Հա
14/01/2020 - 10:10

Յեղափոխական տնտեսական աճ չունենք

Արժոյթի միջազգային հիմնադրամի ցուցանիշներով Հայաստանը մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցել է Վրաստանին: Եթէ նայենք 90-ականներից վերջերից յետոյ կը տեսնենք, որ Հայաստանի տնտեսութիւնը շարունակաբար աճել է (բացի 2008-2009 թթ.): Այնպէս որ, տնտեսական աճը բոլոր կառավարութիւնների ջանքերի ներդրումն է:

«alikonline.ir» - Արժոյթի միջազգային հիմնադրամի ցուցանիշներով Հայաստանը մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցել է Վրաստանին: Եթէ նայենք 90-ականներից վերջերից յետոյ կը տեսնենք, որ Հայաստանի տնտեսութիւնը շարունակաբար աճել է (բացի 2008-2009 թթ.): Այնպէս որ, տնտեսական աճը բոլոր կառավարութիւնների ջանքերի ներդրումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագէտ Արթուր Խաչատրեանը:

«Սրանից 10-15 տարի առաջ Հայաստանի տնտեսական աճն այնքան բարձր էր, որ կոչւում էր կովկասեան վագր: ԱՄՀ-ի թւերը 2019-ի համար կանխատեսում են, որ Հայաստանի մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աւելի մեծ է, քան Վրաստանինը: Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ասում է, որ իրենք մեթոդաբանութիւն են փոխելու եւ փոփոխւած մեթոդաբանութեամբ այլ պատկեր են ստանալու: Երբ «նոր» թւերը լինեն, այդ ժամանակ էլ կը խօսենք, հիմա թւերն այլ բան են ասում»,- յայտարարեց նա:

Դիտարկմանը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն ասում է՝ պէտք է հիմք ընդունել համաշխարհային բանկի տւեալները, որով մենք զիջում ենք Վրաստանին, Արթուր Խաչատրեանն ասաց. «Երկու կառոյցներն էլ տւեալներ են հաղորդում, Համաշխարհային բանկը դեռ 2019-ի տւեալներ կամ կանխատեսումներ չի հրապարակել, բայց այն որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը տնտեսական աճ է ունեցել՝ դա անվիճելի է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելեանը յայտարարել է՝ իրենց նպատակը ցուցանիշներով հարեւանների հետ համեմատւելը չէ եւ նշել է, որ քաղաքացին հիմա աւելի լաւ է ապրում, քան առաջ եւ օրինակ է բերել կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացումը, նա ասաց. «Կենսաթոշակների այդ 10 տոկոս բարձրացումը այս տարւանից է աւելացել: Թող բարձրանան, տեսնենք: Հիմա բնակչութեան մի փոքր խաւ շատ-շատ վատ ապրելուց սկսի ապրել վատ, չի նշանակում, թէ բարեկեցութեան էական աճ կայ»:

Ինչ վերաբերում է խորհրդականի բերած օրինակին, որ եկամտահարկի համահարթեցման բազմաթիւ քաղաքացիների աշխատավարձեր են բարձրացել, Արթուր Խաչատրեանը նշեց, որ իրենց կուսակցութիւնը կողմնակից է պրոգրեսիւ հարկմանը:

«Հիմա ամբողջ աշխարհում այդ տենդեցն է, որ շատ աշխատավարձ ստացողը պէտք է աւելի շատ վճարի եկամտահարկ, խօսքը բացարձակ արժէքի մասին չէ, պէտք է պրոգրեսիւ սանդղակը լինի: Այդ դէպքում մենք կը կարողանանք ապահովել տնտեսական ներառական աճ, այս ձեւով տնտեսական ներառական աճ ապահովել չի լինի: Այսինքն՝ խնդիրը, որ կառավարութիւնն իր առջեւ դրել է, չի կարողանալու լուծել: Ներառականութիւն ենթադրում է եկամուտների վերաբաշխում, իսկ իրենք աղքատից էլ են նույն հարկը վերցնում, հարուստից էլ. այդպէս ո՞նց կարելի է»,- նշեց նա:

