Հա
14/07/2021 - 12:10

Պարսկահայ Արթուրի հիմնադրած Bentati-ն եւ վարակիչ օրինակ դառնալու ցանկութիւնը

48-ամեայ Արթուր Ջաղասպանեանը երկու տարի առաջ Իրանից տեղափոխւել է Հայաստան ու Աբովեան քաղաքում հիմնել Bentati անձեռոցիկների արտադրութիւնը: Արթուրին պատկանող «Ինթերնեշնլ թրէյդ լինք» ՍՊԸ-ն արտադրում է տարբեր տեսակի անձեռոցիկներ եւ զուգարանի թղթեր:

48-ամեայ Արթուր Ջաղասպանեանը երկու տարի առաջ Իրանից տեղափոխւել է Հայաստան ու Աբովեան քաղաքում հիմնել Bentati անձեռոցիկների արտադրութիւնը: Արթուրին պատկանող «Ինթերնեշնլ թրէյդ լինք» ՍՊԸ-ն արտադրում է տարբեր տեսակի անձեռոցիկներ եւ զուգարանի թղթեր:

Պարսկահայ գործարարն ուզում է իր օրինակը վարակիչ դառնայ աշխարհի տարբեր ծայրերում ապրող միւս սփիւռքահայերի համար, որ նրանք էլ դիտարկեն հայրենիք տեղափոխւելու կամ պարզապէս հայրենիքում արտադրութիւն հիմնելու տարբերակը:

Իրան-Հայաստան

Ծնւել եմ Իրանում, կրթութեամբ հաշւապահ եմ: 27 տարի աշխատել եմ իմ մասնագիտութեամբ, որից 15 տարին եղել եմ Թեհրանում գործող անձեռոցիկի արտադրութեան գործարանի հաշւապահ:

Տարին ամենաքիչը մէկ անգամ Հայաստան այցելել ենք ընտանիքով. այստեղ բարեկամներ չունենք, բայց շատ մտերիմ ընկերներ ունենք: Վերջին տարիներին յաճախ էի մտածում, թէ ինչպէս իմ ներդրումն ունենամ հայրենիքում:

Սփիւռքահայերս այդպիսին ենք՝ որտեղ էլ լինենք, միշտ մտածում ենք՝ գանք հայրենիք ու ներդրում անենք, որպէսզի կարողանանք մեր երկիրը զարգացնել ու կայունացնել, որ մի օր բոլորս Հայաստանում հաւաքւենք:

Պարսկաստանում էլ սփիւռքահայերը շատ յարգւած ու սիրւած են ամէն ոլորտում, մենք մեզ երբեք օտար չենք զգացել այդ երկրում: Բայց վերջին տարիներին ես, կինս եւ աղջիկս շատ ոգեւորութեամբ էինք ուզում տեղափոխւել Հայաստան ու բիզնես սկսել:

Աբովեան

15 տարի թղթի ու անձեռոցիկի մէջ հաշւարկ անելուց յետոյ որոշեցի Հայաստանում հէնց անձեռոցիկի գործարան հիմնել:

Գործարանը 2019 թւականին բացել ենք Աբովեան քաղաքում: Աշխարհի ամենալաւ սարքաւորումներն ենք բերել, որպէսզի ինչ քանակի ուզենանք, արտահանենք:

Այժմ մեր գործարանում աշխատում է 20 հոգի, բայց նման բիզնեսի դէպքում անուղղակի հարիւրաւոր այլ մարդիկ եւս եկամտի իրենց մասն ունենում են:

Որակ

Հումքը ներմուծում ենք Դուբայից, շատ բարձր որակի է: Որակին ու մաքրութեանը մեծ ուշադրութիւն ենք դարձնում. մեր արտադրութիւնը 100%-ով հետեւում է անվտանգութեան եւ հիգիենայի ստանդարտներին:
Արտադրում ենք տարբեր տեսակի անձեռոցիկներ, խոհանոցի թղթէ սրբիչներ եւ զուգարանի թղթեր:

Անձեռոցիկի մօտ 24 տեսակ ունենք՝ տարբեր չափսերի ու դիզայնի: Աշխարհում ինչքան մարդ կայ, այդքան էլ՝ ճաշակ, իսկ ճաշակին ընկեր չկայ: Ուստի որոշել ենք լայն տեսականի ներկայացնել, աշխատում ենք նաեւ սպառողների ճաշակին ընդառաջել, ու որը հաւանում են, դա էլ թողնում ենք շարքի մէջ:

Ոչ թուրքականին

Ով գնել է, երբեւէ դժգոհ չի եղել: Այժմ Երեւանի յայտնի ու մեծ խանութների ցանցերում ներկայացւած ենք: Ցանցերի հետ մեր կապերն օր օրի շատանում են:

Ի սկզբանէ, մուտքը շուկայ հեշտ չի եղել, բայց երբ ծանօթացել են մեր արտադրանքի որակին, բոլորն էլ համաձայնել են ներկայացնել Bentati անձեռոցիկները:

Մեր շուկայում կան ե՛ւ ներմուծւած, ե՛ւ տեղական անձեռոցիկ արտադրող բրենդներ, մենք բոլորին համարում ենք մեր գործընկերները, ոչ թէ մրցակիցները: Իսկ այսօրւայ շուկայում մեր տեղը փորձում ենք զբաղեցնել մեր որակով:

Մեր որակն, իսկապէս, չի զիջում ժամանակին Թուրքիայից ներմուծւած անձեռոցիկներին, նոյնիսկ աւելի բարձր է, գնային էլ՝ թուրքականից 15-20% ցածր:

Ներկայում թուրքական ապրանքներն արգելւել են ներմուծել, ու դա շատ լաւ որոշում է տեղացի արտադրողներիս համար:

 

Made in Armenia

Սպառողներն էլ պէտք է իրենց հոգեբանութիւնը փոխեն ու նախընտրեն հայկականը, իմանան, որ Bentati-ին արտադրւում է Հայաստանում՝ հայ աշխատողների ձեռքերով:

Գնային առումով եթէ սպառողը կարծում է, թէ գինը բարձր է, թող գոնէ մէկ անգամ գնի ու նայի որակին:

Հիմա նպատակ ունենք մեր արտադրանքն ակտիւ արտահանել, այդ պատճառով էլ միջազգային անւանում ենք ընտրել ընկերութեան համար:

 

Համախմբում

Միշտ ուզել եմ իմ սեփական բիզնեսը հիմնել, որ տասնեակ կամ հարիւրաւոր այլ մարդկանց եւս աշխատանքի հրաւիրեմ ու աջակցեմ ֆինանսական հարցում:

Արտադրութիւն ստեղծելը եւ շարունակելը ցանկացած վայրում ֆինանսական լաւ շրջանառութիւն է երկրի համար: Յուսով եմ՝ շատ սփիւռքահայեր կը գան հայրենիք ու տարբեր ոլորտներում արտադրամասեր կը հիմնեն, որ նոյնիսկ դրսում աշխատող հայերը վերադառնան ու կարողանան իրենց հայրենիքում աշխատել: Իսկ եթէ անգամ չեն ուզում ինձ նման տեղափոխւել Հայաստան, կարող են, պարզապէս, այստեղ աշխատանք ստեղծել ու գալ-գնալ:

 

Ամալի Խաչատրեան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսեանի

Banks.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։