Հա
08/01/2020 - 10:20

Այս կառավարութիւնը պէտք է վերանայի իր տնտեսական քաղաքականութիւնը

Կարծում եմ՝ 2019 թ.-ի համար կունենանք մօտ 7.5 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում կապահովւի առեւտրի, ծառայութիւնների եւ արդիւնաբերութեան ոլորտների հաշւին: Ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այս տարի այդ աճը ներառական չէ, դրանից օգտւելու են մի խումբ անձինք:

«alikonline.ir» - Կարծում եմ՝ 2019 թ.-ի համար կունենանք մօտ 7.5 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում կապահովւի առեւտրի, ծառայութիւնների եւ արդիւնաբերութեան ոլորտների հաշւին: Ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այս տարի այդ աճը ներառական չէ, դրանից օգտւելու են մի խումբ անձինք: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը:

«Այս տնտեսական աճն իր բացարձակ թւով աննախադէպ է տարածաշրջանում միջազգային ցուցանիշների համեմատ, սակայն դա, ըստ էութեան, նախկինում եղած ստւերի մի մասի բացայայտում է: Եւ դրանով չպէտք է ոգեւորւել եւ բաւարարւել, այլ պէտք է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն երկարաժամկէտ, կայուն, ներառական աճ: Այդպիսի ծրագրերի հիմքեր չեն դրւել 2019 թ.-ի ընթացքում եւ այդպիսի ծրագրեր չեն նախատեսւում նաեւ 2020 թ.-ին: ՀՆԱ աճում կառավարութեան տնտեսական քաղաքականութեան ազդեցութիւնը շատ փոքր է, դրանով չենք կարող ապահովել 2020 թ.-ի նախանշած թւերը»,- նշեց տնտեսագէտը:

2020 թ.-ի բիւջէով կանխատեսւած 4.9 տոկոս տնտեսական աճը, ըստ նրա, բաւականին ցածր նշաձող է, որը թոյլ կը տայ կառավարութեանը հեշտութեամբ ապահովել նախանշւած ցուցանիշը:

Պաշտօնական վիճակագրութեան համաձայն` նախորդ տարի ներդրումների աճ է գրանցւել: Սուրէն Պարսեանը, մինչդեռ, ընդգծեց, որ ներդրումների մէջ ներառւած են նաեւ պետական բիւջէից յատկացւող գումարները. «Այստեղ խնդիր կայ յստակեցնելու, որն ինչքան մասնակցութիւն է ունեցել: Բայց աւելի է մտահոգիչ էր 2019 թ.-ի ընթացքում այն, որ 50 մլն. դոլարի դիւիդենտներ են Հայաստանից հոսել, նախորդ տարւայ համեմատ աւելի շատ: Սա խօսում է նրա մասին, որ ՀՀ-ում արդէն իսկ գործող ներդրումային ծրագրերն այստեղ չեն տեսնում իրենց վերաներդրման հնարաւորութիւնը»:

Սուրէն Պարսեանը ողջունելի է համարում 2019 թ.-ի ընթացքում առանձին սոցիալական ցուցանիշների ուղղութիւններով աճը՝ նպաստների, աշխատավարձերի, թոշակների բարձրացում: Միեւնոյն ժամանակ, տնտեսագէտը շեշտում է գնաճի զսպման ուղղութեամբ կառավարութեան քաղաքականութեան կարեւորութիւնը:

«Առաջին անգամ նւազագոյն աշխատավարձը հաւասարւեց նւազագոյն սպառողական զամբիւղին, դա պէտք է ողջունել եւ պահել: Բայց երբ կառավարութիւնը նախանշում է 4.9 տոկոս տնտեսական աճ եւ 4.5 տոկոս գների աճ եւ եթէ դա տեղի ունենայ ի հաշիւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների, ապա այդ նոր 68 հազար դրամով աւելի քիչ ապրանքներ եւ ծառայութիւններ մարդը ձեռք կը բերի, քան այսօրւայ 55 հազարով: Սա խնդիր է եւ գնաճային ճնշումները զսպելու հետ կապւած կառավարութիւնը մեծ անելիքներ ունի, յատկապէս՝ առաջին անհրաժեշտութեան ապրանքների դէպքում»,- ասաց նա:

Բացի գնաճից, Սուրէն Պարսեանը խնդիր է տեսնում, որ սոցիալական ծախսերն աճել են ի հաշիւ կապիտալ ծախսերի: Մասնաւորապէս, 2019 թ.-ի առաջին 9 ամիսների կտրւածքով կապիտալ ծախսերը 61 տոկոսով թերակատարւել են. «Հիմա մենք մի կողմից ձախողել ենք ծրագրերը, միւս կողմից աւելացրել ենք սոցիալական ծախսերը, դա մէկը միւսի հաշւին չպէտք է տեղի ունենայ, քանի որ կապիտալ ծախսերն ապահովում են երկարաժամկէտ, կայուն զարգացում տնտեսութեան համար: Սա է մեր հիմնական մարտահրաւէրը եւ սա լուծելու համար պէտք է կառավարման արդիւնաւէտութիւնը բարելաււի»:

Տնտեսագէտի խօսքով՝ կառավարման արդիւնաւէտութիւնը 2019 թ.-ի ընթացքում բաւականին ցածր էր. «Այս կառավարութիւնը 2018 եւ 2019 թթ.-ին աւել հաւաքագրելով հարկերը, ինչպէս նաեւ ձախողելով մի շարք ծրագրեր, գումար է խնայել մօտ 600 մլն. դոլարի չափով եւ հիմա դա գտնւում է Կենտրոնական բանկում՝ որպէս աւանդ: Դա այս կառավարութեան համար կը դառնայ սեւ օրւայ գումար: 2020 եւ յաջորդ տարիների ընթացքում կը փորձի այս գումարի միջոցով լրացնել իր կողմից, ըստ էութեան, չհաւաքագրւող հարկային եկամուտները»:

Ըստ Սուրէն Պարսեանի, ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այժմ, կառավարութեան համար մարտահրաւէր է տնտեսութեան դիւերսիֆիկացիան: Հայաստանի տնտեսութիւնը դարձեալ կախւածութիւն ունի հանքարդիւնաբերութիւնից:

«Այս կառավարութիւնը պէտք է վերանայի իր տնտեսական քաղաքականութիւնը եւ պէտք է հասկանայ, որ իր վրայ է դրւած տնտեսութիւնն առաջ տանելու պատասխանատւութիւնը: Շուկան ինքն իրենով չի կարող կարգաւորւել: Առանձին ոլորտներում կառավարութիւնը պէտք է անմիջական միջամտութիւն ունենայ, վերաբաշխի ստեղծւող արդիւնքը, եկամուտները: Մեր երկրում ստեղծւում է մեծ արդիւնք, բայց այդ արդիւնքը չի բաշխւում հասարակութեան լայն շերտերի միջեւ»,- նշեց նա:

 

Հեղինակ Յակոբ Ասլանեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։