Հայաստանի տնտեսութիւնը յետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս կարեւոր ազդարարումն արեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրւարի 18-ի կառավարութեան նիստում, ապա մեկնաբանեց. «Փետրւար ամսւայ առաջին 15 օրերի տւեալներով հանրապետութիւնում հսկիչ-դրամարկղային կտրոններով եւ հաշւարկային փաստաթղթերով արձանագրւել է 604 հազար գործարքով աւելի, քան նախորդ տարւայ փետրւարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառութիւնը նախորդ տարւայ փետրւարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով»:
«alikonline.ir»- Հայաստանի տնտեսութիւնը յետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս կարեւոր ազդարարումն արեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրւարի 18-ի կառավարութեան նիստում, ապա մեկնաբանեց. «Փետրւար ամսւայ առաջին 15 օրերի տւեալներով հանրապետութիւնում հսկիչ-դրամարկղային կտրոններով եւ հաշւարկային փաստաթղթերով արձանագրւել է 604 հազար գործարքով աւելի, քան նախորդ տարւայ փետրւարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառութիւնը նախորդ տարւայ փետրւարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով»:
Նիկոլ Փաշինեանը նաեւ յիշեցրեց՝ 2020թ. փետրւարին Հայաստանի տնտեսութիւնը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։
Ի լրումն ասւածի՝ ՊԵԿ նախագահ Էդւարդ Յովհաննիսեանն էլ յաւելեց ՝ դրամաշրջանառութեան գրանցած 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրութեան եւ ծառայութիւնների մատուցման, իսկ արձանագրւած աւելի քան 604 հազար գործարքները հաւասարապէս վերաբերում են ներկայացւած ոլորտներին նոյն համամասնութեամբ:
Նիստի ընթացքում դիտարկում արեց նաեւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը՝ նկատելով. «Գիտենք, որ շատ տիպի սպառումներ՝ հարսանիքներ, միջոցառումներ եւ այլն, յետաձգւած են եղել, եւ հիմա, այսպէս ասած, կուտակւած պարտքերն են մարւում: Պէտք չէ թուլացնել աջակցութիւնը, որը յատկացնում ենք տնտեսութեանը՝ մինչեւ համոզւած լինենք, որ կայուն վիճակում ենք գտնւում»:
Վերջինին Նիկոլ Փաշինեանն արձագանքեց, որ նոյնիսկ կայուն վիճակում կառավարութիւնը չի դադարեցնում տնտեսութեանն աջակցելը:
Ինչ խօսք, յուսադրող թւեր են ու տպաւորիչ փաստեր, սակայն հասարակ քաղաքացիների համար անհասկանալի է, թէ ինչպէս է՝ տնտեսութիւնը մտնում է վերականգնման փուլ, իսկ իրենց եկամուտներն այդպէս էլ չեն վերականգնւում, գնաճն ու գործազրկութիւնն ամէն օր աւելի ու աւելի զգալի է դառնում:
ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը «168.am»-ի խնդրանքով մեկնաբանել է Կառավարութեան նիստում հնչեցված վերլուծութիւնը, եւ դրա ազդեցութիւնը հասարակ մահկանացուների վրայ:
Նա դրանք որակել է շոուներ՝ նկատելով, որ մեր տնտեսութիւնն իրականում խորը ճգնաժամի մէջ է.
«Նոյն շոուն է, եւ նորից նոյն գործիքակազմով, այսինքն՝ վկայակոչում են, փաստօրէն, նորից ՀԴՄ-ներ, գործարքի թւեր, կարճ ասած՝ դիսկրետ մէկ-երկու ինչ-որ ցուցանիշ են վերցնում, եւ փորձում են դրա վրայ կառուցել իրենց մանիպուլիատիւ խօսքը եւ ներկայացնել հանրութեանը:
Հիմա այսպիսի իրավիճակում խօսում են եւ ինչ-որ թւեր են ներկայացնում: Նկատենք՝ ստւերի կրճատումն ինքնին տնտեսական աճ չէ, այսինք՝ ակնյայտ է, որ այդ ձախողումների հետեւանքով ՀՆԱ-ն կրճատւում է, կրճատւում են հարկային մուտքեր, եւ նորից յարձակւել են փոքր եւ միջին բիզնեսի վրայ: Այսինքն՝ նորից այդ վարչական միջոցներով, գործիքներով, որպէսզի նորից քերեն-տանեն հարկեր, բայց դա ի վերջոյ հարցի լուծում չէ. հարկային մուտքերը ոչ թէ միայն պէտք է բարձրացնեն, այլ պէտք է խթաններ ստեղծեն տնտեսութիւնը զարգացնելու համար»:
Առհասարակ տնտեսական իրավիճակին անդրադառնալով՝ տնտեսագէտը մի քանի ահազանգող միտումներ արձանագրեց.
