթողիկոսի»: «Կիլիկիա» երգի հաւաքական կատարումով եւ «Պահպանիչ»-ով աւարտին հասաւ միօրեայ ուխտագնացութիւնը, եւ բոլոր ուխտաւորները Սբ. աջով օրհնւած ջուր ստացան, Թաւրիզի Խնամակալ կանանց միջոցով բաշխւած:

Թափօրը առաջնորդեց Սրբազան հօրը դէպի վանական խուցը, որտեղ դարձեալ Սրբազանը օրհնեց խորանի սպասարկուներին եւ երգչախմբի անդամ-անդամուհիներին: Ուխտի օրը բարւոք իր աւարտին հասաւ, հոգեպէս զօրացնելով բոլոր ուխտաւորներին:

Ս. Պատարագից անմիջապէս յետոյ, առաջնորդ Սրբազանը իր վանական խուցում հիւրընկալեց Մշակութային ժառանգութեան նախարարի տեղակալ՝ դկտր. Քարթունիին, Արեւելեան Ատրպատականի Մշակութային ծրագրերի ընդհ. տնօրէն՝ դկտր. Փայանի, Արեւելեան Ատրպատականի Մշակութային ժառանգութեանց պահպանման ընդհ. տնօրէն դկտր. Համզեզադէի, դկտր. Արա Շահվերդեանի, եւ Փոքրամասնութեան պատասխանատու Մուսաւիի այցը, որը պետական յատուկ տնօրինումներով դասաւորել էր ուխտագնացութեան բոլոր միջոցները: Այս առիթով դոկտ. Շահվերդեանը եւ պետական հիւրերը իրենց պաշտօնական խօսքերը փոխանակեցին, իսկ առաջնորդ Սրբազանը ողջունեց բոլորին, ընդգծելով ԻԻՀ-եան բացառիկ հոգատարութիւնը հայկական եկեղեցիների ու պատմական կառոյցների անվտանգ պահպանմանը: Ներկայ հիւրերը գովասանքով յիշատակեցին, պատերազմական օրերին Սրբազան հօրը անձնապէս ներկայութիւնը ժողովրդական մեծ ծրագրերին, քաջալերական ճառերով, ի նպաստ ԻԻՀ-եան յաղթանակին:

Յայտնենք, որ վերոյիշեալ պետական պատասխանատուների միջոցով, այժմ վերանորոգւում եւ ամրապնդւում են Վանքի պարիսպները, յատկապէս անձրեւային հեղեղների դիմացն առնելու հեռանկարով: Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի անդամներից Ալէն Սայեադեանը, Վարդան Կարապետեանը, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, ինչպէս նաեւ Իրանի եկեղեցիների պահպանութեան պատասխանատուներ՝ Ալէն Գրիգորեանը եւ Կարէն Մկրտչեանը:

Նշենք, որ ուխտաւոր ժողովուրդը Վանքի տարածքում կէսօրւայ կերակուրը ճաշակեց ուրախ մթնոլորտում, եւ երեկոյեան ժամերին վերադարձաւ տուն:

Related Articles

Back to top button