«Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը ժամանակաւորապէս դադարեցւած է, որը պայմանաւորւած է հիմնական սարքաւորանքների կապիտալ նորոգման անհրաժեշտութեամբ: Դա անհրաժեշտութիւն է հետագայ աշխատանքը շարունակելու համար:
«alikonline.ir» - «Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը ժամանակաւորապէս դադարեցւած է, որը պայմանաւորւած է հիմնական սարքաւորանքների կապիտալ նորոգման անհրաժեշտութեամբ: Դա անհրաժեշտութիւն է հետագայ աշխատանքը շարունակելու համար: Այս մասին Tert.am-ին յայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
Թէ որքան գումար է պահանջւում վերանորոգման համար, ընկերութիւնից փոխանցեցին, որ նախնական արժէքը 16 մլն եւրօ, որը չի փոխհատուցւել կայանից առաքւող էլեկտրական էներգիայի՝ ՀՀ հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի կողմից առաջարկւած սակագներով:
«Բացի այդ, «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով, որպէս գործունէութեան հիմնական ուղղութիւն, դիտարկւում էր կայանից առաքւած էլեկտրական էներգիայի արտահանումը՝ հաշւի առնելով կայանի մեծ հզօրութիւնը (467 ՄՎտ) եւ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի փոքր պահանջարկը: Արտահանման գործունէութիւնը նախատեսւում էր կազմակերպել Իրան-Հայաստան կառուցւող բարձր լարման օդային գծով, որի շինարարութիւնն աւարտւած չէ: Վերոգրեալ օդային գծի բացակայութեան պայմաններում՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնաւոր եւ իր հզօրութիւնների մօտ 30%-ի չափով, ինչը բերել է նշւած գործունէութեան վնասաբերութեան եւ որպէս արդիւնք, մօտ 100.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկի գոյացմանը, ինչպէս նաեւ՝ նորոգում իրականացնելու համար լրացուցիչ 16 մլն եւրօ ներգրաւելու անհրաժեշտութեանը»,- պատասխանել են «Գազպրոմ Արմենիա»-ից։
Հռիփսիմէ Յովհաննիսեան