Հա
21/01/2021 - 11:40

Տնտեսական դիւանագիտութիւնը Հայաստանում չի կայացել. ԵԱՏՄ-ի հետ համագործակցութեան մասին

«Այլընտրանք» հետազօտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտութեան դոկտոր Թաթուլ Մանասէրեանը անդրադարձել է ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինայի այն դիտարկմանը, որ ԵԱՏՄ երկրները կարող են պայքարել թուրքական ապրանքներից ազատ Հայաստանի շուկաների համար։

«alikonline.ir» - «Այլընտրանք» հետազօտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտութեան դոկտոր Թաթուլ Մանասէրեանը անդրադարձել է ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինայի այն դիտարկմանը, որ ԵԱՏՄ երկրները կարող են պայքարել թուրքական ապրանքներից ազատ Հայաստանի շուկաների համար։

Թաթուլ Մանասէրեանի կարծիքով` Եւրասիական շուկան առանց Հայաստանի էլ շատ աւելի մեծ շուկայ է։ Մեր երկրի տեսակարար կշիռը ԵԱՏՄ-ում մէկ տոկոսի շուրջ է, այնպէս որ մեծ վնասներ կրելու կամ զգալի օգուտներ ստանալու մասին խօսք լինել չի կարող։ Տնտեսագէտի խօսքով` այն քայլը, ինչ կատարւում է Հայաստանի նկատմամբ, աւելի շատ ունի բարոյական նշանակութիւն։

«Իհարկէ ցանկալի է, որ այդ հարցում ԵԱՏՄ անդամ երկրներն իրենց համերաշխութիւնը յայտնեն, որովհետեւ կան նաեւ որոշակի հիմքեր։ Կարծում եմ` խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատշաճ ձեւով չի ներկայացնում իր ներուժը, ուստի վերոյիշեալ մօտեցումը ԵԱՏՄ ներսում աւելի շատ ընկալւում է որպէս յուզական բնոյթի քայլ։ Մինչդեռ միւս չորս պետութիւնների հետ բանակցութիւնների արդիւնքում Հայաստանը կարող է յաւակնել նրան, որ գոնէ սահմանափակւեն որոշ ապրանքներ, ինչի օբիեկտիւ հիմքերը նոյնպէս կան»,- նշեց տնտեսագէտը։

Մանասէրեանի դիտարկմամբ` պէտք է ուղղակի ակտիւ աշխատանք տանել, իսկ դա տնտեսական դիւանագիտութեան ոլորտին է վերաբերում, որը Հայաստանում չի կայացել, յատկապէս ներկայ իշխանութիւնների օրօք։ Ըստ նրա` անհրաժեշտ է տնտեսական կապերով պայմանաւորւած համագործակցային առաւելութիւններն օգտագործել յաւուր պատշաճի։

«Բազմիցս խօսել եմ եւ իմ նոր տեսութիւնը դեռ անցեալ տարի ներկայացրել եմ գիտական հանրութեանը` նշելով, որ համագործակցային առաւելութիւններն ունեն այն իմաստը, որ միասնաբար բոլոր հինգ երկրները պէտք է օգտագործեն իրենց ներուժը, բայց նաեւ միասնաբար դուրս գան արտաքին շուկաներ եւ որոշեն, թէ որ շուկաներն են աւելի ձեռնտու իրենց համար որպէս միասնական շուկայ, որովհետեւ Եւրասիական տնտեսական միութիւնը հէնց ընդհանուր շուկայի գաղափարի զարգացումն է»,- նշեց տնտեսագէտը։

Մանասէրեանի գնահատմամբ` պարտադիր պայմաններից մէկը պէտք է լինի նաեւ եւրասիական բրենդի ձեւաւորումը, ինչի մասին վերջին տարիներին փորձագիտական շրջանակներում շատ է ներկայացրել տնտեսագէտն ու ստացել մասնագէտների հաւանութիւնը։ Ըստ նրա` այս պահին համագործակցութիւնը մի քիչ սահմանափակ բնոյթ է կրում, աւելի շատ երկկողմ բնոյթ, բայց բազմակողմ համագործակցութիւնը ենթադրում է աւելի դինամիկ եւ որակապէս նոր մակարդակ։     

Հայաստանում թուրքական ապրանքների արգելքն ուժի մէջ է մտել 2020 թւականի դեկտեմբերի 31-ից։ Այդ մասին յայտարարվել էր դեռ 2020 թւականի հոկտեմբերին` երկու ամիս առաջ, որպէսզի տեղական բիզնեսը, որն աշխատում է թուրքական ապրանքների կամ հումքի վրայ, ժամանակ ունենայ կողմնորոշւելու համար։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանը Թուրքիայից տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։