Հա
07/01/2021 - 13:10

«Նախիջեւանի տարածքով Իրանի հետ երկաթուղային կապի հաստատումը բաժակաճառերի ժանրից է, պաշտօնական Թեհրանը չի վստահում Երեւանին՝ իր ներկայ իշխանութիւններով հանդերձ». Վահէ Դաւթեան

Նախիջեւանով Ռուսաստանի հետ տրանսպորտային կապի հաստատման մասին խօսելը, ըստ ամենայնի վկայում է այն մասին, որ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը լաւ չի պատկերացնում աշխարհագրութիւնը, առաւել եւս՝ տրանսպորտային լոգիստիկան: Տեսականօրէն կարելի է Թուրքիայի տարածքով եւս ելք ապահովել դէպի Ռուսաստան, սակայն պարզ չէ՞, որ դա կը լինի տնտեսապէս ոչ նպատակայարմար:

«alikonline.ir» - Նախիջեւանով Ռուսաստանի հետ տրանսպորտային կապի հաստատման մասին խօսելը, ըստ ամենայնի վկայում է այն մասին, որ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը լաւ չի պատկերացնում աշխարհագրութիւնը, առաւել եւս՝ տրանսպորտային լոգիստիկան: Տեսականօրէն կարելի է Թուրքիայի տարածքով եւս ելք ապահովել դէպի Ռուսաստան, սակայն պարզ չէ՞, որ դա կը լինի տնտեսապէս ոչ նպատակայարմար: Նոյնը կարող ենք ասել նաեւ Նախիջեւանով Ռուսաստանին միանալու հեռանկարի մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց քաղաքական գիտութիւնների դոկտոր, «Մէկ Հայաստան» կուսակցութեան քաղխորհրդի անդամ Վահէ Դաւթեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանն առ այն, որ հնարաւոր է Նախիջեւանով երկաթուղային հաղորդակցութիւն ունենալ Ռուսաստանի եւ Իրանի հետ, եւ Ադրբեջանն եւս հնարաւոր է օգտւի այդ ճանապարհից:

«Միակ լոգիստիկ լուծումն այստեղ հետեւեալն է. Նախիջեւանի տարածքով միանալ Կասպից ծովի նաւահանգիստներին ու այնուհետեւ ծովային ճանապարհով՝ Ռուսաստանին, որն անտրամաբանական է: Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային միացումը կարող է տեղի ունենալ կամ Վրաստանի ու այնուհետեւ Հարաւային Օսիայի ու Աբխազիայի տարածքով, կամ էլ Ադրբեջանով ու այնուհետեւ Հիւսիսային Կովկասով: Հաւանաբար, վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձն ի նկատի ունի հէնց այս՝ երկրորդ լոգիստիկ լուծումը, որը նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին եւս գործել է, երբ շահագործւում էր Անդրկովկասեան երկաթուղին: Սակայն այս դէպքում եւս մենք գործ ունենք վատ մշակւած առասպելի հետ, քանի որ ներկայումս տարածաշրջանում ստեղծւած իրավիճակում Ադրբեջանը նպատակ է հետապնդում աշխարհաքաղաքականութիւնից յայտնի «անակոնդայի» մեթոդի կիրառման միջոցով խեղդել Հայաստանի տնտեսութիւնը՝ խորացնելով տրանսպորտային շրջափակումը»,- ասաց Դաւթեանը՝ միեւնոյն ժամանակ նշելով, որ պատերազմն այսօր հիբրիդային է ու վարւում է նաեւ տնտեսական տիրոյթում, որտեղ մենք այլեւս չունենք պայքարելու ոչ մի ռեսուրս։

Ինչ վերաբերում է Նախիջեւանի տարածքով Իրանի հետ երկաթուղային կապի հաստատմանը, ապա Վահէ Դաւթեանի կարծիքով դա եւս բաժակաճառերի ժանրից է։ Նրա խօսքով՝ շփւելով իրանցի փորձագէտների հետ՝ նկատել է, որ Թեհրանը դեռեւս չի վստահում Երեւանին՝ իր ներկայիս իշխանութիւններով հանդերձ, ուստի, պատրաստ չէ գնալ նման խոշոր ենթակառուցւածքային նախագծերի իրականացման ճանապարհով:

«Եկէք չմոռանանք, որ վերջին 2.5 տարւայ ընթացքում իրեն իշխանութիւն հռչակած խմբակը արեց ամէն ինչ հայ-իրանական յարաբերութիւնները սնանկացնելու նպատակով, ինչն իր արտայայտումը գտաւ նաեւ ենթակառուցւածքային հարցերում՝ թէ տրանսպորտային, թէ էներգետիկ: Միակ տրանսպորտային-լոգիստիկ փոխակերպումը, որը սպասում է մեզ, Սիւնիքի տարածքով Բաքւի ու Նախիջեւանի միջեւ ուղիղ կապի հաստատումն է»,- ասաց Դաւթեանը եւ ընդգծեց, որ Հայաստանն այս կոնֆիգուրացիայում դառնում է ընդամենը տարանցիկ միջանցք, ընդ որում՝ առանց շահառուի կարգավիճակի, չի ստանալու որեւէ տարանցման վճար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։