Հա
10/03/2020 - 12:20

Տնտեսական ու քաղաքական ճգնաժամ, տարածաշրջանում լարւածութեան աճ․ Աւետիք Չալաբեանը ներկայացրել է՝ ի՞նչ սպասել նաւթի գների կտրուկ անկումից

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համանախագահ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նաւթի բորասայում նաւթի գնի անկմանը եւ Հայաստանի վրայ դրա հնարաւոր հետեւանքներին։

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համանախագահ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նաւթի բորասայում նաւթի գնի անկմանը եւ Հայաստանի վրայ դրա հնարաւոր հետեւանքներին։

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Հանգստեան օրերի ընթացքում, մինչ Հայաստանը ակտիւ քննարկում էր վարչապետի կողմից բուկլետների բաժանումը, մետրոյի աղջկայ անսովոր դեմարշը, եւ Կուրթանի երիտասարդի արդարացի ընդվզումը մեզ շրջապատող աշխարհում իրապէս աննախադէպ իրադարձութիւն տեղի ունեցաւ՝ նաւթի բորսայական գինը տառացիօրէն երկու օրւայ ընթացքում գահավիժեց մէկ բարելի դիմաց 52 դոլարից 32 դոլար, կորցնելով միանգամից իր արժէքի 40%-ը:

Այսպիսի բան մօտ 30 տարի տեղի չէր ունեցել, ու թէեւ Հայաստան դեռ լիակատար հետեւանքները չեն հասել, սակայն մեծ հաւանականութեամբ ի վերջոյ կը հասնեն, ուստի իմաստ ունի հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկաներում, եւ հնարաւոր ինչ հետեւանքներ են մեզ սպասում։

Նախ, նաւթի գինը ընկնում էր արդէն յունւարից, հիմնականում կորոնովիրուսի հետ կապւած վախերի պատճառով։ Չնայած համաճարակը Չինաստանում արդէն վերահսկողութեան տակ է վերցւած․ եւ աստիճանաբար մարում է, այն տարածւում է մնացած աշխարհում, եւ մի քանի երկրներում փաստացի դարձել է իսկական աղէտ։ Այս պայմաններում, բնական էր նաւթի պահանջարկի եւ գների անկումը, եւ նոյնչափ բնական կը լինէր, որ նաւթ արտադրող հիմնական երկրները պայմանաւորւածութեան գային՝ նրա առաջարկը համարժէքօրէն սահմանափակելու վերաբերեալ։

Սակայն մարտի 6-ին տեղի ունեցաւ անսպասելին՝ նաւթ արտահանող երկու հիմնական հսկաները՝ Սաուդական Արաբիան եւ Ռուսաստանը, չկարողացան պայմանաւորւածութեան գալ հետագայ գործողութիւնների կորդինացման շուրջ, եւ փաստացի դուրս եկան նաւթի առաջարկի վերահսկման համաձայնութիւնից, որի շնորհիւ արդէն երեք տարի գները գտնւում էին համեմատաբար կայուն տիրոյթում։ Կարելի է բազմաթիւ դատողութիւններ անել, թէ ինչու Ռուսաստանը գնաց այդ անսպասելի քայլին, սակայն արդէն հիմա ակնյայտ է, որ դրա հետեւանքները շատ աւելի ցաւոտ կարող են լինել, քան ենթադրւում էր այդպիսի որոշում ընդունելիս, ինչը յոյս է տալիս, որ Ռուսաստանի ղեկավարութիւնը դեռ կարող է վերանայել իր մօտեցումը։ Նոյնիսկ եթէ դա տեղի չունենայ, բարելի դիմաց 40 դոլարից ներքեւ նաւթի հանոյթի զգալի մասն աշխարհում միջնաժամկէտ հեռանկարում վնասաբեր է դառնում, եւ մեծ հաւանականութեամբ տեղի կունենայ գների բնական կարգաւորում այդ տիրոյթում, սակայն շուկայի լիարժէք վերակագնում մօտ ապագայում արդէն դժւար է ակնկալել։

Հայաստանի համար նաւթի ցածր գների հետեւանքները կարող են եւս խիստ շօշափելի լինել։ Մի կողմից, Հայաստանը նաւթամթերքների ներմուծող է, եւ էժան նաւթը կը յանգեցնի դրանց գների նւազման, դա գուցէ մեր համար չափաւոր դրական գործօն է։ Սակայն պէտք է յիշել, որ նաւթի ցածր գներից էապէս կը տուժի Ռուսաստանի տնտեսութիւնը, որը մեր խոշորագոյն առեւտրային գործընկերն է, եւ Հայաստան եկող արժոյթային տրանսֆերտների խոշորագոյն աղբիւրը՝ սա շղթայական ռեակցիայով կը յանգեցնի Հայաստան մտնող արժոյթային հոսքերի կրճատմանը։ Բացի այդ, նաւթի ցածր գինը նաեւ անխուսափելիօրէն կը յանգեցնի մետաղների մեծ մասի գների անկման, սա եւս բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի վրայ, որի արտահանման կարեւորագոյն բաղադրիչներից են պղնձի եւ մոլիբդենի խտանիւթերը։ 2009 թ․ մենք արդէն ականատես ենք եղել այդպիսի սցենարի, ի վերջոյ այն յանգեցրեց ոչ միայն դրամի աւելի քան 20% արժեզրկման, այլեւ տնտեսական ակտիւութեան կտրուկ անկման, եւ պետական պարտքի զգալի աճի տառացիօրէն մէկ տարւայ ընթացքում։