«Մենք գնում ենք դէպի ստագֆլացիա, երբ գնաճն ու գործազրկութեան աճը տեղի է ունենում միաժամանակ: Ընդհանուր առմամբ, դրանք հակառակն են լինում, այսինքն՝ եթե գնաճ կայ, գործազրկութեան մակարդակը որոշակիօրէն զսպում է, եւ հիմա մենք ունենք փաստացի այդ երկու խորքային երեւոյթների միաժամանակեայ դրսեւորում:
Գնաճ, գործազրկութեան աճ եւ ՀՆԱ-ի շարունակւող անկման ֆոն. Պարզ է, որ սա նաեւ մարդկանց վրայ ունի ուղղակի ազդեցութիւն»:
Տնտեսագէտի համոզմամբ՝ կառավարութիւնը մանիպուլիացիաներով ձգտում է մէկ օր աւել ձգել իշխանութիւնը, ու ըստ նրա՝ հէնց դրանով է պայմանաւորւած նաև կառավարութեան նիստերին նման ցուցանիշների կամ բանավէճերի, քննարկումների հանրայնացումը.
«Ամէն անգամ կառավարութեան նիստերին ինչ-որ մի սցենար են պատրաստում, որոնցով հարիւրերորդական ինչ-որ ցուցանիշներ են բերւում՝ դրանց շուրջ փորձելով ինչ-որ երկարաժամկէտ տեսլական կառուցել. սա պարզ պոպուլիզմի դրեւսորում է եւ նոր չէ. սկսած վարչապետի «100 փաստերից» եւ իրենց ծրագրից, որով կառավարութիւն ձեւաւորեցին եւ վերցրին իշխանութիւնը, մինչեւ իւրաքանչիւր կառավարութեան նիստ, իսկ իրական խնդիրները նոյնիսկ չեն բարձրաձայնւում:
Բայց գիտէք, ջայլամի նման գլուխը գետնի տակ մտցնելով՝ միեւնոյն է, խնդիրը չեն լուծելու. այդ խնդիրները կան, ամէն օր խորանում են՝ գնաճը՝ մեր աչքի առաջ, մարդիկ կորցնում են աշխատանքը՝ նոյնիսկ պաշտօնական վիճակագրութեամբ է դա արձանագրւում:
Եւ իրականում գիտէ՞ք ինչ է ստացւում՝ սպասէք ճիշտ հակառակը նրա, ինչը որ խօսք են տւել. այն խոստումները, որ տւել են եւ այդ ականջահաճոյ ձեւակերպումներով դրել են իրենց ծրագրի մէջ, ամէն օր մենք իրականում դրա ճիշտ հակառակն ենք արձանագրում:
Իմիտացիա են անում ինչ-որ բանավէճի, ինչ-որ անհանգստութեան, բայց եթէ նկատած լինէք, միշտ վարչապետը մեղադրողի դիրքերում է, ինչ-որ աւելի մտահոգի, եւ, ի վերջոյ, սկզբում դրսում են մեղաւորներ փնտրում, հիմա էլ՝ արդէն, քանի որ դրսի այդ շրջանակը փոքրացել է, եւ մարդիկ չեն հաւատում, սկսել են ներսում այդ մեղաւորներ գտնելու օպերացիան իմիտացնել. միշտ ճիշտը վարչապետն է հիմա արդէն, մեղադրում է նախարարներին, տարբեր առիթներով՝ կարծես թէ իր բերած իշխանութիւնը չի, իր դրած սկզբունքները չեն, կարծես թէ իր դաւաճանական հետեւանքները չեն»: