Հա
26/11/2019 - 14:30

Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական կապերի քննարկում

Իրան-Հայաստան Առեւտրի պալատը Իրանում ՀՀ դեսպանութեան համագործակցութեամբ, երէկ առաւօտեան կազմակերպել էր մէկօրեայ համաժողով՝ Իրան-Հայաստան Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ առեւտրական գործարքներն սկսելու վերաբերեալ, մասնաւոր հատւածների միջեւ առեւտրական յարաբերութիւններին առաւել զարկ տալու նպատակով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրան-Հայաստան Առեւտրի պալատը Իրանում ՀՀ դեսպանութեան համագործակցութեամբ, երէկ առաւօտեան կազմակերպել էր մէկօրեայ համաժողով՝ Իրան-Հայաստան Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ առեւտրական գործարքներն սկսելու վերաբերեալ, մասնաւոր հատւածների միջեւ առեւտրական յարաբերութիւններին առաւել զարկ տալու նպատակով:

Երկու երկրների պետական հիմներով Թեհրանի Առեւտրի պալատում մեկնարկած համագումարին ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Թեհրանի Առեւտրի պալատի միջազգային հարցերով տեղակալ Հալաջը: Օրւայ առիթով արտայայտւեց Թեհրանի Առեւտրի պալատի գլխաւոր քարտուղար դոկտ. Էշղին, կարեւորելով Թեհրանի Առեւտրի պալատի դերը պետութեան եւ տնտեսվարողների միջեւ: Նա կարեւորեց Եւրասիայի տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան մէջ Հայաստանի եւ Իրանի ներկայութիւնն ու ընդգծեց, որ հնարաւոր է քայլեր ձեռնարկել Իրան-Հայաստան տնտեսական զբօսաշրջային կապերը ընդլայնելու նպատակով:

Միջոցառմանը ներկաներին իր խօսքն ուղղեց Իրան-Հայաստան առեւտրական համատեղ պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանը: Նա անդրադարձաւ ԵԱՏՄ-ի համաձայնագրին, ընդգծելով, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրի արտօնեալ պայմանագիրը կնքւելով՝ Իրանի արտաքին առւետրի բաց թողնւած հատւածը ուշագրաւ փոփոխութեան է ենթարկւելու:

Նա Եւրասիան վստահելի կամուրջ համարեց ֆինանսական փոխանակումների եւ արտահանումների համար:

Համաժողովին ելոյթով հանդէս եկաւ Իրանի արտգործնախարարութեան Կովկասի հարցերով հիմնարկի նախագահ Ֆաղանին, ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքականութեան մէջ Հայաստանի հետ քաղաքա-տնտեսական յարաբերութիւնները առաջնային են համարւում, վկան՝ երկու երկրների բարձրաստիճան պետական այրերի փոխադարձ այցերը:

Համաժողովին արտայայտւեց Իրանի Առեւտրի զարգացման կազմակերպութեան առեւտրական պայմանագրերի եւ միջազգային հարցերով խորհրդական Սէյէդին, կարեւորելով մասնաւոր բաժնի դերը՝ երկու երկրների առեւտրական փոխանակումների հարցով:

Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Դեսպանը ընդգծեց, որ ՀՀ դեսպանութիւնը վերջին հինգ տարիներում սիստեմատիկ ձեւով համագործակցում է Իրանում գործող առեւտրի պալատների հետ, կարեւորելով Թեհրանի Առեւտրի պալատի եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի դերը:

Դեսպան Թումանեանը անդրադարձաւ Հայաստանում տնտեսական իրավիճակին եւ ներդրումների համար հնարաւորութիւններին ու դիւրութիւններին:

Դեսպանը ընդգծեց, որ հայաստանցիների դիտանկիւնից Իրանը տարածաշրջանի խոշորագոյն երկրներից է, տնտեսական տեսակէտից ունի շատ հզօր արտադրական եւ բնական ռեսուրսներ, զարգացած տնտեսութիւն եւ ամենակարեւորը շատ հզօր աշխատանքային, մարդկային բարձր մակարդակի ներուժ, որը մեզ լաւատեսութիւն է ներշնչում, որ մենք որպէս հարեւան երկիր կարող ենք օգտւել:

Միջոցառմանը, որին ներկայ էին Իրանից գործարարներ, ուղղեցին հարցեր, կապւած Իրան-Հայաստան առեւտրական գործակցութեանը եւ ներդրումների իրականացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։