Նաւթի գների անկումը նաեւ կարող է բերել տարածաշրջանում լարւածութեան աճի։ Այն երկրները, որոնց բիւջէները խիստ կախւած են նաւթի գներից, կանգնելու են սեփական արժոյթի կտրուկ արժեզրկման վտանգի առաջ, սա իր հերթին բերելու է ներքին սոցիալական լարւածութեան, սա էլ կարող է մեծացնել ռազմական գործողութիւնների ակտիւացման վտանգը։ Մենք դրան արդէն ականատես ենք եղել չորս տարի առաջ, երբ նաւթի գների անկումը ի վերջոյ նպաստեց հակառակորդի ռազմական արկածախնդրութեանը։ Հիմա դրա կրկնութիւնը չի բացառւում, առաւել եւս, որ գների անկումը, դատելով կորոնովիրուսի համաշխարհային տարածումից, կարող է բաւական երկար տեւել, եւ ստեղծել արտաքին ճակատում կտրուկ գործողութիւնների գնալու մտայնութիւն, ներքին սրացումները կանխելու նպատակով։

Ի՞նչ պէտք է անի Հայաստանը այս վիճակում։ Առաջին հերթին՝ չկրկնի 2009 թ․ սխալները, երբ Կառավարութիւնը շարունակում էր պնդել, որ ճգնաժամը մեզ կը շրջանցի, եւ զգալի ժամանակ յստակ գործողութիւններ չէր ձեռնարկում՝ մեղմելու նրա ազդեցութիւնը։ ՀՀ Կենտրոնական բանկը անցած տարւայ ընթացքում մօտ 30%-ով աւելացրել է իր արտարժոյթային պահուստները՝ դրանք այժմ պէտք է խելամիտ օգտագործել՝ թոյլ չտալու շուկայում դրամի փոխարժէքի կտրուկ տատանումներ եւ խուճապ։ Միեւնոյն ժամանակ, չի կարելի թոյլ տալ նաեւ դրամի գերարժեւորում ռուբլու եւ տարածաշրջանային այլ արժոյթների նկատմամբ, քանի որ այն կը բերի մեր արտահանման մրցունակութեան անկման։ Նաեւ, Կառավարութիւնը պէտք է այս վիճակում ըստ ամենայնի աջակցի արտահանողներին՝ օպերատիւ վերադարձնի աւելացրած արժէքի հարկը, անհրաժեշտութեան դէպքում այլ հարկերի վճարման գծով տարեկետումներ տրամադրի, վերացնի արտահանման հնարաւոր արհեստական խոչընդոտները։ Արտաքին շուկաներում պահանջարկի անկումը նաեւ պէտք է մասամբ կոմպենսացնել ներքին շուկայում՝ խրախուսող դրամա-վարկային քաղաքականութեան միջոցով։

Քանի որ ցանկացած տնտեսական ճգնաժամ ի վերջոյ քաղաքականի կարող է վերածւել, Կառավարութիւնը նաեւ պէտք է առաւելագոյնն անի՝ ներքաղաքական շիկացած մթնոլորտը լիցքաթափելու համար։ Ապրիլի 5-ի հանրաքւէի չեղարկումը կը լինէր առաւել խելամիտ քայլն այս իրավիճակում, հաշւի առնելով հասարակութեան արդէն իսկ կտրուկ բեւեռացումը, իսկ ընդդիմութեան հետ առճակատումից քաղաքական երկխօսութեան անցնելը հնարաւորութիւն կը տար առաւել արդիւնաւէտ դիմագրաւել սպասւող տնտեսական եւ քաղաքական մարտահրաւէրները։ Նմանապէս, Արցախում ընտրութիւնների անցկացումը ազգային համաձայնութեան մթնոլորտում, կարեւոր ուղերձ կը յղէր արտաքին աշխարհին, որ մենք յստակ գիտակցում ենք մեր ազգային շահերը, եւ պատրաստ ենք կանխելու նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգութեան։ Վերջապէս, իշխանութեան ջանքերը անիմաստ քարոզարշաւի եւ անբովանդակ բուկլետներ բաժանելու փոխարէն, կարելի է առաջիկայում ուղղել բանակի մարտունակութեան եւ երկրի ընդհանուր անվտանգութեան ամրապնդման վրայ՝ այդ դէպքում մենք նոյնիսկ կարող ենք շահած դուրս գալ այս անակընկալ գլոբալ ճգնաժամից»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։