Հա
31/08/2019 - 10:10

Գրանցւած տնտեսական աճը ներառական չէ

Խնդիրը ոչ թէ տնտեսական աճի մեծութիւնն է, այլ այդ աճի որակը: Այս համոզմանն է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

«alikonline.ir» - Խնդիրը ոչ թէ տնտեսական աճի մեծութիւնն է, այլ այդ աճի որակը: Այս համոզմանն է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

«Այս տարւայ 7 ամիսների կտրւածքով ունենք տնտեսական 6.8 տոկոսանոց ակտիւութիւն, այն դէպքում, երբ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածում տնտեսական ակտիւութիւնը մօտ 10 տոկոս էր կազմում:

Չնայած, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի էր ունեցել տնտեսական ակտիւութեան դանդաղում, առանձին ոլորտներում գրանցւել էր կտրուկ անկում, բայց դա չէր խանգարել, որ անցած տարի ունենայինք բաւականին մեծ տնտեսական ակտիւութիւն:

Հիմա այս 6.8 տոկոս ցուցանիշը հիմնականում ապահովել է ծառայութեան ոլորտը՝ 15.2 տոկոս աճով»,- «Փաստ»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտը՝ նկատելով, որ սա իր հերթին պայմանաւորւած է ֆինանսական համակարգի աճով, քանի որ 2018 թ. յուլիսի 1-ից ուժի մէջ մտաւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

«Այդ վճարումները շարունակւել են նաև այս տարւայ ընթացքում, ինչը ֆինանսական համակարգի համար լրացուցիչ աճ է ապահովել: Երկրորդը շահումով խաղերի գործօնն է, որով պայմանաւորւած՝ զգալի աճ ունենք, բայց մեր պետական բիւջէն, տնտեսութիւնը այդ առումով չեն շահել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ գործօնը որեւիցէ ձեւով չի նպաստել պետական բիւջէի եկամուտների աճին, քանի որ այդ առումով հարկային դրոյքաչափերը ֆիքսւած են:

Տնտեսագէտի խօսքով, վերոնշեալ ցուցանիշի գերակշիռ մասն ապահովւել է ստւերի, ինչպէս նաեւ աւտոմեքենաների վաճառքի հաշւին. «Ունենք զգալի՝ 8.4 տոկոս աճ արդիւնաբերութեան ոլորտում:

Տեսակարար կշիռ ունի հանքարդիւնաբերութիւնը, որը պայմանաւորւած է միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների բարձրացմամբ: Այդուհանդերձ, զգալի անկում ունենք գիւղատնտեսութեան ոլորտում:

6 ամիսների կտրւածքով ունենք գիւղոլորտի 7.4 տոկոս անկում, երբ այդ ոլորտով է զբաղւած մեր ազգաբնակչութեան 1/3-րդը:

Հետեւաբար, ազգաբնակչութեան 1/3-րդն աղքատ է մնալու, կամ իր վիճակը վատթարանալու է, քանի որ գիւղացին չի ունենալու ապրանք, որը կարող է իրացնել»:

Ս. Պարսեանի դիտարկմամբ, եթէ անցած տարի հանքարդիւնաբերութեան տեսակարար կշիռը նւազել էր եւ աճել էր վերամշակւող արդիւնաբերութեան տեսակարար կշիռը, ապա այս տարի իրավիճակը փոխւում է.

«Դարձեալ վերադառնում ենք հանքարդիւնաբերութիւնից կախւած տնտեսութեանը, ինչը կրկին մտահոգիչ է ու չի համապատասխանում կառավարութեան կառուցւածքային բարեփոխումների տեսլականին:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ գրանցւած տնտեսական աճը ներառական չէ, որակեալ չէ: Անորակ ու ոչ ներառական աճ, որից օգտւում են սահմանափակ թւով անձինք. մի քանի տասնեակ անձ՝ հանքարդիւնաբերութեան ոլորտում, մի քանի տասնեակ՝ արդիւնաբերութեան:

Մեծ հաշւով, մարդկանց կենսամակարդակը չի աւելացել, աշխատավարձերը կտրուկ չեն աւելացել: Ունենք մի իրավիճակ, երբ ապրանքների գներն աւելի շատ են աճել, քան մարդկանց իրական եկամուտները: Իհարկէ, ողջունելի է ցանկացած քայլ, որն ուղղւած է աշխատավարձերի բարձրացմանը, բայց մեր տնտեսական համակարգը, յատկապէս հարկային քաղաքականութիւնը, չի նպաստում, որ տնտեսութիւնը ներառական աճ ունենայ»:

Հաշւի առնելով հրապարակւող դրական ցուցանիշները, բայց զուգահեռ դիտարկելով բնակչութեան կենսամակարդակը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Կառավարութիւնը ներկայացնում է իրավիճակն իր տեսանկիւնից, իսկ ազգաբնակչութիւնը տնտեսական երեւոյթներին իր անձնական փորձի դիտանկիւնից է նայում:

Նա իրավիճակը գնահատում է այն հարցադրմամբ, թէ մէկուկէս տարւայ ընթացքում իր կենսամակարդակն արդեօ՞ք փոխւել է, արդեօ՞ք սկսել է լաւ ապրել: Միանշանակ՝ ոչ: Մենք չունենք այդպիսի կտրուկ փոփոխութիւն: Միգուցէ մէկուկէս տարւայ մէջ պէտք չէր կտրուկ փոփոխութեան սպասել, բայց իշխանութիւնն այդ սպասումներն առաջացրել էր բնակչութեան մօտ՝ իր պոպուլիստական խոստումներով ու հրապարակումներով»:

Տնտեսագէտն ընդգծեց՝ կայ մի իրավիճակ, երբ թէ՛ ազգաբնակչութիւնը, թէ՛ ներդրողները չունեն կայունութեան միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ երաշխիքներ, ինչն իր հերթին թոյլ կը տայ որոշումներ կայացնել, տնտեսական ակտիւութիւն ցուցաբերել.

«Շատերն այս իրավիճակում փորձում են սպասել: Մեզ մօտ ցածր աշխատավարձի հաշւին փորձ է արւում ապահովել տնտեսութեան մրցունակութիւնը, ինչը նախորդ կառավարութիւններից եկած քաղաքականութիւն է: Ըստ էութեան, նախորդ կառավարութիւններից մնացած տնտեսական քաղաքականութիւն ու տնտեսական թիմ ունենք, որը չի փոխւել:

Այստեղ որեւիցէ յեղափոխական երեւոյթներ չկան»:

Աննա Բադալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։