Հա
26/11/2019 - 14:10

Իշխանութեանը՝ «100 փաստերը» լրացնելու առաջարկ

2018 թ. մայիսից յետոյ եւս պետութիւնը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրութեամբ ամրագրւած իր սոցիալական պարտաւորութիւններից՝ «թօթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձեւաւորւած կառավարութիւնների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բաւարար թիրախներ, որոնք թոյլ կը տան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդիւնքը: Իշխանութիւնների որդեգրած այս տրամաբանութեամբ՝ իրենք չեն խանգարելու, եթէ մարդիկ ինքնուրոյնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

2018 թ. մայիսից յետոյ եւս պետութիւնը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրութեամբ ամրագրւած իր սոցիալական պարտաւորութիւններից՝ «թօթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձեւաւորւած կառավարութիւնների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բաւարար թիրախներ, որոնք թոյլ կը տան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդիւնքը: Իշխանութիւնների որդեգրած այս տրամաբանութեամբ՝ իրենք չեն խանգարելու, եթէ մարդիկ ինքնուրոյնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Այսպիսով, օբիեկտիւօրէն ակնկալւում են հետեւեալ հարցերի համակողմանի պատասխանները. «Հայաստանը սոցիալակա՞ն պետութիւն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում ընկած է՞ արդէն սոցիալական շուկայական տնտեսութիւնը: Տրւած խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականութիւնն ուղղւած է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցութեանը եւ սոցիալական արդարութեանը:

Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատէր, թէ՞ արդէն քաղաքացին է մեղաւոր իր կեանքի դժւարին իրավիճակի ու սոցիալական չլուծւող խնդիրների համար»:

Իշխանութեան հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050 թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2.5 միլիոն մարդ լինելու է զբաղւած, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնւազն 9.5 տոկոս աճ»:

Նախորդ տարւայ համեմատ՝ 2019 թ. պետական բիւջէում զբաղւածութեան ոլորտին յատկացւող միջոցները մնացել են նոյնը: Հաշմանդամութիւն ունեցող անձանց զբաղւածութեան ծրագրերին ուղղւող ֆինանսական միջոցները կրճատւել են 2 անգամ, շահառուների թիւը՝ 4 անգամ: 2020 թ. պետական բիւջէով զբաղւածութեան պետական ծրագրերին կուղղւի 1.825 միլիարդ դրամ, աճն ընդամենը 9 տոկոս:

2018 թ. զբաղւածութեան պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադէպ ցածր՝ 25 տոկոս: Առկայ սուղ հնարաւորութիւնների պայմաններում 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարաւոր պետական աջակցութիւն եւ չեն տեղաւորւել աշխատանքի: 2019 թ. յունւար-հոկտեմբերին այդ ծրագրերի կատարողականը մնում է խիստ ցածր՝ 45 տոկոս: Այս ժամանակահատւածում զբաղւածութեան պետական ծառայութիւնը ամսական միջինը 140 աշխատանք փնտրողների է տեղաւորւել աշխատանքի, որոնք ըդգրկւած են եղել զբաղւածութեան պետական ծրագրերում:

Ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար էլ 2019 թ. շուրջ կիսով չափ նւազեցվել են դրանց արդիւնքային թիրախները՝ կայուն զբաղւածութեան ապահովման ցուցանիշները:

Վերացւում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման եւ ծախսարդիւնաւէտութեան բաղադրիչները: Զբաղւածութեան պետական ծրագրերի միջոցներն այս փոփոխութիւններով ստանում են անսահման եւ առանց որեւէ պատասխանատւութեան ծախսելու հնարաւորութիւն: Ի դէպ, մինչեւ 2014 թ. համակարգային փոփոխութիւնները զբաղւածութեան ոլորտում կար նոյն այսպիսի խնդրայարոյց վիճակ:

Գործազրկութեան մակարդակը 2018 թ. յունւար-դեկտեմբեր ամիսներին մնացել է ամփոփոխ՝ 20.6 տոկոս: 2019թ. առաջին եռամսեակին՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ գործազուրկների թիւն աճել է 16000-ով: 2019 թ. առաջին եռամսեակի համեմատ՝ երկրորդ եռամսեակում շուրջ 60000-ով նւազել է աշխատուժից դուրս բնակչութեան թիւը: Այսինքն` աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչութեան այն հատւածը, որոնք աշատանք չեն փնտրում կամ պատրաստ չեն անցնել աշխատանքի կամ չեն ցանկանում աշխատել: Գրեթէ նոյն չափով (60000-ով) աւելացել է զբաղւածների թիւը: Այս փոփոխութիւնը հիմնականում բացատրւում է ստւերային զբաղւածութեան կրճատմամբ: Շուրջ 51500-ով նւազել են նաեւ աշխատանքային ռեսուրսները՝ աշխատուժից դուրս բնակչութեան, զբաղւածների եւ գործազուրկների թւերի հանրագումարը: Այսինքն՝ աշխատուժից դուրս բնակչութեան թւի նւազմանը համարժէք աւելացել է զբաղւածների թիւը: Հետեւաբար՝ գործազուրկների թւի կրճատումն արձանագրւել է աշխատանքային ռեսուրսների նւազման հետեւանքով: Այլ կերպ ասած՝ 2019 թ. երկրորդ եռամսեակում գործազուրկների 18.3 տոկոսը կամ 46400 գործազուրկներ մեկնել են արտագնայ աշխատանքի՝ հայրենիքում չգտնելով աշխատանք:

