Հա
11/08/2020 - 13:30

Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դէմ պայքարին մինչեւ 160 միլիարդ դոլար կը յատկացնի

Համաշխարհային բանկը մինչեւ 2021 թւականի յունիսի 30-ը մտադիր է կորոնավիրուսի հետեւանքների դէմ պայքարին մինչեւ 160 միլիարդ դոլար յատկացնել:

«alikonline.ir» - Համաշխարհային բանկը մինչեւ 2021 թւականի յունիսի 30-ը մտադիր է կորոնավիրուսի հետեւանքների դէմ պայքարին մինչեւ 160 միլիարդ դոլար յատկացնել: Ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ յղում տալով բանկի յայտարարութեանը։

«Ի պատասխան COVID-19-ի համավարակին՝ Համաշխարհային բանկն արագ արձագանքման միջոցառումներ է ձեռնարկել եւ մտադիր է մինչեւ 2021 թւականի յունիսի 30-ը մինչեւ 160 միլիարդ դոլար յատկացնել։ 2020 ֆինանսական տարում Համաշխարհային բանկը կորոնավիրուսային իրավիճակի հետ կապւած օգնութեանն ընդհանուր առմամբ 21 միլիարդ դոլար է ուղղել»,- նշւում է փաստաթղթում։

«Քանի որ զարգացող երկրները բժշկական, սոցիալական եւ տնտեսական աննախադէպ ճգնաժամի են բախւում, որը սպառնալիքի տակ է դնում տասնամեակների ընթացքում գրանցւած զարգացումը եւ միլիոնաւոր մարդկանց աղքատութեան է մատնում, Համաշխարհային բանկի այս առաքելութիւնն արդիական է ինչպէս երբեւէ... Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եկամտային ցածր մակարդակ ունեցող երկրներին տրամադրած օգնութեան աւելացման ուղղութեամբ եւ ռեսուրսներն ուղղում ենք անկայունութիւնից, կոնֆլիկտից եւ բռնութիւնից տուժած երկրներին»,- նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելփասը եւ յաւելել. «Երկարաժամկէտ հեռանկարում մեր առաջնահերթութիւնները կենտրոնացած են տնտեսական աճի ապահովման եւ կարեւոր ենթակառուցւածքների՝ էլեկտրաէներգիայի եւ մաքուր ջրի հասանելիութեան ապահովման միջոցով միջին եկամտի բարձրացման, թւային ֆինանսական ծառայութիւնների ընդլայնման, օրէնքի գերակայութեան ամրապնդման, մասնաւոր հատւածի զարգացման խթանման, ինչպէս նաեւ պարտքերի եւ ներդրումների հարցերում թափանցիկութեան եւ կայունութեան ապահովման վրայ»։

Ըստ Արժոյթի միջազգային հիմնադրամի կանխատեսման՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսութիւնը գրեթէ 5%-ի անկում կապրի, սակայն յաջորդ տարի այն կը վերականգնւի եւ կը գրանցւի 5,4%-ի զարգացում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։