Դիտարկման ի պատասխան, թէ վարչապետի խորհրդականը համահարթեցումը բերում է օրինակ, թէ դրանից ելնելով են մարդիկ սկսել աւելի լաւ ապրել, քանի որ աշխատավարձ է բարձրացել, նա ասաց. «Ախր այդ մարդիկ յունւար ամսւայ աշխատավարձը սկսելու են ստանալ 15-20 օր յետոյ, որ ստանան, սկսեն աւելի լաւ ապրեն, նոր վարչապետի խորհրդականը կարող է ասել, որ աւելի լաւ են ապրում, բայց Հարկային օրէնսդրութիւնը յունւարի 1-ից է գործում, դեռ որեւէ մէկը հարկ չի վճարել, աշխատավարձ չի ստացել, ձուկը ջրում, ո՞նց կարելի է նման պնդում անել»:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ 2020-ին Հայաստանը մէկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով կարող է գերազանցել նաեւ Արդբեջանին, Խաչատրեանը նշեց, որ դա կախւած է նաեւ նրանից, թէ Ադրբեջանի տնեսութիւնն ինչպէս իրեն կը պահի: Նա նշեց, որ Ադրբեջանի տնտեսութեան մասին շատ բան ասել չի կարող, բայց ըստ նրա, շատ աւելի կարեւոր խնդիր կայ:

«ՀՆԱ-ի աճը, որ ցոյց են տալիս, արդեօ՞ք տնտեսութեան իրական աճ է, թէ դա ստւերի կրճատման հաշւին թւացեալ աճ է: Պատկերաւոր ասեմ՝ ենթադրենք, որեւէ ձեռնարկութիւն արտադրում է 100 միաւոր արտադրանք եւ վաճառում է իրեն վստահելի ցանցի միջոցով 100 միաւորը, բայց ցոյց է տալիս 70-ը: Սակայն հիմա, երբ հարկային վարչարարութեան բարելաւման արդիւնքում մարդիկ ցոյց են տալիս, որ հէնց 100 միաւոր են արտադրում, տպաւորութիւն է ստեղծւում, որ ՀՆԱ-ն աւելի աճել է, բայց իրականում տնտեսութեանն ինչ կար, այդպէս էլ մնացել է, եւ մենք ունենք ՀՆԱ-ի աճի աղճատւած պատկեր»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանն ընդգծեց՝ ստւերի որոշակի կրճատումը, իհարկէ, դրական է, բայց դա չի նշանակում, որ տնեսական աճ ունենք: «Պէտք է իրերն իրենց անուններով կոչել: Տնտեսական աճը որպէս այդպիսին յեղափոխական չէ: Ես կարծում եմ, որ յեղափոխական տնտեսական աճ չունենք, տնտեսութիւնը նոյն պոտենցիալի վրայ է, տնտեսական պոտենցիալը չի փոխւել եւ չի էլ փոխւի մինչեւ պետութիւնը հիմնական միջոցների մէջ ներդրումներ չանի: Մեզ մօտ կապիտալ բիւջէն 2019-ին խայտառակ մակարդակի էր իրացւել: Տնտեսութեան էական աճ մենք չենք ունենայ, որովհետեւ աւել գումարը հաւաքում են եւ տնտեսական լուրջ ծրագրեր իրականացնելու փոխարէն ճանապարհներ են ասֆալտապատում (ոչ թէ նոր ճանապարհներ կառուցում): Դա տնտեսական աճի չի բերի, պէտք է պետութիւնը նպատակային, թիրախային կապիտալ ծախսեր անի, որպէսզի տնտեսութիւնը մեծանայ, աճի: Հիմա, եթէ տնտեսութեան պոտենցիալը չի փոխւել, աճն էլ է նոյնը լինելու, ինչ նախկին 10 տարւայ ընթացքում: Ուղղակի ստվերի կրճատման արդիւնքում փորձ է արւում ցոյց տալ, թէ կայ տնտեսական էական, յեղափոխական աճ. չկայ նման բան»,- շեշտեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։