Հա
20/07/2022 - 13:50

«Ռուսական գազի էմբարգոն կարող է ուժեղ հարւած հասցնել Կենտրոնական Եւրոպային»․ ԱՄՀ

Ռուսական բնական գազի էմբարգոն խորը ռեցեսիա կառաջացնի Հունգարիայում, Սլովակիայում, Չեխիայի Հանրապետութիւնում եւ Իտալիայում, եթէ երկրներն այլեւս չհամագործակցեն այլընտրանքային մատակարարումների համատեղ օգտագործման համար, երեքշաբթի յայտարարել է Արժոյթի միջազգային հիմնադրամը: 

«alikonline.ir» - Ռուսական բնական գազի էմբարգոն խորը ռեցեսիա կառաջացնի Հունգարիայում, Սլովակիայում, Չեխիայի Հանրապետութիւնում եւ Իտալիայում, եթէ երկրներն այլեւս չհամագործակցեն այլընտրանքային մատակարարումների համատեղ օգտագործման համար, երեքշաբթի յայտարարել է Արժոյթի միջազգային հիմնադրամը: Գրում է News.am-ը:

Արժոյթի միջազգային հիմնադրամի հետազօտողներն իրենց բլոգում նշել են, որ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դէպքում որոշ երկրներ կարող են բնական գազի իրենց սպառման մինչեւ 40 տոկոս պակաս ունենալ:

Տնտեսական առումով Հունգարիան ամենաշատը կը տուժի նման էմբարգոյից, որտեղ համախառն ներքին արդիւնքը կը կրճատւի աւելի քան 6 տոկոսով, իսկ Սլովակիայում, Չեխիայում եւ Իտալիայում ՀՆԱ-ն կարող է նւազել 5 տոկոսով, եթէ գազի այլընտրանքային մատակարարումները, ներառեալ հեղուկ բնական գազինը, դժւարանան։

Ամբողջութեամբ ինտեգրւած շուկայի աւելի լաւատեսական սցենարի դէպքում տնտեսական վնասը նւազում է՝ Հունգարիայի ՀՆԱ-ն կրճատւում է աւելի քան 3 տոկոսով, Սլովակիայում եւ Իտալիայում՝ աւելի քան 2 տոկոսով, իսկ Չեխիայում՝ գրեթէ 2 տոկոսով:

Գերմանիայի ՀՆԱ-ն կը կրճատւի մօտ 2 տոկոսով՝ աւելի ծանր սցենարի դէպքում, եւ 1 տոկոսով՝ աւելի լաւատեսական սցենարի դէպքում՝ էներգիայի այլընտրանքային աղբիւրների հասանելիութեան եւ սպառումը նւազեցնելու հնարաւորութեան շնորհիւ:

Սակայն Գերմանիայում տնտեսական ակտիւութիւնը 2023 թւականին կարող է կրճատւել 2,7 տոկոսով, իսկ գազի մեծածախ գների աճը 2022 եւ 2023 թւականներին Գերմանիայում կը յանգեցնի ինֆլեացիայի աճի եւս 2 տոկոսային կէտով։

ԱՄՀ-ի հետազօտողները նշել են, որ եւրոպական ենթակառուցւածքները եւ համաշխարհային մատակարարումներն առայժմ յաղթահարում են խնդիրը, քանի որ ռուսական գազի մատակարարումները 2021 թւականի յունիսից նւազել են 60 տոկոսով: Գազի ընդհանուր սպառումը առաջին եռամսեակում, երբ Ռուսաստանը սկսեց իր ներխուժումը Ուկրայինա, հրահրելով Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները, նախորդ տարւայ համեմատ նւազել է 9 տոկոսով, եւ այժմ օգտագործւում են այլընտրանքային մատակարարումներ, յատկապէս համաշխարհային շուկաներից ՀԲԳ, հաղորդում է Reuters-ը:

«Մեր աշխատանքը թոյլ է տալիս ենթադրել, որ կարճաժամկէտ հեռանկարում ռուսական գազի մատակարարումների 70 տոկոսով կրճատումը կարելի է յաղթահարել այլընտրանքային մատակարարումների եւ էներգիայի աղբիւրների հասանելիութեան հաշւին եւ հաշւի առնելով պահանջարի նւազումը՝ նախկինում բարձր գների պատճառով»,- ասում են հետազօտողները:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։