2018 թ. յունւար-ապրիլին օրինական գրանցւած աշխատողների թւի ամսական միջին աճը եղել է 7095, իսկ 2018 թ. մայիսից մինչեւ 2019 թ. սեպտեմբեր աճի այս ցուցանիշը նւազել է 43 տոկոսով եւ կազմել է 4062: Ընդ որում՝ ոչ ֆորմալ զբաղւածութեան կրճատումն ազդեցութիւն չի ունեցել իրական գործազրկութեան եւ միջին իրական աշխատավարձի ցուցանիշնների վրայ:

Աշխատանքային օրէնսդրութիւնան մէջ շարունակում են չլուծւած մնալ բազում առարկայական խնդիրներ: Վերջին մէկ տարում կատարւած օրէնսդրական փոփոխութիւններով էլ այդ խնդիրներն աւելանում են:

2019 թ. յունւար-հոկտեմբերին միջին աշխատավարձը նախորդ տարւայ համեմատ աճել է ընդամենը 5.9 տոկոսով՝ առաջին անհրաժեշտութեան ապրանքների իրական գնաճից աւելի քիչ չափով: 2020 թ. նախատեսւած է նւազագոյն ամսական աշխատավարձի չափի բարձրացում՝ 55000 դրամից 68000 դրամ: Սակայն 2020 թ. կանխատեսւող միջին աշատավարձի աճը գրեթէ հաւասար է գնաճի ցուցանիշին:
Պետական համակարգի վարձատրութեան չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձը) նորից մնալու է անփոփոխ՝ 66140 դրամ:

Նման իրավիճակում 2020 թ. համահարթեցւում է եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիւ սանդղակը եւ սահմանւում է միասնական մէկ դրոյքաչափ: Մինչեւ 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ 370000 աշխատողների կամ վարձու աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը մնալու է նոյնը:

2018 թ. յունւար-ապրիլին տնտեսական ակտիւութեան ցուցանիշը հասել էր 9.5 տոկոս, որը հետագայում չգերազանցւեց: 2018 թ. յաջորդ ամիսներին նւազեց եւ տարին ամփոփւեց 5.6 տոկոսով: 2019թ. յունւար-սեպտեմբերին այս ցուցանիշը 7.1 տոկոս է, իսկ 2020 թ. պետական բիւջէով նախատեսւում է 4.9 տոկոս:

Օտարերկրեայ ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքից հանած արտահոսք) 30 միլիարդ դրամով կրճատւել է՝ 2019 թ. առաջին կիսամեակում այն եղել է 7.8 միլիարդ դրամ, իսկ 2018 թ. առաջին կիսամեակում՝ 38.6 միլիարդ դրամ:

Ներդրումների ներգրաւման ու տնտեսական ակտիւութեան խթանման առաջնային ազդեցութիւն ունեցող՝ պետական բիւջէի կապիտալ ծախսերի կատարողականը 2019 թ. կազմել է աննախադէպ ցածր՝ 26 տոկոս:

Գործող կառավարութիւնը իր ծրագրով նախատեսել է՝ Հայաստանը ունենալու է արտահանմանը միտւած տնտեսական զարգացման մոդել: Իսկ 2019 թ. առաջին կիսամեակում արտահանումը նւազել էր 0.5 տոկոսով, յունւար-սեպտեմբերին աճել է ընդամենը 7.9 տոկոսով: Ընդ որում՝ 2018 թ. յունւար-ապրիլին արձանագրւել էր 25.7 տոկոս արտահանման աճ:

Այսպիսով՝ առարկայական պատասխանի է սպասում նաեւ հետեւեալ ընդհանրական հարցը. «Սոցիալ-տնտեսական ոլորտում արձանագրւող իրավիճակային նման փոփոխութիւնների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրւած երկարաժամկէտ նպատակադրումները, թէ՞ …»:

«100 փաստեր» ձեւաչափը լրացնելու նպատակով առաջիկայում կը ներկայացնենք այլ կէտեր, որոնք եւս բխում են օբիեկտիւ իրականութիւնից:

 

Թադէոս Աւետիսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի

ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։