Հա
14/02/2021 - 13:15

ԵԱՏՄ-ին համալրում է սպասում․ ի՞նչ կը տայ Իրանի անդամակցութիւնը Հայաստանին

ԱՄՆ-ի շարունակական ճնշման ֆոնին Իրանը եւրասիական նախագիծը դիտարկում է որպէս իւրայատուկ տնտեսական, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական «անձրեւանոց»։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի շարունակական ճնշման ֆոնին Իրանը եւրասիական նախագիծը դիտարկում է որպէս իւրայատուկ տնտեսական, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական «անձրեւանոց»։

Եւրասիական տնտեսական միութեանը, ինչպյս երեւում է, համալրում է սպասում։ Ինտեգրացիոն միաւորմանը կարող է անդամակցել Իրանը։ Ասել, որ նման ծանրակշիռ խաղացողի մուտքը ԵԱՏՄ լրջօրէն կաւելացնի կազմակերպութեան դերն ու սրա տնտեսական ու աշխարհաքաղաքական կշիռը, նշանակում է ոչինչ չասել։ Թեհրանի որոշման մասին մի քանի օր առաջ յայտարարեց խորհրդարանի խօսնակ, պահպանողական թեւի ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մէկը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի սիւնակագիր Աշոտ Սաֆարեանը:

Փետրւարի 10-ին, Մոսկւայից Թեհրան վերադառնալով, քաղաքական գործիչը յայտարարեց, որ Իրանը ԵԱՏՄ մտնելու ուղղութեամբ բանակցութիւններ է սկսել, եւ որ այդ ուղղութեամբ նախնական աշխատանքները կը սկսւեն արդէն երկու շաբաթից։ ԻԻՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ 2019 թ․-ի հոկտեմբերին ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագիր էր ստորագրւել։ Բայց հիմա, ինչպէս տեսնում ենք, Իրանը որոշել է աւելի հեռու գնալ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ ինտեգրման գործում։ Եւ եթէ ԵԱՏՄ-ն միշտ դիտարկւում էր որպէս նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրման նախագիծ, ապա Իրանի մասնակցութեամբ այդ միութիւնը դուրս է գալիս սովորական «յետխորհրդային» շրջանակից։

ԵՊՀ իրանագիտութեան ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը կարծում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում առաւել շահագրգռւած են իրանական քաղաքական վերնախաւի պահպանողական շրջանակները։ Նրանք կարծում են, որ այդ կազմակերպութեան եւ մասնաւորապէս Ռուսաստանի հետ տնտեսական յարաբերութիւնները պէտք է խորացնել` օգտւելով նաեւ Հարաւային Կովկասի հաղորդակցութեան ապաշրջափակումից։

«Իրանը ճանապարհների բացումը դիտարկում է որպէս Ադրբեջանով, Նախիջեւանի ինքնավար մարզի տարածքով, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ ուղիղ ցամաքային կապի հաստատման հնարաւորութիւն: Եւ ռուսական կողմն էլ է կարծես շահագրգռւած այդ գաղափարի առաջխաղացմամբ»,- ասաց փորձագէտը Sputnik Արմենիայի հետ զրոյցում։

Նրա խօսքով՝ Իրանի ակնկալիքը ԵԱՏՄ անդամակցութիւնից երկու բաղադրիչ ունի՝ առեւտրատնտեսական կապեր եւ ռազմաքաղաքական համագործակցութիւն: Իրանական կողմի տեսանկիւնից ռազմաքաղաքական բաղադրիչը կարող է իրեն անվտանգութեան մի որոշակի հատւած ապահովել։ Իհարկէ, Իրանի ներսում կան շրջանակներ, որոնք դէմ են ԵԱՏՄ անդամակցութեանը, բայց պահպանողական թեւում հիմնականում դրական են տրամադրւած։

ԵԱՏՄ անդամակցութիւնը Իրանին թոյլ կը տայ որոշ չափով չէզոքացնել ամերիկեան պատժամիջոցների հետեւանքով կրած վնասները, հակակշռել Վաշինգտոնի պատժամիջոցային քաղաքականութեանը, ամերիկեան վարչակազմին ստիպել աւելի ճկուն լինել, մասնաւորապէս միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւններում։

Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին Հայաստանին ձեռնտու է տնտեսական արտօնութիւնների եւ տարանցիկութեան հնարաւորութիւնների տեսանկիւնից։ Հարաւային հարեւանը Հայաստանի հետ կը յայտնւի միեւնոյն տնտեսական միութիւնում, եւ այդ իրադարձութեան նշանակութիւնը դժւար է գերագնահատել։

Ռուս քաղաքագէտ Անդրէյ Արեշեւն էլ կարծում է, որ Իրանի այդ քայլը միանգամայն տրամաբանական է թւում՝ հաշւի առնելով ԱՄՆ-ի մշտական ճնշումը եւ տնտեսութեան, մասնաւորապէս էներգետիկ ոլորտում առկայ մի շարք խնդիրները։

«Միանգամայն ակնյայտ է, որ Սպիտակ տան ղեկավարի փոփոխութիւնը որեւէ դրական ազդեցութիւն չի ունենայ այդ խնդիրների վրայ։ Տնտեսական ճնշումը շարունակւելու է։ Եւ այս իրավիճակում Իրանը ջանքեր կը գործադրի Չինաստանի, Հնդկաստանի, ինչպէս նաեւ ԵԱՏՄ-ի հետ փոխշահաւէտ առեւտրատնտեսական համագործակցութեան հաստատման ուղղութեամբ․ վերջինիս հետ, ըստ էութեան, նա ընդհանուր սահման ունի։ Այս քայլը միանգամայն տրամաբանական է, եւ հետագայում ամէն ինչ կախւած կը լինի ԵԱՏՄ կանոնադրական փաստաթղթերով նախատեսւած ընթացակարգերի արագութիւնից»,- ասաց Արեշեւը Sputnik Արմենիայի հետ զրոյցում։

Բնական է, որ անդամակցութեան գործընթացում զանազան հարցեր կառաջանան, ինչպէս եղաւ ազատ առեւտրի գօտու պայմանագրի ստորագրման դէպքում։ Պայմանագրի ստորագրման գործընթացը հեշտ չէր, սակայն կողմերին յաջողւեց համաձայնութեան գալ։ Քաղաքագէտը վստահ է, որ բանակցութիւնների գործընթացում կը յաջողւի հարթել բոլոր սուր անկիւնները, քանի որ հեռանկարներն աւելի գայթակղիչ են, քան անխուսափելի բարդութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։